Լեհաստանում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը թեւակոխեց վճռական փուլ: Վեցերորդ տուրում մեր տղաներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրայր Սիմոնյանը առավելության հասան, համապատասխանաբար, Անվեշի (Հնդկաստան) եւ Դիմիտրովի (Բուլղարիա) նկատմամբ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Կանադան ներկայացնող Փանջավանիին: Յոթերորդ տուրից առաջ մեր տղաներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն է: Նա 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: Հրայր Սիմոնյանը 3,5 միավորով 47-րդն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 63-րդը (3,0 միավոր):
Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ Անի Խանամիրյանը կրկին անհաջողության մատնվեց: Նա սեւ խաղաքարերով զիջեց ուկրաինուհի Իրինա Անդրեյկոյին եւ 2,5 միավորով ընթանում է 52-րդ տեղում: