Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԳՅՈՒՂԻ ԱՊԱԳԱՆ

Օգոստոս 11,2010 00:00

\"\"Սյունիքի մարզի Աղվանի գյուղը կամաց-կամաց «վերանում» է Հայաստանի քարտեզից

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի գյուղերից է Աղվանին: Ժամանակին այստեղ կյանքը եռում էր, ամենուր երիտասարդներ, հովեկներ, զբաղվելու շատ բան կար գյուղում: Գյուղացիներն իրենց հողերն էին մշակում, կարտոֆիլ ցանում, խոտհունձի շրջանում էլ օրվա մեծ մասը սարերում էին անցկացնում: Իսկ այժմ, երբեմնի մարդաշատ Աղվանիից բան չի մնացել, գյուղը դատարկվել, ծերացել է: Ամենուր փակ դռների ես հանդիպում, իսկ եղած ծխերում էլ հիմնականում տատիկ-պապիկներ են ապրում: Գյուղամիջում հատուկենտ են երեխաներ երեւում, որոնք էլ հազիվ են պահում գյուղի դպրոցի գոյությունը: Ամբողջ դպրոցում ընդամենը 5 երեխա է սովորում: Հարցականի տակ է  դպրոցի ապագան, շատ հավանական է՝ առաջիկա տարիներին երեխա չլինելու պատճառով դպրոցը փակվի:
Աղվանի գյուղի դպրոցն ընդամենը 3 մանկավարժ ունի, որոնք եւ պարապում են բոլոր առարկաները, քանի որ մյուս առարկաների գծով մասնագետներ չկան: Ուսուցիչներից էլ միայն երկուսը համապատասխան կրթություն ունի: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Մկրտչյանը նշում է, որ դպրոցը մանկավարժի կարիք ունի, սակայն ոչ ոք չի ցանկանում գալ եւ աշխատել հեռավոր այս գյուղում, քանի որ առաջարկվող դասաժամերի դրույքաչափը խիստ ցածր է: Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը նշում է, որ շատերի՝ գյուղից հեռանալու պատճառն այն է, որ չեն վստահում մանկավարժներին եւ նախընտրում են իրենց երեխաներին քաղաքի դպրոցներ տանել: Սյունիքի մարզկենտրոն Կապանից 40 կմ հեռու գտնվող փոքր այս գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի:
Ամենացավոտն ու կարեւորը արտագաղթի խնդիրն է: Արտագաղթողների թիվը տարեցտարի մեծանում է: Ներկայումս 20 տնտեսություն ունեցող գյուղում ապրում է մոտ 60 բնակիչ: Նախորդ տարիների համեմատ բնակչության թիվը 50%-ով նվազել է: Չորս ընտանիք էլ մոտ մեկ շաբաթ առաջ լքեց գյուղը: Գյուղապետի կանխատեսումները խիստ մտահոգիչ են. «Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո գյուղում մարդ չի մնա»: Աղվանիցիները գյուղը թողնում-հեռանում են աշխատանք չլինելու պատճառով: Գյուղում ընդամենը 9 աշխատատեղ կա, 4-ը՝ դպրոցում, 5-ը՝ գյուղապետարանում:
«Ներկայումս ընդամենը 4-5 տնտեսություն է գյուղում անասնապահությամբ զբաղվում, որից միայն 3-ն են խոշոր ֆերմեր: Մյուս գյուղացիներն էլ այգեգործությամբ են զբաղվում՝ հիմնականում տնամերձ հողերն են մշակում, իսկ մնացած վարելահողերը բարձիթողի են: Նախկինում այդ վարելահողերից եւ ոչ մեկն անմշակ չէր մնում, կարտոֆիլ էին ցանում եւ առատ բերք ստանում: Իսկ այժմ չեն վարում, որովհետեւ չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ: Գյուղացուն ոչ մեկը չի աջակցում, պետության հոգածությունից էլ է զրկված գյուղացին: Հեռավոր սահմանամերձ, բարձր լեռնային գյուղ է, պետք է նման գյուղերին առաջինը ուշադրության կենտրոնում պահել, հնարավորն անել, որ մարդիկ ստիպված չլքեն գյուղերը: Այսօր գյուղացիները հուսահատված են, հոգնած ամեն ինչից, ո՛չ անասուն են ուզում պահել, ո՛չ հող մշակել: Մի քանի տարի կով, խոզ են պահում, որ 3-4 տարի անց եկամուտ ունենան, իսկ մինչեւ էդ գյուղացին ինչո՞վ իր երեխայի համար մի քաղցրեղեն առնի: Իսկ եթե գյուղում գոնե 30-40 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ լինի, կողքից անասուն էլ կպահի, հողն էլ կմշակի: Գոնե գործարարները ամեն մի գյուղում մինի զավոդներ բացեն, մեր գյուղերը կսկսեն կենդանանալ, ներգաղթ էլ կլինի արդեն»,- ասում է գյուղապետ Աշոտ Սուքիասյանը:
Մյուս կարեւորագույն խնդիրը ճանապարհների անմխիթար վիճակն է: Ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհները 90-ական թվականներից ոչ մի անգամ չեն նորոգվել: Այս հարցը միշտ բարձրացվել է, բայց արդյունքը մինչեւ օրս նույնն է: Ճանապարհները ոնց կային, այդպես էլ մնացել են անմխիթար ու ավեր: Շատ հաճախ տաքսիները հրաժարվում են նույնիսկ բարձր վարձավճարով մարդկանց քաղաքից գյուղ տեղափոխել:
Խմելու ջրի խնդիր էլ ունի Աղվանին: Ինչպես գյուղապետն է ասում, գյուղից 6 կմ հեռավորությունից դեպի գյուղ եկող ջրագիծը թերություններով է կառուցված ու իր նպատակին չի ծառայում: Տարիներ շարունակ գյուղացիները օգտվում են ստորգետնյա բնական աղբյուրներից:
Գյուղացիների համար շատ լուրջ հոգս է նաեւ գյուղտեխնիկայի բացակայությունը: «Էսօր ցորեն ենք ցանում, բայց հացահատիկահավաք կոմբայն չկա, բերքը էնտեղ փչանում ա, գնում ենք ուրիշ գյուղերից ենք խնդրում, համոզում, կոմբայն բերում, որ հավաքի, բերքը չփչանա, քանի անձրեւ չի եկել, սաղ չարչարանքներս ջուրը չընկնի»,- ասում են գյուղամիջում մեզ հանդիպած գյուղացիները: Սակայն այսքանով գյուղի խնդիրները չեն ավարտվում:
Անմխիթար վիճակում է ակումբագրադարանային շինության գույքը: 60-ականների հնամաշ գույքն է մինչեւ այսօր այստեղ ծառայում: Գրադարանի գրքերը վաղուց է՝ չեն թարմացվում, իսկ ընթերցողներն էլ հիմնականում գյուղում ապրող դպրոցահասակ հատուկենտ երեխաներն են:
Շատ լուրջ խնդիր է նաեւ դեղորայքի բացակայությունը, որը տեղաբնակների դժգոհությունն է առաջացրել: Բուժքույր Նելլի Բարսեղյանը ասում է, որ հաճախ գյուղացին գալիս գլխացավի դեղ է ուզում, բայց չի լինում, որ հատկացնի: «Առաջ դեղորայքը նորմալ հատկացնում էին, իսկ հիմա՝ չէ, մարդիկ ստիպված քաղաքի դեղատներից են դեղորայք ձեռք բերում: Հեռավոր գյուղ է, գոնե առաջին անհրաժեշտության դեղերը պիտի լինեն, որ մինչեւ քաղաքից դեղ հասցնելը ժամանակավոր օգնենք բնակչին»,- ասում է զրուցակիցս:
Աղվանիում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առողջության առաջնային պահպանման բարեփոխումների շրջանակներում «Երկյակ» հասարակական կազմակերպությունը արդեն 2 տարի իրականացնում է «Առողջ համայնք» ծրագիրը: Ըստ այս ծրագրի, գյուղի համայնքային առողջապահական կոմիտեի 10 անդամ ուսուցանվել է եւ իր ստացած գիտելիքները փոխանցում է համագյուղացիներին, որը, ըստ նրանց՝ նման պայմաններում ապրող գյուղացիներին շատ է անհրաժեշտ:
Սակավաբնակ այս գյուղում, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, գյուղացիները շարունակում են կռիվ տալ իրենց հոգսերի ու խնդիրների հետ, հույս ունենալով, որ գուցե մի օր պետությունը իրենց ձեռք կմեկնի, այլապես երբեմնի մարդաշատ ու ծաղկուն գյուղից միայն հիշողություններ կմնան…

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով Սյունիքում էր եւ մարզի գյուղապետերը նրան մի բան էին խնդրել՝ քայլեր ձեռնարկել գյուղերը ամայացումից փրկելու համար («Առավոտ», 22.04.2010, «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը»): Արդեն չորս ամիս է անցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել