Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բարեխիղճ սեփականատեր եմ»

Օգոստոս 11,2010 00:00

«Առավոտի» (05.08.2010) «Օդից կախված շենքի, «օդում կախված» բնակիչները» հրապարակման մեջ նշել էինք, որ Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի բնակիչները շուտով կվտարվեն: Նշել էինք նաեւ, որ շուրջ 17 ընտանիք այդ կիսակառույցում փաստացի գրանցում ունի, բայց մոտ 7 տարի ապօրինի կերպով է զբաղեցնում բնակարանները: Բնակիչների ներկայացմամբ՝ վերջերս պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում եւ հայտարարում, որ իրենց զբաղեցրած բնակարանների համար ունեն որոշում եւ դատարանի վճիռ, ըստ որի՝ բնակիչները պետք է վտարվեն: Իսկ Նազարբեկյան 48 շենքի բնակիչները վստահեցնում են, որ իրենցից շատերը զբաղեցրել են այն բնակարանները, որոնց վրա որոշում չկա, այսինքն՝ սեփականատեր չունեն:
Անդրադառնալով մեր այս հոդվածին՝ «Առավոտին» է դիմել Նազարբեկյան 32 բնակարանի սեփականատեր Ռուզաննա Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ՝ դեռեւս 1991-ին «Ժողովրդական դեպուտատների Սպանդարյանի շրջանային խորհուրդ» գործադիր կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի՝ վերոնշյալ հասցեում իր ընտանիքին հատկացվել է 3 սենյականոց բնակարան: 2008 թվականին էլ դատարանը վճռել է, որ Ռուզաննա Բաղդասարյանը հանդիսանում է Նազարբեկյան 48 շենքի 32-րդ բնակարանի սեփականատերը: Այսօր տիկին Ռուզաննայի բնակարանում ապօրինի կերպով այլ ընտանիք է բնակվում. «Դատարանի որոշումով, այդ ընտանիքը պետք է վտարվեր, սակայն հաշվի առնելով, որ ձմեռ է եւ ընտանիքը այլ կացարան չունի, վտարումը հետաձգեցին: Եվ այդ հարցը մինչ օրս օդում կախված է: Ես էլ չունեմ սեփական բնակարան եւ վարձով եմ պարում, ի վերջո պետությունը պե՞տք է այս խնդրին լուծում տա: Ես ուզում եմ բնակարանս նորոգել եւ այնտեղ բնակվել, բայց այժմ այդ բնակարանում երկաթյա դուռ է դրված ու բանալիով փակված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել