Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտումբաեւան երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել այս տարվա հոկտեմբերի 10-ը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի կառավարության տեղեկատվական կենտրոնը: «Պետության ղեկավար Ռոզա Օտումբաեւան հրամանագիրը ստորագրել է օգոստոսի 10-ի գիշերը, եւ այն արդեն ուժի մեջ է մտել»,- փոխանցել են կենտրոնից: Այդ ընտրությունները տեղի կունենան 2010թ. հուլիսի 27-ին՝ ընդունված հանրաքվեից հետո արդեն ուժի մեջ մտած Սահմանադրության համաձայն: Ըստ այդմ, Ղրղըզստանն անցնելու է կիսախորհրդարանական-կիսանախագահական կառավարման համակարգի. այսուհետեւ ընտրություններում հաղթած կուսակցությունը ձեւավորելու է նախարարների կաբինետ, իսկ նախագահի լիազորությունները էապես սահմանափակված են: Երկրի նոր խորհրդարանն ունենալու է 120 մանդատ, ընդ որում՝ հաղթող կուսակցությունը միայն 65 մանդատ կարող է ստանալ: Ավելի վաղ Ռոզա Օտումբաեւան կարծիք է հայտնել, թե նախընտրական արշավը կարող է բարդ ընթացք ունենալ: Նա ենթադրել է, որ նախընտրական շրջանում իրավիճակը կարող է բաց հակամարտության վերածվել մասնավորապես երկրի հարավում, որտեղ առանց այդ էլ մինչ այս միջէթնիկ բախումներ են եղել: Նա նաեւ կանխատեսել է, թե ընտրությունների արդյունքում որեւէ կուսակցություն ի վիճակի չի լինի խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել: Նրա կարծիքով, որքան շատ կուսակցություններ ներկայացված լինեն խորհրդարանում, այնքան՝ լավ: «Իհարկե, «բարդակ» կլինի, բայց ավելի լավ է լինի խորհրդարանում, քան՝ փողոցում»,- հայտարարել է երկրի նախագահը: