Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ «12-ՐԴ ԳԻՇԵՐ»՝ ԳԴԱՆՍԿՈՒՄ

Օգոստոս 11,2010 00:00

Մի ներկայացումը՝ էրոտիկ, մյուսը՝ ղազանչյանական

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը իր գործունեության ընթացքում մեկ անգամ է անդրադարձել Շեքսպիրին. 1950-ականներին բեմադրիչ Տաճատ Վարդազարյանն իրականացրել է «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգության բեմականացումը: Տասնամյակներ հետո անցյալ՝ 67-րդ թատերաշրջանում թատրոնի խաղացանկում դարձյալ Շեքսպիր էր: Այս անգամ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը բեմադրեց «12-րդ գիշերը»: Ինչպես ժամանակին նշեցին մասնագետները, Ղազանչյանը հավատարիմ է մնացել ուսուցչի՝ մեծանուն Վարդան Աճեմյանի շեքսպիրյան ավանդույթներին:
Ի դեպ, Գյումրիի թատրոնում Աճեմյանի բեմադրած «12-րդ գիշերը» 1944թ. Մոսկվայում ճանաչվել է համամիութենական շեքսպիրյան կոնֆերանսի բարձրակետ:
Կոմեդիայի թատրոնը այս կատակերգությունը ներկայացրեց հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը Գդանսկում անցկացված 14-րդ շեքսպիրյան միջազգային փառատոնում: Մասնակցում էին 16 երկրներից (Ռուսաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, Գերմանիա, Ուկրանիա, Լիտվա եւ այլն) ժամանած թատրոններ: Գդանսկի փառատոնային կայքը բացվում է մեր Կոմեդիայի թատրոնի ներկայացման դրվագով, ինչը խոսում է պարոնյանականների հաջողության մասին: «Առավոտի» հետ զրույցում ասվածը հաստատեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը: Ըստ նրա, բուռն էին արձագանքները. «Մեզ համար կարեւոր էր փառատոնի նախագահ, թատերագետ, շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու բարձր գնահատականը… Մասնագետներին հիացրել էր հատկապես ներկայացման սկզբը եւ ավարտը, որտեղ բեմ է դուրս գալիս Շեքսպիրի խամաճիկը»: Մեր զրուցակիցը խոսեց նաեւ օգոստոսի 1-ին Գդանսկի հայտնի «Վիբրեզ» թատրոնում տեղի հայկական համայնքի շուրջ 50 ներկայացուցիչների մասին. «Լեհական հայ համայնքի ներկայացուցիչները ոգեւորված էին՝ բեմում տեսնելով դերասաններ Մարիամ Ղազանչյանին, Մարիամ Ղազարյանին, Իրեն Աբելյանին, Ավո Խալաթյանին, Բորիս Պեպանյանին, Նարեկ Ներսիսյանին եւ մյուսներին»: Կ. Շահբազյանը նշեց նաեւ, որ, ի տարբերություն հայաստանյան փառատոների, Լեհաստանում միջոցառումները տոմսերով են, օրինակ՝ Գդանսկում դրանք արժեցել են 9-13 եվրո: Մեր ունեցած տվյալներով՝ փառատոնի ծրագրում տեղ է գտել մեկ այլ «12-րդ գիշեր»՝ էրոտիկ լուծումներով: Այս մասին Կ. Շահբազյանն ասաց. «Դա հենց տանտերերի՝ լեհերի բեմադրությունն էր, որի առաջին պատկերում փոթորկից հետո խորտակված նավից հրաշքով ողջ մնացած Վիոլան քայլում էր, դանդաղորեն հանում զգեստը՝ մնալով բոլորովին մերկ… Լեհ հանդիսատեսը ներկայացման այդ կտորը սովորական ընդունեց, մինչդեռ Հայաստանում դա այլ արձագանք կունենար»:
 Իսկ թե ինչո՞ւ թատրոնը միայն անցած տարի ձեռնամուխ եղավ Շեքսպիրի կատակերգություններից՝ «12-րդ գիշերը» բեմադրելուն, տնօրենը հայտնեց, որ դեռեւս 1998թ. Ե. Ղազանչյանը կատարել էր այս ներկայացման դերաբաշխումը, սակայն բեմադրության մեջ ընդգրկված անվանի դերասաններ Մելինե Համամջյանի, Մայիս Կարագյոզյանի անսպասելի մահը թեւաթափ էր արել ստեղծագործական խմբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել