Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Ադրբեջանում ռուսամետ ուժեղ կլանի՞

Օգոստոս 12,2010 00:00

\"\"Վարդան Խաչատրյանն այսպես մեկնաբանեց Ռուսաստանի կողմից միաժամանակ եւ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելը:

«Ժառանգության» նախկին անդամ, այժմ՝ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսի էր եկել ցնցող մի նորությամբ: Նախ, պարոն Խաչատրյանը ասուլիսի եկավ մոտ 15 րոպե ուշացումով, հետո էլ՝ նստել-չէր նստել, հայտարարեց, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը չի գալու Հայաստան: Հասկանալի է, որ այս տեղեկությունը լրագրողներին ուղղակի ապշեցրեց: Այդ ինչպե՞ս եղավ, որ նման հույժ կարեւոր տեղեկությունը հրապարակային է դարձնում հենց Վարդան Խաչատրյանը: Իսկ պարոն Խաչատրյանը, մեր տպավորությամբ, ոչ միայն միտք ուներ այդ տեղեկությունը տարածել, այլեւ՝ դրանից հետո հնչեցնել մտքեր, որոնք, ըստ նրա, խիստ կարեւոր են, օրինակ, ասաց՝ ինչու պետք է գա Մեդվեդեւը, երբ նրա այցից առաջ Հայաստանում հակառուսական արշավ է ծավալվել: Պարոն Խաչատրյանը կարծում է, որ լրատվամիջոցներն անարդար պայքար են սկսել այն բանի դեմ, որ ՌԴ-ն զենք է մատակարարել նաեւ Ադրբեջանին: «Առավոտը» փորձեց հասկանալ պարոն Խաչատրյանի դիրքորոշումը եւ հարցրեց՝ ինչպես է բացատրում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը միաժամանակ զենք է հանձնում եւ Հայաստանին եւ նրա հակառակորդ Ադրբեջանին:
Ի պատասխան պարոն Խաչատրյանն ասաց. «Եթե դա դիտարկենք որպես տնտեսական գործարք, ըստ էության, դրանք տնտեսական գործառույթներ են: Իսկ նշանակությունը՝ բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչպիսի զինատեսակներով է զինված երկիրը, դրանով պայմանավորված է նրա պաշտպանունակության մակարդակը: Ադրբեջանի հետ Ռուսաստանը ունի որոշակի հարաբերություններ, հետեւաբար ունի որոշակի շահեր, որոնք շրջանցելի չեն: Շատ հասկանալի, է, որ Ադրբեջանում գոյություն ունի ռուսաստանամետ ուժեղ կլան: Այս կլանի հետ հարաբերվելը եւ վերահսկողության որոշակի դաշտում պահելը ենթադրում է որոշակի զիջում: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանի հետ ՌԴ-ն ունի որոշակի սպեցիֆիկ հարաբերություններ: Իշխանության վրա որոշակի վերահսկողություն ունեցող ադրբեջանական առավել ուժեղ կլաններից մեկը պրոռուսական է, որով էլ պայմանավորված էին նաեւ հակաթուրքական որոշակի քայլերը Ադրբեջանում, եթե հիշում եք՝ դպրոցների, ուսանողների հետ կապված հարցերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել