Կամ՝ մտորումներ միասնական քննություններից հետո
Ո՞րն է ընդունելության քննությունների նպատակը… Բոլորը միանշանակ կպատասխանեն՝ բուհ ընդունվելը… Ո՞րն է բուհ ընդունվելու նպատակը:
Այս հարցի մասին կարծիքները, բնականաբար, միանշանակ լինել չեն կարող: Շատերի համար բուհի դիպլոմը ձեւական բնույթ է կրում՝ ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ: Բայց որ մեր հասարակության մեջ շատ քչերն են կարեւորում որակյալ մասնագետ դառնալու ցանկությունը, կարծում եմ, շատերը կհամաձայնեն:
Իսկ ինչպե՞ս ընտրել որակյալ մասնագետ դառնալ ցանկացողին:
Ըստ իս, առաջին հերթին պետք է ստուգել այսօրվա շրջանավարտի, վաղվա որակյալ մասնագետի տրամաբանությունը, գրագիտությունը, արագ եւ ճկուն կողմնորոշվելու կարողությունը, ինտելեկտուալ մակարդակը: Այս չափանիշները մեկ-երկու տարում, կրկնուսույցի մոտ պարապելով հնարավոր չէ ձեռք բերել: Անաչառ պահանջներ ունեցող դպրոցի, որակյալ մասնագետների եւ աշակերտների տքնաջան աշխատանքի շնորհիվ, ուսումնառության արդեն 12 տարիների ընթացքում է միայն հնարավոր դառնալ գրագետ շրջանավարտ եւ ցանկացած տիպի թեստերի եւ քննությունների միջոցով ստանալ բարձր միավորներ: Շրջանավարտը կարող է ունենալ ինտելեկտուալ բարձր մակարդակ, եթե ուսումնառության 12 տարիների ընթացքում կարողացել է հավասարապես յուրացնել դպրոցի բոլոր առարկաների ծրագրային նյութերը՝ զուգորդելով միջառարկայական կապը: Կրթության այս աստիճան ցածր մակարդակը շղթայական մի համակարգ է, որից հատկապես պետք է առանձնացնել կրկնուսույցների հզոր բանակի ավերիչ դերը: Երբ դասախոսները սկսեցին քննությունները կազմակերպել՝ բնականաբար բարդացնելով ծրագրերը, ստիպեցին ծնողներին, որ երեխաներին իրենց մոտ պարապելու տան… Սկսվեց կրկնուսույցների հզոր բանակի հաղթարշավը… հեղինակազրկվեց դպրոցը, դասավանդող ուսուցիչը: Ուսուցիչը սկսեց հիասթափվել ու չաշխատել, աշակերտը եւ ծնողը հույսները դրեցին կրկնուսույցների վրա՝ մտածելով, որ վերջին տարում պարապել կտան, կընդունվեն: Եթե շտեմարանով վարժեցնելով հնարավոր էր ապահովել բարձր թվանշաններ, ապա միասնական քննությունների այս համակարգը այն կբացառի, քանի որ աշակերտը պետք է քննություն տա այն ամենից, ինչ տվել է դպրոցը իրեն տասներկուամյա կրթության ընթացքում՝ համապատասխան կրթական պետական չափորոշիչների:
Աշակերտն էլ, ծնողն էլ կհասկանան, որ միայն բարձրորակ կրթության պայմաններում 12 տարին լիովին բավական է՝ դիմակայելու ընդունելության քննություններից անպակաս բոլոր անակնկալներին: Բայց քանի որ (մեզանից միշտ անպակաս են բայցերը), թեստեր կազմողները նույն կրկնուսույցներն են (թեպետ դա ուղղակի պետք է բացառվեր), որոնք արհեստականորեն բարդացնում են թեստերը, որ միայն իրենց մոտ պարապելու գնան՝ աստղաբաշխական գներով… Չեմ մոռանում երեք տասնյակից ավելի դիմորդ ունեցող թեստերի հեղինակի արտաբերած խոսքը՝ ուղիղ եթերով. «Կպարապեմ այնքան, քանի դեռ ինձ նորմալ չեն վարձատրում»:
Մի՞թե սա մանկավարժի խոսք է: Իսկ եթե քո կազմած թեստը ճակատագի՞ր է արժենում:
Քննությունների ողջ ընթացքում միայն թեստերն էին քննադատում՝ հաշվի չառնելով աշակերտի իրական գիտելիքը: Իսկ ովքեր են այդպիսի ցածր մակարդակի գիտելիքներ հաղորդել մեր աշակերտներին: Իհարկե, ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ ձեռք բերած վայ-մասնագետները: Այժմ մենք քաղում ենք անորակ մասնագետներ պատրաստելու դառը պտուղները: Կրթահամալիրը հայտարարել է բոլոր առարկաների մասնագետների մրցույթ: Նոր դիմած ուսուցիչների 90%-ը (ավելի շատ պետական բուհեր ավարտած) կենսագրությունները գրում է ահավոր տառասխալներով, չսիստեմավորված եւ չհիմնավորված շարադրանքով:
Տարիների իմ փորձը ինձ իրավունք է տալիս մի առաջարկություն անելու՝ ի նպաստ մեր կրթական համակարգի: Ես ուզում եմ համաձայնել այն մտքի հետ, որ այս կրթակարգը աստիճանաբար տանելու է դեպի ընդունելության քննությունների վերացում, որ 12 տարիների ընթացքում որակյալ կրթություն ապահովող կրթօջախի հասունության վկայականը պիտի այցեքարտ հանդիսանա ցանկացած բուհ ընդունվելու համար: Եվ հակառակը, եթե շրջանավարտը չունի այդ վկայականը՝ ավելորդ տեղ չզբաղեցնի արժանավորի փոխարեն: Մեր կրթօջախի օրինակով ուզում եմ վստահեցնել, որ եթե կրթօջախը հիմնադրման պահից որդեգրել է՝ միայն բարձրորակ կրթություն աշակերտներին, «ո՛չ մի մասնավոր պարապմունք» կարգախոսը, պետք է հետամուտ լինի դրա անաչառ, անկողմնակալ եւ օբյեկտիվ իրականացմանը (յուրաքանչյուր քառորդ տրվող ծածկագրված գրավորների անցկացումով, որոնք կազմվում եւ ստուգվում են դրսի մասնագետների կողմից, մանկավարժի աշխատանքի ամենօրյա վերահսկողությունը եւ այլն, եւ այլն): Այս պայմաններում, բնական է, որ կրթությունը կլինի որակյալ եւ հասունության վկայականն էլ վճռական ձայնի իրավունք կունենա: Մնում է, որ ԳԹԿ-ի կողմից պարբերաբար վերահսկողություն սահմանվի, ուսումնասիրություններ արվեն եւ աստիճանաբար հստակեցվի միջնակարգ կրթության նպատակը՝ կրթված ու զարգացած քաղաքացու ձեւավորումը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ
«Օհանյան» կրթահամալիրի տնօրեն