Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոն «զարգացրե՛ք»

Օգոստոս 11,2010 00:00

Քաղաքային տրանսպորտի հիմնական միջոցը, մասնագետների կարծիքով, համարվում է մետրոն։ Այն նպատակահարմար է թե՛ էկոլոգիայի եւ թե՛ անվտանգ լինելու տեսանկյունից: Սակայն, չգիտես ինչու, մեր երկրում տրանսպորտի այս տեսակին լուրջ չեն վերաբերվում: Հակառակ դեպքում՝ կսկսեին կառուցել դեռեւս խորհրդային տարիներից կիսատ թողած դեպի Աջափնյակ եւ Աջափնյակ-Դավիթաշեն տանող մետրոյի ճանապարհը:
Մետրոյի կառուցումից հետո զգալի կթեթեւանա փողոցների ծանրաբեռնվածությունը: Քաղաքակիրթ երկրներում մետրոյի կայարանների հարեւանությամբ ավտոկայանատեղիներ են գործում, եւ մարդիկ՝ խցանումներից խուսափելու համար, այդտեղ կայանելով իրենց մեքենաները՝ օգտվում են մետրոյից: Ժամանակն է, որպեսզի «թարմացվի» մետրոյի արդեն գործող կայարանները. մասնավորապես «Հանրապետության հրապարակ» կայարանը քարե անձավ է հիշեցնում. ոչ շատրվաններն են գործում, ոչ էլ մի կտոր կանաչ զանգված կա, մինչդեռ այդ կայարանից բազմաթիվ տուրիստներ են օգտվում:
Նալբանդյան փողոցում ՎՏԲ բանկի աշխատակիցների ավտոմեքենաները զբաղեցնում են փողոցի առաջին շարքը, իսկ ուրբաթ օրերին՝ օրվա երկրորդ կեսին, կայանում են երկու շարքով։ Չնայած դրան, հարեւանությամբ գործող Վերնիսաժի տարածքն է աղբի մեջ կորած, որը ճիշտ շահագործելու պարագայում կծառայեր ավտոկայանատեղի:
Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրվել է 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը։ Այդ գումարից 5 մլն եվրո վարկ տրամադրում է ՎԶԵԲ-ը, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի ԵՄ հարեւանության ներդրումային ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել