Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս են բյուջեն լցնում

Օգոստոս 11,2010 00:00

Շաբաթներ շարունակ «Առավոտը» տարբեր տնտեսավարողներից բողոքներ է ստանում այն մասին, որ հարկային տեսուչները, նրանց խոսքերով՝ «նստում են բկներիս՝ փող տվեք, որ մեզ վրա դրված պլանը կատարենք եւ գերակատարենք»:

Մեզ բողոքել է 4 կրպակատեր՝ 2-ը՝ Արաբկիր, 1-ը՝ Էրեբունի, 1-ը՝ Կենտրոն համայնքներից, 3 խանութպան՝ 2-ը՝ Կենտրոն եւ 1-ը՝ Արաբկիր համայնքից, 2 վարսավիրանոցի տեր՝ մեկը Դավիթաշեն, մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքից, 3 արագ սննդի կետի սեփականատեր՝ Կենտրոն, Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներից: Այս բոլոր բողոքողները, բնականաբար, չցանկացան հրապարակել իրենց անունները: Ավելին՝ նրանցից ընդամենը 3-ը համաձայնեցին խոսել դիկտաֆոնի առկայությամբ, բայց խստորեն պահանջելով՝ չհրապարակել իրենց անունը, քանի դեռ իրենք վերջնականապես չեն թողել երկիրն ու հեռացել…
Եվ քանի որ տվյալ դեպքում կարեւորը անունները չեն, այլ՝ երեւույթը, մենք կներկայացնենք ընդհանրական պատկերը:
Նրանց բոլորի խոսքերը ի մի բերելով, ստանում ենք մոտավորապես այսպիսի սխեմա. հարկային տեսուչները, կամ տվյալ շրջանի (օրինակ՝ Մյասնիկյանի, Խորհրդային, Մաշտոցի, Սպանդարյանի, Շահումյանի եւ այլն) հարկային տեսչության պետը կամ գանձումների բաժնի պետը իրենց «կլինետին» դիմում են.
ա) «խաթրով»՝ «Էսինչ ջան, ամսվա վերջ ա, պիտի մի քիչ մուծվես, գիտես, էլի, ինձնից թիվ են ուզում…»: Եվ Էսինչ ջանը, մի կերպ հավաքելով իր ողջ ամսվա եկամուտը, կամ՝ ծանոթ-բարեկամներից պարտք վերցնելով, կամ՝ որեւէ բանկից վարկ վերցնելով, «մուծվում» է «մի քիչը»՝ 50-300 հազար դրամը: Համաձայնեք, որ  մանր բիզնեսի ներկայացուցիչների համար նման գումարները հեշտ վաստակելիք չեն:
բ) «չորով»՝ «Էնինչ, եթե մինչեւ վաղը չտաս էսքան գումարը, տուգանք ենք գրելու»: Ինչի՞ համար՝ զարմանում է Էնինչը: «Վրադ թեժ գծին բողոք է եկել»: «Ի՞նչ բողոք՝ ես չեկերը կանոնավոր տալիս եմ»: «Չէ, էլ մի ստիր, մեկը եկել է՝ մի շիշ հանքային ջուր ես ծախել, չեկը չես գրել»: «Ես տենց բան չեմ հիշում»: «Զատո մենք ենք հիշում…»: Էնինչը գումար չունի, որ տա, քանի որ մայրը հիվանդանոցում է, կամ զավակի ուսման վարձը պիտի տա, կամ տղան է բանակում, կամ 5 երեխա ունի, չհաշված տանը մնացած քույրը եւ ծնողները… Մի խոսքով՝ 200-300 հազար դրամը մի քանի քառակուսի մետրում տեղակայված փոքրիկ խանութիկի, կամ քյաբաբնոցի, կամ 2 հոգու համար նախատեսված վարսավիրանոցի համար մեծ գումար է: Սակայն մանր եւ գերմանր բիզնեսով զբաղվողն այլընտրանք չունի. պիտի վճարի այդ հորինովի կամ երբեմն էլ իրական հիմքերի վրա գրված տուգանքը, որպեսզի այն կաթկթացող աղբյուրը, որից սնվում է իր ընտանիքը, չկտրվի:
«Արտասահմանում բարեկամներ ունեմ, մինչեւ հիմա օգնում են մեզ, թեեւ 5 տարի է՝ այս խանութ կոչվածը ունեմ: Եվ արդեն տրտնջում են՝ ի՞նչ է, խանութպանն ալ փարա չունենա, որ իր ընտանիքը պահե…Դե արի ու բացատրիր, որ խանութպանը, այսինքն՝ ես, բանկին դիմում եմ, որ վարկ ստանամ, վզիս դրված տուգանքները տամ, գալիս են խանութս նայում են, ասում են՝ էս հավաբնի համար մենք ո՞նց վարկ տանք… բայց տուգանք գրողն ասում է՝ լավ էլ խանութ ունես, խի՞ չես մուծվում: Տղաս բանակում է, չգիտեմ ոնց հասցնեմ նրան այնտեղ պահեմ, մեծ ընտանիքս այստեղ պահեմ, խանութի համար ապրանք բերեմ, այդ տուգանքների համար պարտքերս փակեմ… Քոռ դանակով մորթում են, չեն թողնում գոնե զրոյի վրա կանգնենք, ուր մնաց թե՝ բարգավաճենք: Հետո էլ ամեն առիթով կխոսեն՝ փոքր եւ միջին բիզնեսը զարգացնում ենք… Սա՞ է ձեր զարգացրածը՝ խեղդվում ենք արդեն: Օր չի լինում, որ չտեսնեմ, թե ոնց է հերթական խանութը կամ օբյեկտը փակվում: Ես էլ երեւի փակեմ, թե չէ՝ ծախսս ավելի շատ է, քան եկամուտս»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:
