Հավաստիացնում է Հայպետհիդրոմետը, սակայն կայքերն այլ բան են կանխատեսում
Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների, այդ թվում mail.ru եւ yandex.ru կայքերի եղանակի տեսությունը հավաստում է, որ առաջիկայում Երեւանում օդի ջերմաստիճանն առնվազն 5 աստիճանով բարձրանալու է, իսկ արդեն օգոստոսի 19-ին ու 20-ին հասնելու է +46-+49 աստիճանի: Տեղումներ էլ չեն լինելու: Չնայած ցերեկային ջերմաստիճանի՝ գնալով ավելանալուն, գիշերային ժամերի համար այս կայքերում կանխատեսում են նորմալ ջերմաստիճաններ՝ ամենաբարձրը՝ +22: Անտանելի շոգերի պատճառը, ըստ այս կայքերի, վերջին օրերին Արեգակի վրա տեղի ունեցած մի քանի պայթյուններն են, որոնք էլ նպաստում են օդի ջերմաստիճանի բարձրանալուն:
Եթե իսկապես Երեւանում հաջորդ 15 օրերին սպասվում են նման բարձր ջերմաստիճաններ, Հայպետհիդրոմետը պետք է նախազգուշացումներ աներ, սակայն այնտեղից ոչ մի տեղեկատվություն չի ստացվում: Մեր հարցին՝ որքանո՞վ են հավաստի այդ կայքերի տվյալները, որ ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ին հնարավոր է բարձրանա մինչեւ +49 աստիճան, Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Զարուհի Պետրոսյանը պատասխանեց. «Մենք կանխատեսումներ ենք անում միայն առաջիկա 5 օրերի համար: Մեր կանխատեսումների համաձայն, առաջիկա 5 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը չի բարձրանալու, մնալու է նույնը՝ +36-37, անգամ հյուսիսային շրջաններում հնարավոր են քիչ քանակությամբ տեղումներ՝ անձրեւի տեսքով»: Մեր դիտարկմանը՝ փաստորեն այդ կայքերն ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, նա պատասխանեց. «Չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Կոնկրետ yandex.ru-ի տեղեկատվության մասին ասեմ, որ այն տալիս է 10 օրվա եղանակի տեսություն, եթե ուշադրություն դարձնեք նախորդ օրերի համար արված կանխատեսումներին, այնտեղ էլ էր գրված, որ ջերմաստիճանը բարձրանալու է, սակայն այն մնաց անփոփոխ, այսինքն՝ նրանց տեղեկատվությունը հալվեց-գնաց: Մենք չենք կարող միջոցներ ծախսել ու ամեն անգամ այս կայքերի տեղեկատվությունը ստուգել, անել ավելի շատ օրերի կանխատեսումներ: Համենայնդեպս, նշեմ, որ 5 օր հետո էլ որեւէ «նամյոկ» չկա, որ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, անկախ Արեգակի վրա տեղի ունեցած պայթյուններից»:
Չնայած 37 աստիճանը հայաստանցիներիս համար այնքան էլ բարձր չէ, մենք սովոր ենք դրան, եւ ընդհանրապես այդ կարգի ջերմաստիճանը մարդու օրգանիզմի համար տանելի է, Զ. Պետրոսյանը խորհուրդ տվեց այս շոգերից էլ պաշտպանվել. «Ամենից առաջ պետք է թեթեւացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Կրեք միայն բամբակյա ու բաց գույնի հագուստ, գլխարկներ, որպեսզի պաշտպանեք ձեզ արեգակի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, պետք է հաճախ բնակարանները օդափոխել, մանավանդ գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին կարելի է պատուհաններն ու դուռը փակել, որ շոգը ներս չգա: Ասեմ նաեւ, որ հանրապետությունում այս օրերին բավականին բարձր է հրդեհավտանգությունը, քանի որ տեւական ժամանակ տեղումներ չեն եղել, իսկ արեւն էլ նպաստել է բուսականության չորացմանը: Ես այս մասին նշում եմ, որովհետեւ այս ժամանակահատվածում հաճախ են բացօթյա խնջույքներ կազմակերպում ու բացօթյա վայրում խորոված անում: Խորոված անելուց հետո պետք է անպայման մոխրի վրա ջուր լցնել ու այն հանգցնել, որ հրդեհ չբռնկվի, այլապես մենք կկորցնենք բուսականությամբ հարուստ տարածքներ»:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Հ. Գ. Ռուսական կայքերը երեկ ահազանգում էին, որ Արեգակի վրա ներկայումս էլ շարունակվող ուժգին պարպումների արդյունքում Երկրի վրա կշարունակվի մագնիսական փոթորիկը: Այդ երեւույթները սկսվել են օգոստոսի առաջին օրերին: Գեոմագնիսական անբարենպաստ ֆոնը կշարունակվի մինչեւ հինգշաբթի: Բժիշկները խորհուրդ են տալիս այս ընթացքում շատ հանգստանալ եւ քնել, քանի որ մագնիսական նման ուժգին տատանումների ժամանակ առաջանում են ուժգին նյարդային խանգարումներ եւ գրգռվածություն: