Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի անց

Օգոստոս 11,2010 00:00

Հիմա էլ ջուր կա, գյուղացին գլո՞ւխ է պահում

Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները խորհրդային կարգերի փլուզումն այնքան ծանր տարան, որ նույնիսկ կարեւորություն չտվեցին փաստին, թե ինչպես են «ուրիշի կրակի վրա տաքացողները» քարուքանդ անում իրենց փոքրիկ տնտեսությունը: Գյուղացիների աչքի առաջ, նրանց լուռ անտարբերության պարագայում «դարի հնարամիտներից» մի քանիսը, սեփական շահը գերակայելով հանրայինից, թալանել ու հիմնահատակ ավերել են գյուղի ցանքատարածությունները ոռոգող ջրատար համակարգը՝ իր պոմպակայանով:
Ջուր չլինելու պատճառով շուրջ 20 տարի այս գյուղի մշակադաշտերի զգալի մասը՝ 55 հեկտար, չի մշակվել ու վերածվել է անապատի: Նախկինում գոյություն ունեցած պտղատու այգիներից մի ծառ անգամ չի պահպանվել:
Հողի հույսին ապավինած լեռնամերձցիներից ոմանք 20 տարի շարունակ բարձրաձայնել են խնդրի մասին՝ իրենց ծայրահեղ ծանր վիճակի համար մեղադրանքի սլաքն ուղղելով ետխորհրդային Հայաստանի բոլոր իշխանություններին, քանզի համոզված էին, որ «հենց իշխանությունները մեր լավը չեն ցանկանում, այլապես մի ջրագծի եղածն ի՞նչ է, որ չեն կառուցում»:
Վերջապես, խորհրդային կարգերի փլուզումից 20-22 տարի անց, ներկայիս իշխանությունն անսաց հողագործությանը կարոտած լեռնամերձցիների թախանձանքներին եւ շուրջ 50 միլիոն դրամ ծախսելով՝ գյուղի համար նոր ջրատար համակարգ կառուցեց: Այս տարվա հունիսի 25-ին 1800 մետրանոց խողովակաշարը հանձնվեց շահագործման: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ գյուղացիները մայրաքաղաքից եկած պաշտոնյաներին հավաստիացրին, որ արդյունքն ուշացնել չի տա, եւ շուտով կսկսեն աշնանացանը:
«Ես կառավարության տեղը լինեի, այդ գյուղում ներդրում չէի անի. դրանք թամբալ, աշխատանք չսիրող մարդիկ են: Եթե աչք են տալիս հարեւան արագածցիներին կամ աղավնատնեցիներին, որոնք դրախտային այգիներ ու բանջարանոցներ ունեն, թող իմանան, որ էդ ամեն ինչին մարդիկ հասել են իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Իսկ իրենք ծույլ են: Կտեսնեք՝ էդ 55 հեկտարն էդպես անմշակ էլ կմնա»,-լեռնամերձցիների մասին այս հոռետեսական կարծիքը գյուղի ոռոգելի տարածքը սպասարկող «Խոյ» ջրօգտագործողների ընկերության՝ ՋՕԸ նախագահ Սեյրան Սարգսյանինն է, ով այդ եզրահանգմանն է եկել Լեռնամերձի բնակիչներին եւ գյուղապետին արած առաջարկությունից հետո:
ՋՕԸ-ի նախագահի փոխանցմամբ՝ աշնանացան վարունգ աճեցնելու համար ինքը, մարզպետի առաջարկով, դիմել է գյուղացիներին ու գյուղապետին, ասելով՝ «հավաքվեք, միայն տրակտորի վառելիքը տվեք, որը շատ էժան գնով կապահովի մարզպետարանը, իսկ տեխնիկան ես կտրամադրեմ. մենակ թե՝ էդ դաշտերը վարեք, աշնանացան վարունգ դրեք, հողը պարապ մի թողեք»: Լեռնամերձի գյուղապետ Սահակ Միրզոյանը, Սեյրան Սարգսյանի ասելով, չի համաձայնել: «Դրա մասին չարժե խոսել, մենք աշնանը ցորեն կցանենք»,- ասել է: «Բա էս սուղ պայմաններում կառավարությունը 50 միլիոն դրամ բերեց-դրեց Լեռնամերձում, որ չօգտագործվի՞: Բա հողը կարոտած գյուղացին կթողի՞, որ մի ամիս ավել էլ էդ հողը դատարկ մնա: Բա առ էսօր մի մետր է՞լ ցանած չլնեն: Ափսոս չի՞ էն փողն ու աշխատանքը, որ արվեց էդ գյուղի ու էդ գյուղացիների համար»,- դժգոհում էր Սեյրան Սարգսյանը:
«Խոյ» ՋՕԸ-ի ղեկավարը ցավ է ապրում հատկապես իրենց ընկերության սուղ միջոցներից մաս հանած 5,5 միլիոն դրամի համար, որը ներդրել են ջրատարի կառուցման աշխատանքներում:
Լեռնամերձի գյուղապետ Սահակ Միրզոյանը արտառոց ոչինչ չգտավ, որ գյուղատնտեսական մի սեզոն էլ իրենց մեղքով են «ձեռքներից բաց թողում»: «Ճգնաժամ է, մարդկանց ձեռքը փող չկա, որ վառելիք լցնեն, վար ու ցանք անեն: Համ էլ՝ վարունգի սեզոնն արդեն անցավ, էլ չենք հասցնի: Տեսնենք, հնարավոր է՝ առվույտ կամ ցորեն ցանենք»,- ասաց գյուղապետը: ՋՕԸ-ի ղեկավարը սրան էլ չի հավատում ու խոստացավ անունը փոխել, եթե «դրանք էդ հողը ցանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել