«Երբ մանկատնից դուրս եկա, մորս գտել էի, բայց երկար ժամանակ մոտը չէի գնում. չէի կարողանում ներել, որ ուրիշ ընտանիք է կազմել եւ ինձ մոռացել: Ու ամբողջ կյանքում նրան չներեցի, որովհետեւ նրա պատճառով ամբողջ կյանքում ապրել եմ մանկատներում ու հանրակացարաններում: Անհաջող ամուսնացա ու շուտով նորից մենակ մնացի: Չգիտեմ, երեւի ճակատագիր է»,- մեզ հետ զրույցում իր պատմությունն այսպես սկսեց տիկին Օֆելյան: Ինչպես ինքն է ասում՝ ողջ կյանքում Ռոբինզոն Կրուզոյից էլ մենակ է ապրել: Օֆելյա Ներսիսյանն իր կյանքի այս փուլում պետք է ծերանոցում ապրի, սակայն. «Մենակությանն այնքան եմ վարժվել, որ մի քանի ամսից ավել ծերանոցում չեմ կարողանում դիմանալ»,- ասում է նա: Դուրս է գալիս, բայց որոշ ժամանակ անց նորից հետ է վերադառնում, որովհետեւ արդեն մենակ էլ չի կարողանում. խնամքի կարիք ունի. «Ուզում էի ինքնուրույն ապրել, ես այդպես եմ սովոր, ինձ համար դժվար է ոչինչ չանելը, պարզապես ուտել ու քնել, ու հաջորդ օրը նորից նույնը: Բայց տանս տանիքը փլվել է, իսկ ես մենակ չեմ կարողանում նորոգել ու ստիպված եմ լինում այլ տեղ բնակվել»,- ասաց տիկին Օֆելյան: