«Ցավալի է, որ պետական պաշտոնյաները անողոք վերաբերմունք են ցուցաբերում հայրենի բնության հանդեպ»,- երեկ news.am-ին ասել է բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ Վայքի պետ Հովհաննես Հակոբյանի մահվան փաստին: Վերջինս օրերս էլեկտրահարվել էր՝ Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ: «Ցավալի է, որ նման դեպք է եղել, եւ մարդ է մահացել,- ասել է Պեպանյանը,- եթե բնության հանդեպ նման վերաբերմունքը եզակի դեպք է, մի կերպ կարելի է հասկանալ, բայց եթե պարզվի, որ նման դեպքերը շատ են, կնշանակի, որ մեր իշխանական համակարգը խնդիր ունի՝ հայրենի բնության հանդեպ բարեխիղճ վերաբերմունքի առումով: Կապ չունի՝ պաշտոնյա՞ ես, թե՝ հասարակ քաղաքացի: Դու պետք է հարգես քո երկիրն ու երկրի ամեն ինչը, այդ թվում բնությունն ու այն ձուկը, որը որսում ես, բայց որի իրավունքը չունես»: