Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԶՎԵԼ Է ԱՅԴ ԽԱՐԻԶՄԱՏԻԿՆԵՐԻՑ»

Օգոստոս 12,2010 00:00

\"\"ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ճիշտը գաղափարի եւ ոչ թե անձի ետեւից գնալն է

– Ընդդիմության մի թեւը, ՀԱԿ-ը նկատի ունեմ, խնդիր է դնում՝ փոխել կյանքը, դուք՝ դաշնակցությունը, եւս որպես ընդդիմություն այդ խնդիրն եք դնում, ուրեմն ինչո՞ւ չեք համագործակցում, ինչու միասնաբար չեք գնում դեպի այդ նպատակը, եթե բոլոր ընդդիմադիր ուժերի ուզածը հենց դա է:
– Ամբողջ պրոբլեմն այն է, թե ինչի շուրջ միավորվել: Այ, եթե դու միավորվում ես կոնկրետ ծրագրի շուրջ, ասենք՝ երկիրը երկիր դարձնելու ինչ-որ ասպարեզում խնդիր ես տեսնում՝ սոցիալական հարցեր, գյուղացիություն եւ այլն, սրանց շուրջ համատեղ ծրագիր եւ այդ համատեղ ծրագրի իրականացում, ինչու չէ՝ խնդրեմ: Պարզ օրինակ եմ բերում, մենք, օրինակ, «Ժառանգության» հետ մշակել ենք «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ մեր առաջարկությունները եւ դրանք ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով: Այսինքն՝ անհնարին չի, մենք «Ժառանգության» հետ էլ, չէ՞, ունենք բազմաթիվ տարաձայնություններ, բայց՝ ընդհանուր ծրագրի շուրջ միշտ պատրաստ ենք աշխատել: Կոնգրեսի պարագայում՝ նրանց չեն հետաքրքրում այդ ծրագրերը: Նրանց մի բան է հետաքրքրում՝ կամաց-կամաց, հարց առ հարց բերել նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միասնական օպոզիցիայի շեֆ լինի: Էդ մենք չենք ընդունի:
– Ինչո՞ւ:
– Ինչի՞ չենք ընդունի, կարծում եմ, հասկանալի է: Նրանց բոլոր առաջարկություների տակ դա է դրված՝ որ ուրիշներն իրենց միանան: Պարզ օրինակ բերեմ՝ օտարալեզու դպրոցների հարցը: Փողոցում կանգնածների՝ Մելիք-Ադամյան շենքի մոտ (այն օրերին, երբ քննարկվում էր օտարալեզու դպորցների հարցը, ԱԺ նիստերը ընթանում էին կառավարության նիստերի դահլիճում- Մ. Ե.), մեծ մասը դաշնակցականներ էին: Դահլիճում կռիվը տալիս էր դաշնակցության խմբակցությունը: Բայց կոնգրեսականներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, որ իրենք են անում եւ դեռ ասում էին՝ ինչո՞ւ մեր պայքարում մեզ չեք միանում: Այսինքն, խոսել այն մասին, որ իրենք կարող են մեզ միանալ, իրենց համար բացառված է, չի էլ քննարկվում: Իրենք միշտ ուզում են, որ մենք իրենց միանանք՝ ինչո՞ւ, որովհետեւ իրենց լիդերը Տեր-Պետրոսյանն է, եւ իրենց պետք է, որ Տեր-Պետրոսյանը դառնա համընդհանուր լիդեր: Ականջները կտեսնի, դա չի տեսնի:
– Մտավախություն կա, որ պայքարի ինչ-որ մի պահի դաշնակցությունը կրկին կգնա կոմպրոմիսի եւ ամեն ինչ կմտցնի նույն շրջապտույտի մեջ: Մանավանդ, ձեզ որպես ընդդիմություն չեն էլ ընկալում:
– Պետք է անկեղծ լինել՝ այո, մենք որպես ընդդիմություն այս պահին դեռ թարմ ենք, նոր ենք, դեռ չենք արմատավորվել հասարակության պատկերացումների մեջ որպես ընդդիմություն: Այո, դեռ չեն ընկալում, հասկանում եմ, այստեղ կա մտածելակերպի իներցիա, այստեղ կա մեր դեմ հմտորեն վարվող քարոզչություն, թե իշխանության եւ թե ռադիկալ ընդդիմության կողմից եւ այստեղ կա նաեւ երրորդը՝ մեր մեղքը: Այս ամենը կա, եւ մենք, լինելով ընդդիմություն արդեն մեկուկես տարի, դեռեւս չենք արմատավորվել որպես այդպիսին: Բայց մենք կարող ենք ասել՝ արդեն մեկուկես տարի եւ կարող ենք ասել՝ դեռ մեկուկես տարի: Այդ մեկուկես տարին հենց այդ լճացած պայմաններում էր: Չմոռանանք, որ այս ամբողջ ընթացքը ներքին կյանքի չափազանց դանդաղ ընթացքի պայմաններում էր, դրա համար էլ բնական է, որ մենք դանդաղ ենք արմատավորվում: Բայց մենք մեր քայլերը անընդհատ եւ անընդհատ կատարելու ենք, եւ, վստահ եմ, գալու է այն պահը, երբ հենց մենք կընկալվենք այդ ընդդիմությունը: Մի բանի մասին եւս՝ մեր հասարակությանը բացարձակապես պետք չի լինի խարիզմա: Հայաստանը զզվել է այդ իբր խարիզմատիկ լիդերի գաղափարից: Մեկ լիդեր, եւ մտածում են՝ վայ էս ինչ լավ մարդ է, ետեւից գնանք: Հերիք է այդ էշությանը տուրք տալ: Մինչեւ մեր ժողովուրդը չսովորի, որ պետք է գնա ոչ թե մարդու ետեւից, այլ՝ գաղափարի, անընդհատ սխալվելու է, անընդհատ տառապանքների մեջ է լինելու, որովհետեւ անընդհատ ընտրելու է անարժաններին, անընդհատ գնալու է մարդկանց ետեւից, որոնք վճռական պահին իրենց կլքեն, կգնան իրենց դղյակը եւ կասեն՝ եկեք ինձ պետական պաշտպանություն ապահովեք, իսկ դու, ժողովուրդ, այնտեղ կռվիր իմ շահերի համար: Միշտ այս սխալը մեր ժողովուրդը թույլ է տալիս: Կարծում եմ, ժամանակն է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Գուցե ոչ շատ կտրուկ, բայց այդ մոտեցումները, որոնք միշտ մեզ հարազատ են եղել, արդեն հասարակության համար ուղղակի անհրաժեշտություն են: Այդ «ուժեղ անհատները»՝ բանակում, կառավարութան մեջ, ընդդիմության մեջ եւ այլ տեղերում, միշտ ավելի շահագրգռված են սեփական իշխանությամբ, քան ժողովրդի բարօրությամբ: Եվ ժողովուրդը պիտի հասկանա՝ ուժեղ անհատը հարցի լուծում չէ, հարցի լուծումը օրենքը բոլորի վրա տարածելն է, ուժեղ անհատը դա չի կարող անել, որովհետեւ ինքն իրեն այդ օրենքից դուրս է դրել, ուրեմն՝ ոչ միայն իրեն, իր բարեկամներին, իր ընկերներին, իր թիկնապահներին, իր զինակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել