Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խախտվել է Ժնեւի կոնվենցիան

Օգոստոս 11,2010 00:00

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news. az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրեւ թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ եւ կայքերում լուսանկարներ տեղադրել:
Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները՝ ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների՝ համապատասխանաբար 13-րդ եւ 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:
Հետեւաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց եւ կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը՝ հանդիպել լրատվամիջոցների հետ, չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների՝ համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:
Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ հատկապես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա՝ ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել