ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սառեցրել է Լիբանանի զինված ուժերին ֆինանսական օգնության եւ 100 մլն դոլարի զենքի հատկացումը: Associated Press-ի մատուցմամբ, հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն այդ որոշումը բացատրել է լիբանանյան բանակի վրա «Հըզբոլլահ» ծայրահեղական շարժման ազդեցության առնչությամբ Միացյալ Նահանգների ունեցած անհանգստությամբ: Վաշինգտոնը մասնավորապես մտահոգված է, որ Լիբանանին հատկացվող ֆինանսական եւ նյութական օգնությունը կարող է ըստ նշանակության չօգտագործվել: Բերմանի ասելով, հանձնաժողովի որոշման վրա ազդել է Իսրայելի եւ Լիբանանի սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ լիբանանցի զինծառայողները կրակ էին բացել իսրայելցի պարեկի ուղողությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած այդ միջադեպի արդյունքում չորս լիբանանցի եւ մեկ իսրայելցի էր սպանվել:
«Մինչեւ մենք այդ միջադեպի եւ Լիբանանի բանակի վրա «Հըզբոլլահի» ազդեցության մասին ավելի շատ բան չիմանանք եւ չհամոզվենք լիբանանցի զինվորականների գիտակից լինելու մեջ, ես չեմ կարող, ողջամիտ լինելով հանդերձ, հավանություն տալ Լիբանանին զենք հատկացնելուն»,- հայտարարել է Հովարդ Բերմանը: