Ոչ կոմպետենտության ու նորանոր «ականների» տրամաբանական շարունակությունը
Այս զգացողությունը անծանոթ չէր մեզ: Տարիներ շարունակ այն կրնկակոխ հետապնդում էր ու շարունակում է հետապնդել բոլորիս՝ թույլ չտալով գոնե ակնթարթ ձերբազատվել իրենից: Սրանում մեզ հաջողությամբ «օժանդակում են», մասնավորապես՝ մասնագիտական կարողությունները իսպառ մոռացած ու հարցերը ծեծ ու ջարդով «կարգավորող» ոստիկանները, մարդկային տրամաբանությանը անհասանելի որոշումներ կայացնող, կամակատարի վերածված դատարանները, տնտեսությունը ամբողջությամբ կուլ տված եւ պետությանն ու բնակչության մեծամասնությանը չքավորության հասցրած օլիգարխները, հասարակական կարծիքը բացարձակ արհամարհող ու ապազգային ծրագրեր նախապատրաստող նորաթուխ նախարարները, ժողովրդի գլոբալ ու հրատապ խնդիրները «ակումբային» մակարդակի խնդիրներով փոխարինող օրենսդիրները: Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կոչվում է իշխանություն: Որքանով են իշխանության այս կամ մյուս օղակները, իրենց գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, կոմպետենտ եւ համապատասխանում պետության չափանիշներին՝ երեւում է վերոհիշյալ իրականությունից եւ մեր անպաշտպանվածության խորությունից: Իսկ այն այսօր համակել է գրեթե ամբողջ ազգին: Ու այնքան խորն է համակել, որ շատ շատերը չեն կարողանում պատկերացնել իրենց հետագա գոյությունն ու ապագան սեփական հայրենիքում: Իշխանություններն էլ, իհարկե, լիովին քաջատեղյակ են եւ՛ այս տրամադրություններին, եւ՛ ներկայումս կրկին գլուխ բարձրացրած միգրացիայի փաստացի ահագնացող տվյալներից: Երեւի հենց սա՞ է իրենց ուզածը: Սրա՞ն են ձգտում ամբողջ էությամբ: Բայց նրբանկատությունից ելնելով եւ որպեսզի վիրավորած չլինեն, չեն կարողանում ուղիղ ասել, որովհետեւ լսել են, որ «ուղիղ խոսքը էշին են ասում»: Երեւի խնայում են: Չգիտեմ: Միայն մի բանում վստահ եմ, որ գիտակցված թե չցանկանալով (հասցված անուղղելի վնասի տեսակետից՝ նշանակություն չունի)՝ նրանք ազգին մղում են արտագաղթի: Սրանում կասկած չկա:
Վերոհիշյալը, իհարկե, նորություն չէր ոչ մեկիս համար: Եվ երեւի մեր իշխանությունները նկատեցին, որ արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, ձանձրանում ենք, նույնիսկ ձեւավորվել էր թերարժեքության զգացում, ինչ-որ նոր, ավելի սուր զգացողություններ էինք ուզում վայելել, եւ ահա, այն իրեն երկար սպասեցնել չտվեց: Նրանց անմիջական անգործության «շնորհիվ» մեզ վերջապես «ձեռք մեկնեց» ամենահաս միջազգային հանրությունը (կարկուտը ծեծած տեղն է ծեծում)՝ արդեն գործող ներքինին ավելացնելով նաեւ արտաքին ճնշումները: Անպաշտպանվածության նոր ստատուսը ազգի մոտ դարձավ առավել լիակատար, առավել ամբողջական՝ գրեթե «կատարելության» աստիճանի: Իհարկե, ցավով ենք նշում: Ու ինչ տեղի ունեցավ՝ որոշ ժամանակ առաջ ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Եվրախորհրդարանը, 2216 բանաձեւով իր անդրանիկ քայլը կատարեց Հայաստանին ագրեսոր ճանաչելու եւ հային իր հողից վտարելու ուղղությամբ: Ընդ որում, «իր հողի» տակ պիտի հասկանանք ոչ միայն ազատագրված տարածքներից դուրս գալը, այլեւ արդեն անմիջապես դրան հետեւող՝ ԼՂԻՄ-ի հայաթափումը: Սրա մասին շատ է խոսվել եւ դրա շղթայական ցավալի շարունակությանը պիտի որ կասկածողներ արդեն չլինեն: Այսինքն, ստացվում է, որ Եվրախորհրդարանին բացարձակ հետաքրքիր չէ, թէ այնտեղ ապրող բնիկ հայերը ինչպես են պաշտպանելու իրենց անվտանգությունը, կկարողանա՞ն, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա ինչ եղանակով, եթե՝ ոչ, ապա կհասցնե՞ն փախչել, թե՞ նույն ցեղի կողմից արդեն որերորդ անգամ նորից կկոտորվեն: Դատելով բանաձեւի ոճից՝ սա ամենեւին չի հետաքրքրում նրանց: Իսկ չի հետաքրքրում ոչ թե այն պատճառով, որ «ա, դե հայերին չե՛ն սիրում, էլի», այլ այն պատճառով, որ հետները ոչ մեկը աշխատանք չի տարել: Ավելի ճիշտ՝ գաղափարի ու կոմպետենտության անհրաժեշտ մակարդակի պակասը թույլ չի տվել նման աշխատանքներ իրականացնել: Եվ ով է մեղավոր, ով է պատասխան տալու մեր այս ողորմելի վիճակի համար: «Համապատասխան» նախարարի պարզաբանումները մարդկային տրամաբանության առումով ուղղակի ցնցող են: Ի՞նչ է նշանակում՝ վերոհիշյալ բանաձեւը ներկայացնող պատվիրակը հանդիսանում է «Ադրբեջանի բարեկամներ» խմբի ղեկավարը, կամ էլ տարածաշրջան չգալու պատճառով սա քաջատեղյակ չի եղել տարածաշրջանային պրոբլեմներին: Է՜, հետո՞, շարունակությո՞ւնը: Ո՞ւմ է հետաքրքիր, թե քանի անգամ է տվյալ անձը ժամանել տարածաշրջան, կամ էլ չէ՝ որ ազգի ու դրանցից կոնկրետ ում բարեկամն է սա: Արդյու՜նքը ցույց տվեք: Իսկ արդյունքն այն է, որ պատվիրակը բանաձեւ է ներկայացրել, իսկ Եվրախորհրդարանն էլ՝ այն ընդունել: Վերջ: Թող ՀՀ դիվանագիտական կորպուսը, Ազգային ժողովը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը նախաձեռնություն, աշխատասիրություն եւ մի քիչ էլ իրազեկություն դրսեւորեին, իրե՛նք ստեղծեին այդ բարեկամական կապերն ու հարաբերությունները, եւ այսօր, հայի արժանապատվությունը ոտնահարող եւ բառիս բուն իմաստով արտագաղթ կամ էլ պատերազմ պարտադրող այս խայտառակ բանաձեւի փոխարեն ընդունվեր բանաձեւ, որը, օրինակ՝ չէր ճանաչի Խորհրդային պետության ժամանակաշրջանում ապօրինի գծված անդրկովկասյան սահմանները կոնկրետ Նախիջեւանի եւ ԼՂԻՄ-ի բռնակցման օրինակով: Ընթացք տայիք, ո՞վ էր խանգարում: Լիարժեք նվիրումով գործելու դեպքում՝ միանգամայն իրատեսական ծրագիր էր, քանի որ առկա էր պատմական ճշմարտացիությունը, բազմաթիվ արխիվային փաստաթղթերը եւ նաեւ այն «անհուն սերը», որ արեւմուտքը մշտապես տածել է Խորհրդային կայսրության հանդեպ: Կամ էլ հազար ու մի հանդիպումներում ներկայացնեիք եւ աստիճանաբար առաջ տանեիք Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում մի շարք տարածքներ կորցնելու փաստը՝ որպես լիարժեք հակակշիռ: Թե՞ տարածքներ չենք կորցրել կամ էլ պատերազմը մենք ենք սանձազերծել: Ոչինչ չի ներկայացվել ու չի ներկայացվում: Արդյունքն էլ տեսնում ենք: Եվ այս տեմպերով շարունակելու դեպքում պիտի չզարմանանք, եթե վաղը միջազգային կառույցներից որեւէ մեկը, տարածաշրջանում վերջնական կայունացում ապահովելու նպատակով, իր նոր բանաձեւով Հայաստանից պահանջի վերջապես կյանքի կոչել Մեղրիի տարածքով ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու ծրագիրը: Եվ մենք, իհարկե, նորից անմիջապես կբացահայտենք բանաձեւի հեղինակի շահագրգռվածության անհերքելի փաստը, քանի որ նա ադրբեջանցի է դուրս եկել, իսկ կոնկրետ՝ Բյուլբյուլօղլիի կնոջ հորաքրոջ ամուսնու եղբոր որդին է:
Նույն մակարդակի դիվանագիտության արդյունքն էր, որ «քնած» Թուրքիային մեր իսկ նախաձեռնությամբ ակտիվացրինք՝ ուղղակիորեն ընդգրկելով Ղարաբաղի կարգավորման գործընթացի մեջ, որն այսօր դարձել է ամենաակտիվն ու ամենաշահագրգռվածը: Իսկ մեր անմիջական մասնակցությամբ ու մեզ համար նախատեսված այդ ականը՝ հայ-թուրքական արձանագրությունների տեսքով, նա ոչ թե դարակներում գցած փոշոտում է, ինչպիսի կարծիք փորձում են հենց թուրքերը ձեւավորել, այլ ապահով տեղում աչքի լույսի պես պահում, փայփայում է, դեռ օրական մի քանի անգամ էլ «փոշին վերցնում»: Դրա ժամանակը հետո է գալու, այժմ Ղարաբաղը բռնազավթելու պահն է: Եվ կասկած անգամ չունենաք, որ եթե նույնիսկ ՀՀ եւ Արցախի իշխանությունների կողմից Ղարաբաղի զիջումներն էլ մի կերպ ձգձգվեն (իսկ դա եւ՛ հնարավոր է, եւ՛ անհնար: Հնարավոր է, քանի որ ցանկացած զիջում, գլխավոր հրամանատարի եւ ամբողջությամբ իշխանության համար ունենալու է միանգամայն կանխատեսելի հետեւանքներ: Իսկ անհնար, որովհետեւ այս չարաբաստիկ բանաձեւից հետո սունկի նման հայտնվելու են մյուսները, որոնց ճնշումներին դիմագրավելը ինչ-որ չենք պատկերացնում), նրանք ձեռքից բաց չեն թողնելու ՀՀ-ի կողմից պատմաբանների հանձնաժողովի եւ սահմանների փոխադարձ ճանաչման հարցով Թուրքիայի կողմից արդեն կորզած պատմական աննկարագրելի նվերը, եւ քանի դեռ չենք հասկացել արձանագրությունների տակից մեր ստորագրության շուտափույթ ետ կանչելու անհրաժեշտությունը՝ նրանք անմիջապես ստորագրելու են՝ մեզ հասցնելով իր նշանակությամբ կործանարար պարտություն: Բանակցությունների ակտիվացմանն ու Թուրքիայի ստորագրելուն անհամբեր սպասող մեր պետական այրերը չեն գիտակցում ամենապարզն ու տեսանելին՝ Թուրքիայի կողմից (ոչ թե ՀՀ նախագահի) գործընթացի սառեցումը, ինչպես միանգամայն ճիշտ գնահատեցին քաղաքական դաշտի ընդդիմադիր բոլոր ուժերը, Հայաստանի պետությանը դարձրեց հարցեր ընդհանրապես չլուծող ու առավել խոցելի, իսկ համատեղ ստորագրումից հետո (Աստված չանի) պետությունն է հայտնվելու իր ժողովրդի նման՝ անպաշտպանվածության կարգավիճակում:
Այսինքն՝ ի՞նչ եմ ասում. իբր մինչեւ ստորագրելը պետությունը պաշտպանված էր, նո՞ր պիտի դառնա անպաշտպան: Անօգնականությունը հասնում է այն աստիճանի, որ հայկական պետության դեմ ուղղված թուրք-ադրբեջանական հարձակողական, ագրեսիվ ու լայնածավալ քարոզչությանը մեր պետական կառույցները ի զորու են լինում հակադարձել ընդամենը հազարից մեկ հնչող, ավելի շատ ստաժի պահպանմանը միտված կիսաքուն ու ոչինչ չասող հայտարարություններով: Սա դեռ այն դեպքում, երբ մեր ձեռքում են գրեթե բոլոր խաղաքարտերը՝ սկսած ցեղասպանությունից, բնիկ ժողովրդի սեփականազրկումից, վերջացրած Սումգայիթի ու Բաքվի ջարդերով ու Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմով: Մի՞թե հնարավոր է այսպիսի հզոր պատմական փաստերի առկայության պարագայում վարել այսաստիճան անատամ քաղաքականություն: Չնայած այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ՀՀ «լեգիտիմ» իշխանությունների կողմից որեւէ ձայն, անգամ ծպտուն հանելուն անմիջապես հետեւում են ժողովրդավարության հետ կապված արդեն եվրո-ամերիկյան կառույցների հարձակումները, եւ այն էլ այնպիսի ապտակների տեսքով, որոնք ավելի շատ թուրքական «չափալախ» են հիշեցնում: Ահավոր է: Եթե ասենք «վիճակը մտահոգիչ է»՝ մի անատամ բան էլ մենք ասած կլինենք: Բայց չէ՞ որ իրավիճակից դուրս գալու ուղին գոյություն ունի: Եվ սա այնքան ակնհայտ է, որ չտեսնելը հետագայում բացատրվելու է ոչ թե վատ տեսողությամբ, այլ՝ գիտակցված միտումնավորությամբ: Ախր, թարսի պես էլ միտումնավոր կերպով ազգին ու պետությանը անպաշտպանվածության հասցնելը դիտարկվում է հակապետականի ու հակազգայինի հետ նույն համատեքստում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Չէ, ամեն դեպքում թողնում ենք այս սեւ հեռանկարը եւ քննարկում միայն «տեսնելու» տարբերակը: Չէ՞ որ օրինակն էլ աչքներիս առաջ ունենք: Հարեւան Վրաստանի երիտասարդ ու անփորձ նախագահը, կրկնում եմ՝ նախագա՛հը, իր ժողովրդավարական արդյունավետ քայլերով մի այնպիսի արագությամբ վերափոխեց կոռուպցիայի մեջ խրված երկիրը, ինչին, իսկապես, անհնար էր հավատալը, եւ ինչն էլ աշխարհի կողմից արդարացիորեն որակվեց որպես հեղափոխություն: Եթե «նախանձ» կոչվածի բարին գոյություն ունի, ապա մենք՝ հայերս, բարի նախանձով սկսեցինք հետեւել առաջադեմ հասարակության հաստատմամբ առաջնակարգ երկիր ստեղծելու այդ գործընթացին (մենք էլ ենք, չէ՞, ունեցել, բայց, ցավոք, չենք պահպանել): Բայց ամենակարեւորը՝ «ժողովրդավարության կղզյակ» անվանմանը տիրացած Վրաստանը աշխարհի կողմից սկսեց աջակցություն ստանալ հնարավոր եւ անհնար, ճիշտ թե սխալ գրեթե բոլոր հարցերում: Մի՞թե սրա պակասը չի, որ օդի ու ջրի պես զգում է Հայաստանը: Չնայած նրան, որ արտաքին աշխարհի կողմից սկսված այս աննախադեպ հարվածներից խուսանավելու ամենաարդյունավետ ուղին Հայաստանի համար կհանդիսանար ավելի շատ արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն հնարավոր է նույնիսկ մի պահ մոռանալ աթոռապաշտ իշխանություններին հոգեխանգարմունքի հասցնող «լեգիտիմություն», «արտահերթ ընտրություններ» եւ նմանատիպ էլի որոշ բառակապակցություններ, միայն թե՝ վերջիններս վերջապես գիտակցեին, որ ոչ ավել, ոչ պակաս՝ երկիր ենք կորցնում: Եվ, ուրեմն, ինչ է սպասվում նրանցից, եթե ոչ՝ դեմքով շրջվել դեպի ժողովուրդը: Ժողովրդավարության հաստատում՝ միակ անցնցուն տարբերակը բոլորիս համար: Քաղբանտարկյալների խարանի ձերբազատումից սկսած մինչեւ… այսինքն, այդ քայլերը մեզանից լավ են պատկերացնում: Այս դեպքում, ժողովրդի մեջ դեպի իշխանությունները շրջվելու ուժեր հավանաբար կգտնվեն, ինչին չի կարող չհետեւել միջազգային հանրության բնական արձագանքն ու Հայաստանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը: Հավատացա՛ծ եղեք՝ Հայաստանի բոլոր քայլերը արդեն կսկսվեն դիտվել որպես ժողովրդավարության խորացմանը նպաստող անհրաժեշտություններ:
Չէ, ոչ մի տեղ էլ չե՛նք գնալու, մոռացե՛ք արտագաղթը: Միայն թե վերջապես ականատեսը լինենք իշխանությունների՝ ընդամենը սառը դատողությանը: Ինչպես ասում են. «չմեռնենք, տեսնենք այդ օրը»: Վատն այն է, որ ժամանակ էլ չունենք՝ ախր ամեն պահի եվրոպաներում կարո՞ղ է, չէ, «բացահայտվել այն փաստը», որ Հայաստանի Հանրապետությունն էլ է հանդիսանում թուրք-ադրբեջանական հինավուրց ժողովրդի հողային տարածքներում ագրեսիայի հետեւանքով ձեւավորված պետություն: