Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՞

Օգոստոս 11,2010 00:00

Անգամ մարզական միջազգային ֆեդերացիաներում ու կազմակերպություններում

Բոլորովին վերջերս հայ մարզասերները զարմանքով տեղեկացան, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) 2011թ. աշխարհի առաջնության անցկացումը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր, ավելի վաղ մրցավայր ընտրված Հարավային Կորեայի հրաժարվելուց հետո վստահել է Բաքվին: Ինչպե՞ս է դա կատարվել: Սինգապուր մեկնելու նախորդ օրը ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Պարոն Գաբրիելյան, նման կարեւորագույն որոշումները կայացվում են գործկոմի նիստերում: Իսկ որքան տեղյակ ենք, Մարոկկոյում կայացած ԱԻԲԱ-ի գործկոմը հարեւան երկրին տվել էր 2012 թվականի միակ վարկանիշային մրցաշարը:
– Այո: Այդ մրցաշարին հավակնում էինք նաեւ մենք: Գործկոմի նիստում թեեւ բոլոր անդամները մեզ էին մատնացույց անում՝ 2009-ին Երեւանում անցկացված աշխարհի պատանիների առաջնությունը գերազանց մակարդակով կազմակերպելու համար, սակայն, միեւնույն ժամանակ ասում էին, որ Բաքուն ներկայացրել է բոլորից լավ առաջարկներ: Ու, ինչպես ասում են, փողը խեղդեց, եւ այդ վարկանիշայինը վստահվեց նրանց: Իսկ ինչ վերաբերում է արդեն աշխարհի առաջնությունը Ադրբեջան տեղափոխելուն, Մարոկկոյից վերադառնալուց մի քանի օր անց, երբ մտանք ԱԻԲԱ-ի կայք, անակնկալի եկանք, որ աշխարհի առաջնությունն արդեն տրվել է Բաքվին:
– Փաստորեն, ԱԻԲԱ-ն որոշումը կայացրել է արդեն գործկոմի նիստից հետո՞:
– Այո: Եվ վատն այն է, որ դա արվել է առանց մեզ ու մյուսներին տեղյակ պահելու: Ավելին ասեմ: Երեւում է, որ նման գործելակերպը ԱԻԲԱ-ի համար ավանդույթ է դառնում: Փաստորեն, այս անգամ էլ կրկնվեց աշխարհի երիտասարդական առաջնության սցենարը, երբ Ֆրանսիան հրաժարվեց ու նույն կերպ մրցումը տեղափոխվեց Ադրբեջան: Անկեղծ ասած, ԱԻԲԱ-ի հետ կապվելու եւ պարզաբանում ստանալու ժամանակ չի եղել:
– Փաստը կատարված է, ու  որոշումն այլեւս փոխել հնարավոր չէ: Մեր ազգային հավաքականը կմասնակցի՞ աշխարհի առաջնությանը: Ֆեդերացիան ի՞նչ դիրքորոշում ունի:
– Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է անպայման մասնակցել ու ավելի լավ նախապատրաստվելու համար լրացուցիչ միջոցառումներ է մշակում: Մարզական առումով չմասնակցելու իրավունք էլ չունենք, քանի որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղերը օլիմպիական ուղեգրի արժեք ունեն, եւ դա մեր բռնցքամարտիկներից ոմանց հնարավորությունների սահմանում է: Բայց հարցը դեռ պետք է մանրամասն ու բազմակողմանի քննարկվի օլիմպիական կոմիտեում, կառավարությունում:
– Աշխարհի առաջնությանը հաջորդող վարկանիշային միակ մրցումն էլ Բաքվից տեղափոխվել է Ստամբուլ: Դրա մասի՞ն ինչ կասեք:
– Թուրքիան երկար տարիներ պայքարում էր նման մրցում ընդունելու համար, սակայն հաջողության չէր հասնում: Հիմա, երբ նրանց բռնցքամարտի ֆեդերացիայում էլ լուրջ փոփոխություններ են եղել, ԱԻԲԱ-ն որոշել է նրանց իր կողմը գրավել:
– ԱԻԲԱ-ն իր կազմում ստեղծել է պրոֆեսիոնալների յուրօրինակ լիգա: Եվ որքան տեղյակ ենք, Հայաստանի ֆեդերացիային հորդորում է մի քանի բռնցքամարտիկների հնարավորություն տալ մասնակցել (թեկուզ այլ երկրների դրոշի ներքո) կազմակերպվող մրցումներին:
– Դա արվել է, որպեսզի լավագույն բռնցքամարտիկները շուտ չհեռանան պրոֆեսիոնալ ռինգից, հանդես գան իր հովանու ներքո կազմակերպվող այդ մրցումներին, դրամ վաստակեն: Բայց, ի տարբերություն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մյուս վարկածների,  ԱԻԲԱ-ի լիգային մասնակցած բռնցքամարտիկներն օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից չեն զրկվում: Այո, մեզ ասում են, որպեսզի մի չորս հոգու տրամադրենք: Բայց ես նրանց պատասխանել եմ այսպես. Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ ռինգ գործուղելը նշանակում է, որ նրանք վեց-յոթ ամիս պետք է երկրից բացակայեն: Իսկ քանի որ ԱԻԲԱ-ն մեր հարցերը լուծել է այնպես, որ աշխարհի առաջնությունն ու  միակ վարկանիշային մրցաշարը անցկացվելու են Ադրբեջանում եւ Թուրքիայում, երկրներ, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր կառավարությունն ու օլիմպիական կոմիտեն ֆեդերացիայի առջեւ խնդիր են դրել՝ էլ ավելի լավ նախապատրաստվել այդ երկրներում կայանալիք մրցումներին՝ օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել