Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է քիթդ վեր պահած ման գաս»

Օգոստոս 11,2010 00:00

Համոզված է «Նոր ալիք-2010» միջազգային մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը

«Նոր ալիք-2010» միջազգային մրցույթի հաղթող Սոնա Շահգելդյանը երեկվա ասուլիսին ներկայացավ 35 րոպե ուշացումով՝ իր հետ բերելով երեքամյա շնիկին՝ Հիլդային: Նա ողջ ասուլիսի ժամանակ երգչուհու գրկում էր ու անընդհատ լիզում էր միկրոֆոնները: «Կներեք ուշանալուս համար, բայց ես շատ զբաղված էի»,- այսկերպ Սոնան բացատրեց իր ուշացումը:
Մրցույթից գոհ վերադարձած երգչուհին, լրագրողների հետ կիսելով իր տպավորությունները, հայտնեց՝ ուրախ է, որ հաղթել է արդարությունը. «Ես չեմ ամաչում նշել, որ տաղանդավոր երաժիշտ եմ, ու այս մրցույթին ինձնից ուժեղ մասնակից չկար: Ես շատ բարի ու անկեղծ անձնավորություն եմ, նաեւ աստվածավախ ու լիահավատ առ Աստված, ամբողջ ժամանակ աղոթում էի՝ խաչը ձեռքիս, երեւի այսքան մեծ հաջողություններ չէի ունենա, եթե չհավատայի Աստծուն»: Նա մի քանի անգամ շեշտեց, որ իրեն հաղթելու համար ոչ ոք չի օգնել. «Ինձ օգնել է միայն իմ աշխատասիրությունն ու ընտանիքս: Ես շատ աշխատասեր եմ, ու աշխատասիրությունը մի հատ տեսահոլովակ նկարահանելով ցույց չեն տալիս»:
Մրցույթին 50 հազար եվրո շահած երգչուհին ասաց, որ թեեւ շատ է սիրում կենդանիներ, բայց չի պատրաստվում շահած գումարի ուղիղ կեսը նրանց հետ կիսվել. «Շատերը հայտարարում են, թե գումարի կեսը պետք է կենդանիներին տամ, դա բավական մեծ գումար է ու ես չեմ պատրաստվում այդքան տրամադրել, որովհետեւ նախատեսել եմ նաեւ օգնել հիվանդ ու մանկատան երեխաներին, դրանով հպարտ ու խիղճս հանգիստ եմ զգում, իհարկե, որոշակի գումար տալու եմ «Փրկենք կենդանիներին» կազմակերպությանը»: Երգչուհու համար անակնկալ էր մրցույթին հանդիպել նաեւ Ջիվան Գասպարյանին. «Չգիտեի նրա գալու մասին, բայց ինչո՞ւ չգար, տաղանդավոր մարդ է, թող գա ու իրեն ցույց տա»: Սոնայի կարծիքով, ինչքան երգիչը տաղանդավոր է՝ այնքան համեստ է, ինչքան անտաղանդ՝ այնքան ինքնահավան. «Աստղերը երկնքում են, ու չպետք է քիթդ վեր պահած ման գաս, ինչ է՝ թե մի անգամ բեմում երգել ես»: Երգչուհին խոստովանեց, որ մրցույթից հետո՝ Լատվիայում վարպետության դասեր տալու եւ աշխարհով մեկ համերգներ կազմակերպելու լավ առաջարկներ է ստացել. «Առաջարկ եմ ստացել նաեւ Ֆիլիպ Կիրկորովի հորից՝ Պետրոսից, շատ լավ մարդ է: Առաջիկայում համերգ եմ նախատեսել նաեւ Երեւանում»:
Սոնան առանձնապես դժգոհ չէր Հայաստանում արժանացած ընդունելությունից. «Դժգոհ չեմ, չնայած ավելի շատ դիմավորողների էի սպասում՝ 5 հոգի ավել, կամ 5 հոգի պակաս, դե հիմա ոչինչ, կարեւորը իմ կողքին լավ մարդիկ էին ու երեւաց՝ ով է մարդ, ով՝ չէ»: Ս. Շահգելդյանը հայտարարեց, որ հաճույքով Հայաստանը կներկայացներ «Եվրատեսիլին», չնայած համարում է, որ այն քաղաքականացված մրցույթ է, եւ միշտ չէ, որ հաղթողը տաղանդավոր է լինում: Անդրադառնալով «Նոր ալիքին», ասաց, որ, ի տարբերություն այլ երկրների ներկայացուցիչների, ինքը մայրենի լեզվով է ներկայացրել իր երգերը, այսինքն՝ դա չի խանգարել, որ իր շնորհները գնահատեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել