Մեր փողատերերը վստահ են, որ աշխարհի մեծահարուստներից մեկը՝ Բիլլ Գեյթսը, բարեգործության հարցում իրենց հետ չի կարող համեմատվել:
Ինչպես հայտնի է՝ օրերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր իրենց ստորագրությունը դրեցին, այսպես կոչված՝ «Նվիրատվության երդում» փաստաթղթի տակ եւ պարտավորություն ստանձնեցին իրենց կարողության ուղիղ կեսը բարեգործությանը նվիրաբերել: Աշխարհի մեծահարուստներ Բիլլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆֆեթը օրինակ ծառայեցին ամերիկացի այլ փողատերերի համար եւ ստիպեցին բարեգործության նպատակով ավելի խոշոր գումարներ վճարել, քան վճարում են հարկայինին: Օրինակ, Բիլլ Գեյթսն իր անձնական կարողությունից ավելի քան 28 մլրդ դոլար հանձնել է ֆոնդին: Ըստ «Forbes» ամսագրի, ԱՄՆ-ում 403 մեծահարուստ կա, այնպես որ, եթե ակցիային նրանց գոնե կեսը միանա՝ բավականին մեծ բարեգործական ֆոնդ կստացվի:
Պարզ է, որ մեր երկրի մեծահարուստներն առանձնապես չեն փայլում հարկային վճարումներով եւ բարեգործություն էլ անում են՝ հետին մտքեր ունենալով ու կոնկրետ նպատակների համար, այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել՝ եթե հրապարակային նվիրատվություն կազմակերպվի՝ նրանք բարեգործության նպատակով իրենց կարողության քանի՞ տոկոսից են պատրաստ հրաժարվել: ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, չնայած արձակուրդային այս սեզոնին, վերջին օրերին Գյումրիում բուռն աշխատանքային գործընթացների մեջ էր, ուստի նրա փոխարեն օգնականը միայն փոխանցեց, որ պարոն Ալեքսանյանը պատրաստ է ժողովրդին ինչքան պետք է՝ նվիրի. «Բայց ժողովուրդն էլ պետք է նրա վարկերը փակի»:
«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «Ես պատրաստ եմ հրաժարվել իմ ողջ կարողությունից, բայց պայմանով, որ Հայաստանում սովետական համակարգը վերականգնվի, եւ պայմաններն այնպես լինեն, որ մասնագետն իր տեղն ունենա եւ կարողանա աշխատել: Այդ դեպքում կհրաժարվեմ կարողությունից, որովհետեւ ունեցվածքը ոչինչ չի տալիս»: Այսինքն՝ եթե նման նախաձեռնություն լինի, կստորագրեք ու կհրաժարվե՞ք ձեր ողջ կարողությունից՝ «Համենայնդեպս, 50%-ը կհանձնեմ ու մեծ հաճույքով կստորագրեմ բարեգործական փաստաթղթի տակ»:
ԱԺ պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանի խոսքերով՝ ինքն էլ ոչ մեկից հետ չի մնա ու երդում էլ կտա, իր կարողության 50%-ն էլ կհանձնի բարեգործական ֆոնդին. «Եթե հերթը հասավ Հայաստանին՝ առաջինը ես կստորագրեմ»: Պարոն Մանուկյանն այնքան հեշտությամբ համաձայնեց հրաժարվել իր ունեցվածքից, որ մենք կասկածեցինք՝ ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը: Մեր հարցին՝ Բիլլ Գեյթսը 28 մլրդ դոլար է նվիրաբերել, մոտավորապես որքա՞ն եք գնահատում ձեր կարողությունը եւ 50%-ը որքա՞ն գումար կկազմի՝ նա պատասխանեց. «Հիմա ի՞նչ, դնեմ ասե՞մ` ինչքան փող ունեմ, գիտեք ինչ՝ թող Բիլլ Գեյթսը մեր չափ բարեգործություն անի, հետո կհամեմատվենք: Ինքը մենակ հավաքել է, հետո նոր մտածել, որ կարող է բարեգործություն էլ անի, իսկ մենք նվիրատվություններ անելով եկել ենք»: Այնուամենայնիվ, փորձեցինք պարոն Մանուկյանին համոզել, որ մոտավորապես հուշի, թե որքան է կազմում իր կարողությունը, ինչին ի պատասխան՝ գործարարը վստահեցրեց. «Լավ գումար է, վատ չէ»:
ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը չցանկացավ պատասխանել, թե իր կարողության քանի՞ տոկոսից կհրաժարվի կամ առհասարակ պատրա՞ստ է բարեգործությանը որեւէ գումար նվիրել: Ներկայացնում ենք նրա հետ մեր երկխոսությունը.
– Էդ հարցերը ուրիշ գործարարների տվեք, էլի:
– Դուք չե՞ք ուզում պատասխանել:
– Չէ՛:
– Այսինքն՝ պատրաստ չե՞ք հրաժարվել ձեր կարողության ինչ-որ մասից:
– Ես հարցին չեմ պատասխանում, եղա՞վ:
Ի տարբերություն Արտակ Սարգսյանի, ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը բարեգործության համար ուզում է իր կարողության մի մասից հրաժարվել. «Բայց ես պետք է նախ հասկանամ, թե ինչի է ծառայելու այդ գումարը: Մի բան որ նվիրում ես՝ պետք է հասկանաս ում ես նվիրում, օդի մեջ նվիրել չես կարող, եթե արժանի է՝ կնվիրեմ»: Մեր այն դիտարկմանը, որ հիմա պարզապես ուզում ենք ճշտել, թե այսօր մեր գործարարները որքա՞ն գումար են պատրաստ տալ բարեգործությանը, նա պատասխանեց. «Մեր հնարավորության սահմաններում միշտ էլ բարեգործություն, նվիրատվություններ անում եմ, բայց Հայաստանում կոնկրետ նման ֆոնդի հետ կապված կասկածներ ունեմ, որ այն իր նպատակին կծառայի: Եթե ինչ-որ մեկը տնօրինի՝ պետք է մեծ վստահություն ունենա, եթե հասարակությունը տնօրինի՝ անկառավարելի վիճակ կստեղծվի, ու գումարն իր նպատակին չի ծառայի: Եթե նման բան լինի՝ անպայման մասնակցություն կունենամ, բայց դժվարանում եմ ասել, թե կարողության քանի տոկոսը կհանձնեմ, դա կախված է, թե գործն ինչքանով կազմակերպված կլինի»:
Հ. Գ. Հաշվի առնելով, որ մեր երկրի մեծահարուստ օլիգարխները, քաղաքական գործիչներն իրենց ունեցվածքի հազիվ 10%-ը գրանցած լինեն իրենց անունով, մնացածը փաստաթղթերով՝ կնոջ, զոքանչի, աներոջ, աներձագի սեփականությունն է համարվում, հնարավոր է շատերը նվիրատվության երդման տակ ստորագրեն ու հրաժարվեն իրենց կարողության 50%-ից, բայց դա բարեգործության ֆոնդը չի լցնի: Բացի այդ, նշենք, որ անկախ ունեցած կարողություններից, մեր երկրի մեծահարուստները չեն ընդունում, որ իրենք հարուստ են, ուր մնաց թե՝ մեծահարուստ: Նրանք հավատացած են, որ իրենք հարուստ են հոգով, որը կիսել չեն կարող: