Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմային չորրորդ տեղում

Օգոստոս 11,2010 00:00

Սարաեւոյում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Առաջինը մեր տղաներից պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: Հաջորդ օրը նրա հաջողությունը կրկնեցին Տիգրան Աբրահամյանը (54 կգ) եւ Կարապետ Չալյանը (63 կգ): Տիգրանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը եւ մտավ եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում մեր մարզիկը 0:11 հաշվով զիջեց ադրբեջանցի Ռաշադ Շուքյուրովին: Իսկ Կարապետը եզրափակչում միավորների 0:2 տարբերությամբ պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Ֆիրուզ Ցուլուկիձեին:
Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալի արժանացավ 46 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, որը կիսաեզրափակչում տանուլ տվեց նույնպես ադրբեջանցի մրցակցին, իսկ երրորդ տեղի համար պայքարում հաղթեց ռումինացի Անդրե Վասիլ Դուդային:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը գրավեց 4-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն առաջին տեղը գրաված Ռուսաստանին եւ նրան հաջորդած Ադրբեջանին ու Վրաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել