Բլոգային նախորդ նյութերիցս մեկում մի անմեղ հիշատակում էի արել իմ եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման մասին: Խոր քնի մեջ ընկղմված ու յոթ երազ տեսնող մեր քաղաքական դաշտն ալեկոծվեց: Ես մեղք եմ գործել, այնպիսի մի մեղք, որն աններելի է, առանց դատ-դատաստանի՝ պետք է ինձ կախել, որ ընդդիմության ջահել անպիղծ հոգիները չքայլեն մեղավորիս խոտոր արահետով: Մանավանդ որ՝ էդ հանդիպումից բացի՝ նաեւ Աշոտյան Արմենի ու Շարմազանով Էդոյի ընկերն եմ: Չէ, հաստատ ինձ կկախեն, էս անգամ չեն խնայի…
Բարիկադից էն կողմ եմ անցել, մտել եմ թշնամու ճամբար… որտեղ մեր բանակն է, էդ բանակի նախարարը:
…Ու սենց պատմությունը, իրականությունը մեջ-մեջ ենք անում ու հայրենիքից ճառում:
Միասնական պատերազմ ու հաղթանակ էլ չունենք, որովհետեւ իշխանության համար Սասունն է դավաճան, ընդդիմության համար՝ էսօրվա նախարարը, իշխանությունը գեներալի փայ հաղթանակն է հիշում, ընդդիմությունը՝ Սասունի փայը:
Գաղթականի հոգեբանությամբ մեր երկիրն ու պատմությունը մաս-մաս ենք բաժանում, բարիկադներ կառուցում…
Էդ բարիկադները քանդել ուզեցի, որ Հայաստանի ամբողջությունն ու համը վայելեմ:
…Ու դառա դավաճան, դատավորները քնից արթնացել ու անվերջանալի մի հերթ են գոյացրել…