«Տեսնում եք, չէ՞, այս վարսավիրանոց կոչվածը, ընդամենը 2 աթոռ է, այն էլ օրեր շարունակ մարդ չի մտնում, ամենահաճախակի հյուրս հարկայինն է: Գալիս են, թե՝ տուր, տուր, տուր… Որտեղի՞ղ, որտեղի՞ց տամ, ասացեք խնդրեմ, ախր, այս տարի աղջիկս քիչ էր մնում ինստիտուտից դուրս մնար, չէի կարողանում վարձը վճարել, մի կերպ պարտք եմ արել, վճարել, հույս ունեի, որ կաշխատեմ, այդ պարտքը կտամ, մի ամիս առաջ հարկայինը եկավ ու 200 հազարի տուգանք գրեց, ուղղակի խելագարվել կարելի է, չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու…»,- ասում է վարսավիրանոցի՝ դժվար կյանքից ժամանակից շուտ ճերմակած տիրուհին:
«Հարեւանուհիս եկավ երկու հատ հաց խնդրեց, ասելով, որ ամսվա վերջին փողը կտա: Աղջիկս էր կանգնած կասսայում, ես գործով դուրս էի եկել, խեղճ երեխես հացը տվեց, դու մի ասի՝ էդ անտերը հետեւը կանգնած է, տեղում նշում է, հաջորդ օրը գալիս է ինձ տուգանում: Ասում եմ՝ լսի, այ անհասկացող, էս՝ ես, էս՝ իմ նիսյայի ցուցակը: Եթե ես էս մարդկանց հաց չտամ, սովից մեռնեն, դո՞ւ ես տեր կանգնելու, չէ՝ չէ՞: Բա դու ինչի՞ ես համ իմ հացը կտրում, համ նրանց… Ու ես մենակ դրան չեմ ասում, ես մեր ամբողջ կառավարությանն եմ ասում էս խոսքերը: Չեն թողնում շնչենք, արդեն որերորդ անգամ է՝ գալիս է գլխիս կանգնում, տուգանքը գրում, չգիտեմ ինչ անեմ…Էս բուդկեն էլ որ դրել եմ՝ վարկով եմ դրել, հիմա ես էդ վարկը ո՞նց փակեմ, էդ վարկը փակելու հարցը չլիներ, երդվում եմ, թքելու էի, ծախեի ամեն ինչ ու գնայի…»,- պատմում է մյուս զրուցակիցս:
«Ամեն ինչ անում են, որ մեզ ստիպեն հեռանանք մեր երկրից, ամեն ինչ… Իրենք ուզում են համ բյուջեն մեր հաշվին փակեն, համ իրենք մեր հաշվին ապրեն, համ իրենց սիրածները մեր հաշվին հանգստանան: Ամառվա էս տապին հնարավորություն չունեմ նույնիսկ 3 օրով ընտանիքս Ծաղկաձոր կամ թեկուզ Քոբուլեթի տանեմ, իսկ հարկայինի դաժե ամենաքոսոտ աշխատակիցը ջիփերով է ման գալիս ու ամենալավ տեղերը հանգստանում: Հենա՝ մեր կողքը սրա (տալիս է մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որը չենք գրում, որպեսզի բողոքողին չբացահայտենք- Մ. Բ.) օբյեկտն ա, ո՞վ ռիսկ կանի թեկուզ մի անգամ մտնի, ուր մնաց թե՝ մի կոպեկ ուզի, կամ առավել եւս՝ տուգանք գրի…»,- կարծես նախորդի խոսքն է շարունակում այս մեկը:
«Թող գումար դնեն՝ ասեն ամիսը այսքան պիտի վճարես, ես էլ իմանամ, որ դա իմ հնարավորությունների սահմանո՞ւմ է, թե՝ չէ, ու մեջիցս ճղվելով էլ անեմ, վճարեմ, բայց ոչ թե 6 ամսվա մեջ 3 անգամ գան տուգանք գրեն, հետն էլ, թե՝ ի՞նչ անենք, մեզ էլ են խեղդում, ստիպված ենք… Էդ քիչ ա՝ ասում ա մի քանի օրով պիտի փակենք: Բա ես ի՞նչ անեմ, երիկամներս ծախեմ, թե երեխեքիս ու կնոջս փակեմ տանը, տունը պաժառ տամ, ես էլ գնամ ինձ Կիեւյանից գցեմ…Այ, սենց օրն են գցում մեզ, ու հետո էլ կանգնում մեծ-մեծ խոսում են…»,- հուսահատված դժգոհում է հաջորդը:
Այս ամենը մեր զրուցակիցների խոսքերի ընդամենը մի փոքր ծաղկաքաղն էր, ընդ որում՝ խիստ մեղմացրած եւ անհաճո խոսքերը հարյուրապատիկ կրճատած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել