Մի ինքնասպանության պատմության հետքերով
Մայրն ուզում է արդարության հասնել:
Համլետ Քարհանյանը ինքնասպան եղավ այս տարվա ապրիլի 25-ի երեկոյան, Վանաձորի Տավրոս թաղամասի իրենց տան բակում: Նա 33 տարեկան էր:
Ինքնասպանների գրպաններում ընդունված է գտնել երկտողեր, որպեսզի ինչ-որ կերպ մոտենան այն հարցի պատասխանին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչն է դրդել նման ողբերգական քայլի:
Համլետի հագուստի մեջ ինքնասպանության օրը որեւէ գրություն չի գտնվել, սակայն հետագայում գտնվեց…
Այս ինքնասպանության պատմությունը տանում է մեկ այլ քրեական գործի, ուր ակամայից ներքաշվել էր Համլետը:
Համլետի 63-ամյա մայրը՝ Լիզա Մկրտչյանն ասում է, որ որդին 2009թ. հոկտեմբերի 10-ին գտնվել է իր աշխատավայրում. «Այստեղ ցեմենտի վաճառակետ կա, որտեղ տղաս ցեմենտի առքուվաճառքով էր զբաղվում» (խոսքը «Արմեն Սուքիասյան» վաճառակետի մասին է):
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ժ.19.00-ի սահմաններում, աշխատանքի ավարտին, Համլետի հեռախոսը զանգում է: Ըստ տիկին Լիզայի. «Կամակատար» կոչվող մատուռի մոտ ինչ-որ երիտասարդ է վիրավորված եղել կրակոցների պատճառով: 2 կողմերի միջեւ ինչ-որ կռիվ է եղել: Մի կողմը մյուսի վրա կրակել է, ինչի արդյունքում վիրավորվել է Դավիթ Ղումաշյանը: Մենք այդ մասին հետո ենք իմացել: Վիրավոր Դավիթին օգնելու համար հեռախոսազանգով Համլետին կանչել են: Հեռախոսով կարելի է ճշտել, թե կռվի մասնակիցներից ո՞ր մեկն է զանգել»:
Ի դեպ, կրակոցներից 2 օր հետո Լոռու մարզի ոստիկանապետն ու Լոռու մարզի գլխավոր դատախազը հեռուստացույցով հայտարարում են կռվի մասնակիցների անունները, նաեւ այն մասին, որ վիրավորվել է Դավիթ Ղումաշյանը: Ըստ Համլետի մոր՝ կռվի 4 մասնակիցները եւ տուժողը Տավրոս թաղամասի բնակիչներ էին, ինչը նշանակում էր, որ մեկը մյուսին դեմքով ճանաչում էր: «Զանգով կանչում են տղայիս, թե՝ Դավիթին օգնի, հիվանդանոց տեղափոխի: Տղաս չի մերժել, գնացել է փոքր տղայիս մեքենայով: Նրա անունով էր մեքենան, բայց Համլետն էր քշում: Մեքենայով գնում են դեպքի վայր, Սերժիկ Պապյանն է լինում այնտեղ: Համլետին ասում է, որ Դավթին ուզում է տանել հիվանդանոց (Սերժիկի մեքենայի վրա մի քանի տեղից կրակել էին): Սերժիկը մնում է իր մեքենայի մոտ, իսկ Համլետին էլ ասում է՝ Դավիթին օգնի, տար հիվանդանոց»,- մեր զրույցի ժամանակ պատմում է Համլետի մայրը: Համլետը Դավիթին նստեցնում է իր մեքենան, որպեսզի օգնի: Վ՝իրավորին վնասվածքաբանության հարցերով հայտնի՝ Սվետա անունով բուժքրոջ մոտ են տանում. «Դավթի քթից արյուն էր գալիս: Տամպոններ է դնում քթի մեջ: Դրանից հետո իջնում են ցած: Դավիթը Համլետիս ասում է՝ ես էլ չեմ գա, կգնամ տուն, լավ եմ: Ու Համլետիս հետ էլ չի շարունակում ճանապարհը: Դավիթն ասում է՝ չէ, ոչինչ չկա, ինձ 1000 դրամ տուր, ես տաքսի կկանչեմ՝ կգնամ: Համլետս դրանից հետո էլ չի իմանում՝ Դավիթը ինչ եղավ, ուր գնաց»,- շարունակում է Համլետի մայրը: Դավիթից բաժանվելուց հետո Համլետին զանգում է Սպիտակ քաղաքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանը եւ ասում, որ խոսելու բան ունի: Համլետն ասում է, որ չի կարող Սպիտակ հասնել: Ոստիկանապետն էլ ասում է՝ «Ինձ հանդիպի, նոր գնա»: Մոր պատմելով՝ հանդիպումը կայանում է. «Հանդիպման վայրում ձերբակալում են տղայիս, տանում Վանաձորի ոստիկանություն: Այնտեղ էր ոստիկանապետ Անուբախ Համբարյանը: Անընդհատ մի շարք սպիտակ թղթեր են բերել, իմ Համլետին ասել են՝ պետք է ստորագրես: Մեքենան էլ են վերցրել: Մեքենայի վրա արյան նշաններ են հայտնաբերել (Դավթի քթից կաթած արյունն էր), ասել են՝ դու թաքցրել ես հանցագործությունը, Դավթին»: Համլետը մորը պատմել էր, որ իրեն այնքան թղթեր են ստորագրել տվել, որ «էլ գլուխը չէր աշխատում»: Ըստ որդեկորույս ծնողի, ոստիկանապետ Անուբախ Համբարյանը Համլետին սեղանին դրված մոխրամանով ահաբեկել է. «Անընդհատ հարձակվել է, ուզել է խփի, ցույց է տվել, թե կխփի: Երեխես ասել է՝ բացատրեք, ես հասկանամ, ինչ եմ արել»:
Համլետին մեղադրում են հանցագործության պարտակման, Դավթին թաքցնելու համար: 2 օր Համլետը ազատազրկվում է: Օրենքով նախատեսված կարգով 500 հազար դրամ գրավ են մուծում, որ Համլետին բաց թողնեն: Հոկտեմբերի 13-ի երեկոյան դատական նիստ է գումարվում, գրավն ընդունվում է, եւ 14-ին Համլետը տանն էր: Լոռու մարզի դատախազը բողոքարկում է դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն էլ 10 օրվա մեջ Համլետի գործը լսում եւ անփոփոխ է թողնում Վանաձորի դատարանի որոշումը: «Հենց իրենք հանցագործներին փախցրին: Ո՞նց եղավ, որ իմ Համլետը ոչ մի բան չարեց, նրանք խաբեությամբ կանչեցին ոստիկանություն, իմ երեխեն էլ մաքուր սրտով գնացել է, որ տեսնի՝ ինչ են ասում: Համլետին կարողացան բռնել, էն մյուսները հանրապետությունից դուրս եկան»,- ասում է տիկին Լիզան:
Հոկտեմբերի 10-ից մինչեւ ապրիլի 25-ը գործով 2 քննիչ են փոխել, 3-րդ քննիչը Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արամ Ավագյանն էր: Վերջինս զանգում է Համլետին, որպ՝եսզի հանդիպեն: Քննիչը պայման է դնում, որ փաստաբանը՝ Արթուր Աթարբեկյանը, հանդիպման մասին չպիտի իմանա: «Մայր եմ, ոնց որ կանխազգամ: Համլետս մի քանի անգամ հանդիպեց էդ քննիչի հետ, ասի՝ Համլետ ջան, հանդիպումների մասին անպայման փաստաբանին՝ Արթուր Աթարբեկյանին տեղյակ պահիր: Արամ Ավագյանը Համլետիս առաջարկել է, թե կարամ քո գործը փակել»,- պատմում է տիկին Լիզան:
Քննիչը, ըստ մոր պատմածի, գումարի առաջարկ է անում: Ընտանիքն այդքան գումար չուներ. «Շատ են ուզել»: Համլետը ասել էր, որ այդքան փող չունի, փաստաբանին տեղյակ էր պահել քննիչի հետ «հանդիպման» մասին:
Ապրիլի 25-ին, ժամը 19:30-ի սահմաններում Համլետն ինքնասպան եղավ: Ապրիլի 26-ին փաստաբանի հետ պիտի բողոքարկեին որոշումները: «Գործի տեղից եկավ, հաց կերավ, հյութ խմեց, ինձ հետ խոսեց, դուրս եկավ մեր բակը: Ելքը չի գտել այդքան գումարի: Իմ երեխեն սրան-նրան չէր ծախի: Եթե յուրաքանչյուր ղշլաղեցու հարցնես՝ «Կամակատարում» կրակոցնե՞ր են եղել, հա, կասեն, լսել ենք, որովհետեւ թնդում էր: Դեպքը կատարվեց, սաղ աշխարհը ստեղ է եղել: Համլետիս ոչ մի շորի մեջ, ոչ մի գրպանում ոչ մի գրություն չի եղել: Համլետիս տարան իրենց մոտ, էլի հանցագործություն կատարեցին: Մի տողանի տետրի թղթի վրա գրել են, էլ չգիտեն, որ իմ երեխեն ինչ բառեր ա գործածում կյանքում: «Ոչ ոքի» բառը ինքը երբեք չի օգտագործել: Եթե գրեր էլ, կասեր՝ «ոչ մեկի», «ոչ մեկի չմեղադրեք»: Գրել էին՝ «Ինձ կներեք, ոչ ոքի չմեղադրեք» ու տակն էլ իբր ինքն է ստորագրել՝ Համլետ Քարհանյան: Ինքն ինչի՞ պիտի գրեր, էդ գրությունը չի եղել, ո՞նց հայտնվեց իմ երեխու հագուստների մեջ: Դրա համար էլ պիտի պատասխան տան: Երբ տարել են դիահերձարան, նույն քննիչը, որը կանգնած է եղել, ականատես է եղել իմ բակում, որ փեսես, հարեւաններս են ստուգել, մյուսներն են ականատես եղել, ու ինքն էլ արձանագրություն ունի, որ չի եղել որեւէ գրություն: Դավիթ Սարգսյան անունով մի քննիչ կար, արձանագրությունն արդեն կազմել էր, որ ոչ մի գրություն չի եղել հագուստների մեջ, ու հանկարծ քննիչ Դավիթ Սարգսյանը առավոտյան տղերքին կանչում, ասում է՝ հրես փաստաթուղթ ենք գտել, դատական բժիշկն է տվել: Փեսես ասել է՝ իրիկունը ստուգեցիք, ոչ մի բան չկար, էդ գրությունը որտեղի՞ց հայտնվեց: Այդ տղան էլ է զարմանում, ասում, որ ես էլ ունեմ արձանագրություն, որ չի եղել: Դա էլ է հանցագործություն, էդ իրենք են կատարել հանցագործություն»,- հուզված պատմում է տիկին Լիզան
Հեռախոսն առգրավում են, ինչը, հարազատների կարծիքով, կարող էր շատ հարցերի պատասխաններ տալ:
Համլետի մայրը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բողոքներ են ուղարկվել հատուկ քննչական ծառայությանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: Ի դեպ, կրակոցների գործը փակել են Համլետի մահվան պատճառաբանությամբ:
«Իմ երեխայի հոգեբանության հետ խաղացին, իրավապահները տղայիս ինքնասիրությանը կպան, երբ նա արդար էր: Ասացին՝ արի ցուցմունք տուր: Իմ երեխեն ցուցմունք տվող տղա չէր»,- ասում է տիկին Լիզան: Նրա կարծիքով՝ տղան երկտող չէր գրի. «Ոչ թե նրանց համար կգրեր, կոխեր ծոցը՝ կնկա պես, որ վերցնեն կարդան: Նրանց համար է՞ գրել: Հետո, եթե գրեր, չէր ստորագրի՝ Հ. Քարհանյան: Չե՞ք ամաչում, սովորե՞լ եք, որ կեղծիքներ անեք, լավ մարդկանց սպանեք կամ ստիպեք՝ որ գնա ինքնասպա՞ն լինի: Նա ուրիշներին է խորհուրդ տվել, որոնք արդեն հուսալքված են եղել: Ես բողոքում եմ հենց Արթուր Շահվերդյանի դեմ, Անուբախի դեմ, որ իմ երեխուն անընդհատ ահաբեկել են ոստիկանությունում, դատախազի դեմ, որ չի ուզել իմ երեխեն դրսում լինի»,- հավելում է ինքնասպանության դիմածի մայրը: