Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

Օգոստոս 12,2010 00:00

\"\"Ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ վերջերս հանդիպած Սուրեն Սուրենյանցը

«Առավոտի» երեկվա խմբագրականի առանցքը մեր երկրի տարբեր ոլորտներում ու քաղաքական, հասարակական մակարդակներում տիրող «քառակուսիացման» դրսեւորումներն էին: «Քառակուսի» բառով սովորաբար որակվում են մարդիկ, ովքեր նեղ մտահորիզոն եւ կաղապարված մտածելակերպ ունեն, իրենց քթից հեռուն չեն տեսնում ու տեսնել էլ չեն փորձում, որովհետեւ դա նրանց տրված չէ: «Քառակուսի» են կրոնավորների, իշխանության, բայց նաեւ հայրենի ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, որոնք քաղաքականության մեջ առաջնորդվում են կաղապարված այս նշանաբանով՝ ով մեզ պես չի մտածում, նա հիմար է, դավաճան կամ իշխանությունների «ագենտ»: Հենց այդպիսի «քառակուսիացված» մոտեցումների ականատեսն ենք մենք հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երբ ընդդիմադիր գործիչներից մեկը, ով հայտնի է իր՝ ընդդիմության որոշ գործիչներից տարբերվող տեսակետներով ու մոտեցումներով, անշրջահայաց եղավ ու իր բլոգում անկեղծացավ, թե բանակում տեղի ունեցած միջադեպերից հետո ինքը հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ու վերջինս էլ մտահոգված է եղել այդ միջադեպերի առնչությամբ: Սա բավարար պայման էր, որ ռեժիմին քննադատելուց ու արտահերթ ընտրությունների թեման շոշափելուց հոգնածները լայնամասշտաբ արշավ սկսեն այդ գործչի՝ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ: Ընդ որում, դա արվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլեւ ընդդիմադիր մամուլում, որտեղ մարդիկ ասպետ չեն ու պատրաստ են գոտկատեղից ցածր հարվածելուն, ասենք՝ հիշեցնելով, որ «Սուրենյանցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաշխարհային սուտի աղաղակ էր բարձրացրել, թե ինքը կորցնում է տեսողությունը»: Մի «մեղադրանք», որը, թերեւս, կարելի է ուղղել նաեւ վերջերս կալանավորված երիտասարդներից ու նախկին քաղբանտարկյալներից մի քանիսին, որոնք նույն այդ պատճառաբանություններով մեկուսարաններից ազատ արձակվեցին, բայց որոնց նման մեղադրանք չառաջադրվեց:
Այս անընդունելի արշավի շուրջ փորձեցինք զրուցել հենց Սուրեն Սուրենյանցի հետ, որը երկար ժամանակ դիմադրում էր:
– Երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ձեր մասնավոր հանդիպումից հետո այդ փաստի մասին գրեցիք ձեր բլոգում, կանխատեսո՞ւմ էիք, որ դրա շուրջ այսքան բուռն իրարանցում է սկսվելու, դուք դավաճան եք որակվելու:
– Անկեղծ ասած՝ չէի սպասում, որովհետեւ մինչեւ այդ էլ բազմաթիվ անգամ գործադիր իշխանության, իշխանական բազմաթիվ պատգամավորների հետ շփվել եմ ոչ միայն ես, այլեւ ընդդիմության այլ ներկայացուցիչներ եւս, ու դրա մասին ընդդիմադիր դաշտում տեղյակ են եղել: Չէի սպասում, մանավանդ որ բանակում տեղի էին ունեցել միջադեպեր, եւ բազմաթիվ քաղաքացիներ մտահոգ էին դրանցով: Ես դիմել եմ ՊՆ նախարարի ընդունարան, արձագանք եղել է, գնացել, հանդիպել եմ, ասել եմ իմ կարծիքը, լսել նրանը: Ինձ զարմացրեց դրան հետեւած արձագանքը նաեւ այն իմաստով, որ բազմաթիվ զրույցներում ՀԱԿ բազմաթիվ գործիչներ, գոնե, մինչեւ այդ հանդիպումը, Սեյրան Օհանյանի մասին բացասական կարծիքներ գրեթե չեն հայտնել: Հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդ հանդիպումը դարձավ քննարկումների, շահարկումների թեմա: Առավել եւս ինձ զարմացնում է, որ շահարկումները տեղի են ունենում սոցիալական ցանցերում, որտեղ մարդիկ, թվում է, շատ ավելի տեղեկացված ու առաջադեմ գաղափարների կրող են:
– Չեք կարծո՞ւմ, որ իրարանցման պատճառը ոչ այնքան այդ հանդիպումն էր, որքան նախարարին պաշտպանելու ձեր փորձը:
– Ես ամենեւին էլ Սեյրան Օհանյանին չեմ պաշտպանել: Ես պաշտպանել եմ այն ինստիտուտը, որը կոչվում է ՀՀ բանակ, որին, ի դեպ, հարվածել չեն ուզում շատ ու շատ գործիչներ: Նախարարի հետ հանդիպելու շարժառիթն ինձ համար երեքն էր. երբ նախկինում ասվում էր, թե մենք արդյունաբերություն չունենք, գյուղատնտեսության նախարարություն կամ ոստիկանություն չունենք, դա ինձ բացարձակապես չէր հուզում: Բայց երբ վերջին միջադեպերից հետո հասարակության մեջ կարծիք ձեւավորվեց, թե մենք բանակ չունենք, մանավանդ հաշվի առնելով Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու հանգամանքը, նման հասարակական տրամադրությունն ինձ մտահոգեց  ու ես ցանկացա անձամբ նախարարին հայտնել իմ մտահոգությունների մասին: Երկրորդ, բանակը ես համարում եմ երջանկահիշատակ Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի թողած ամենակարեւոր ժառանգություններից մեկը: Եվ եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր քաղաքական առումով դեռ կողմնորոշված չեն, ապա ինձ համար ինքնանպատակ ընդդիմանալն ու բարձրագոչ հայտարարություններ անելն ընդունելի չէ: Ես ցավով եմ վերաբերվում այն արձագանքներին, որոնք վերաբերում են բանակին, որի ձեւավորմանը գործուն մասնակցություն է ունեցել Վազգեն Սարգսյանը, ու ես դիտորդի կարգավիճակով դրան հետեւելը համարել եմ սխալ: Եվ երրորդ. ես նախարարին, այնուամենայնիվ, համարում եմ կառավարության կաբինետի ամենապարկեշտ նախարարներից մեկը, որի ձախողման համար ես ամենեւին էլ ուրախ չեմ լինի:
– Բայց երեկ թերթերից մեկը նկատել էր, թե այդ նույն Սեյրան Օհանյանը «Մարտի 1»-ն իրագործողներից մեկն է եղել:
– Այդ դիտարկումն արել էր ընդդիմադիր մի թերթ, որը «Մարտի 1»-ի գլխավոր պատասխանատուին թողած փորձում է այլ պատասխանատուներ փնտրել: Մինչ այդ բոլորը, նաեւ այդ թերթը, միաբերան ասում էին, որ «Մարտի 1»-ի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, որը բանակը ներքաղաքական գործընթացներին միջամտելու հրաման է տվել: Հիմա հանկարծ, Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, Ռոբերտ Քոչարյանի գործոնը մոռանալով, խոսում են նախարարի դերակատարության մասին: Ես ամենեւին էլ Սեյրան Օհանյանի պաշտպանի հանձնառություն չունեմ: Ես խոսել եմ եւ կարծիք եմ հայտնել միայն միջադեպերի մասին: Ինձ մեղադրում են, որ նախարարի հետ հանդիպել եմ քաղբանտարկյալների առկայության պայմաններում: Ես չէի գնացել «Մարտի 1»-ի կամ քաղբանտարկյալների հարց քննարկելու, մանավանդ, որ հայտնի է՝ քաղկալանավորների հարց Հայաստանում լուծում է մեկ մարդ, եւ նրա անունը Սերժ Սարգսյան է, ուստի՝ Սեյրան Օհանյանի հետ այդ խնդիրը քննարկելը աննպատակ ու անարդյունավետ, նաեւ ժամավաճառություն կլիներ: Մյուս կողմից, ես չեմ հանդիպել որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ ու հետեւաբար՝ այդ թեմաները քննարկելու մանդատ չեմ ունեցել: Ես գրեթե համոզված եմ, որ սոցիալական ցանցերում իմ դեմ արշավը կազմակերպված է ոչ թե ՀԱԿ-ի, այլ Կորյունի գրասենյակի նոմենկլատուրայի կողմից, որն իր որակով ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանի շրջապատից: Իմ շուրջ եղած այս բանսարկությունները շատ բնական եմ համարում, որովհետեւ հայտնի պատճառներով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը նվազել է, մարդիկ պատրաստվում են հերթական ընտրությունների, ու ՀԱԿ-ի տարբեր տրամաչափի գործիչներ ուզում են լիդերության խնդիր լուծել:
Ուզում եմ նաեւ շեշտել, որ նախկինի նման ինձ համար խորթ են մնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգն ու բարքերն, ու իմ պնդումները որեւէ առնչություն չունեն սկզբունքների փոփոխության հետ: Ինձ համար ցավալի է, որ ընդդիմությունը, պայքարում է ազատության արժեքների համար, բայց նույն այդ ընդդիմության նոմենկլատուրան ապրում է այն նույն արժեքներով, որոնք բնորոշ են իրենց իսկ կողմից քննադատվող Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Իմ պնդումները որեւէ կերպ չեն առնչվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ինձ համար հեղինակություն է եւ դուրս է որեւէ քաղաքական քննարկումից:
Ի դեպ, նախարարի հետ հանդիպումից հետո ես խոսել եմ մեր կուսակցության անդամների հետ, երեկ նաեւ նախագահ Արամ Սարգսյանի հետ, որն այդ հանդիպման մեջ որեւէ խնդիր չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել