Չորեքշաբթի երեկոյան Երեւանի կոնսերվատորիայի մերձակա այգուց մեկնարկեց «հեծանվաBOOM» ակցիան՝ բնապահպան ակտիվիստների հեծանվարշավը, որը կազմակերպել են Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն ու «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:
Խմբի անդամները հեծանիվներով շարժվել են դեպի օդանավակայան՝ հանրահայտ սփյուռքահայ երաժիշտ, System of a Dawn խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին դիմավորելու։ Ռոք երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում՝ նկատի ունենալով այն,
որ վերջինս իր երաժշտության
մեջ հաճախ է անդրադառնում բնապահպանության թեմային։
Բացի այդ, այս տարեսկզբին Թանկյանն աջակցություն էր
հայտնել Թեղուտի պաշտպանության խմբին։ Բնապահպաններն ասում էին, որ Թանկյանին դիմավորելու են ոչ թե միայն որպես երկրպագուներ, այլեւ՝ որպես համակիրներ։ Նրանք հավատում են, որ Սերժ Թանկյանի ձայնը լսելի կլինի նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումը արտոնած կառավարության
համար, առավել եւս, որ Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսյանը հայտնի է որպես ռոք երաժշտության երկրպագու, եւ Թանկյանի
համերգն էլ այսօր անցնելու է հենց նրա հովանու ներքո: