Կարծում է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, միեւնույն ժամանակ պնդելով, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային եւ գործընկերային են:
– Պարոն Սարգսյան, հայ- ռուսական երկկողմ ռազմական համաձայնագրի սպասվելիք փոփոխությունների, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման եւ այս ֆոնին՝ Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի հետ կապված Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արմատական վերանայման պահանջներ են հնչում: Որքանով եք կիսում նման պահանջները:
– Մեզ մոտ, հատկապես քաղաքագիտական շրջանակներում, սովորույթ է դարձել քթից այն կողմ չտեսնելը: Եվ երբ մենք սկսում ենք գնահատականներ տալ՝ ելնելով զուտ որեւէ առանձին փաստից, մենք անպայման կանգ ենք առնում սխալ եզրակացության հանգելու վտանգի առջեւ: Հայ- ռուսական հարաբերությունները չի կարելի դիտարկել զուտ որպես երկկողմ հարաբերություններ՝ այդտեղ եղած լավ ու վատ կողմերով: Դրանք պետք է դիտարկել շատ ավելի մեծ՝ աշխարհաքաղաքական տիրույթում: Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք ոչ միայն գործընկերային, այլեւ դաշնակցային հարաբերություններ: Գնահատելով բոլոր գործոնները՝ մենք ինքներս ենք նման որոշում կայացրել: Եկեք հասկանանք, այդ հարաբերությունները մեզ օգուտ են բերում, թե վնաս: Եվ եթե մենք ունենք որեւէ համարժեք՝ փոխարինելու այդ հարաբերությունները, մտածենք այդ ուղղությամբ:
– Իսկ մենք ունե՞նք համարժեք:
– Ոչ, չունենք, եւ դեռ երկար ժամանակ չենք ունենալու: Եվ դա գալիս է այն սխալ քաղաքականությունից, որը գիտակցաբար, թե անգիտակցաբար, իսկ ավելի շուտ՝ ելնելով իրենց անձնական շահերից, վարել են ՀՀ իշխանությունները՝ 90 թ.-ից, մինչ օրս: Նրանք արել են ամեն ինչ, որ մենք լինենք կախյալ արտաքին աշխարհից, քանի որ նրանց համար առաջնային գործոն է դարձել փողը:
– Իսկ ուր մնաց տարիներ շարունակ թմբկահարվող կոմպլիմենտար՝ փոխլրացնող քաղաքականությունը:
– Մենք ընդհանրապես չենք ունեցել կոմպլիմենտար քաղաքականություն: Նման քաղաքականություն պարզապես չկա: Գռեհիկ է հնչում, բայց դա նույնն է, որ ասենք, թե ես պատրաստ եմ հանուն շահի տրվել ցանկացած կողմին: Այդպիսի արտաքին քաղաքականություն վարող պետությունը չի կարող պետություն լինել: Պետությունը պիտի ունենա իր հստակ արտաքին քաղաքական ուղենիշները:
– Պարոն Սարգսյան, մի կողմից Դուք հայտարարում եք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դաշնակցային են, մյուս կողմից էլ նշում եք, որ ասօր մենք հայ-ռուսական հարաբերություններին այլընտրանք չունենք: Չեք կարծում, որ այս պարագայում դաշնակցային հարաբերությունների մասին պնդումները համոզիչ չեն հնչում:
– Մենք այդ այլընտրանքն այսօր չունենք, բայց կարող ենք ունենալ, եթե մենք ինքներս դա ձեւավորենք: Ամեն ինչ կախված է մեզանից: Բայց Ռուսաստանն ունի իր շահը՝ պահպանել իր ազդեցությունն այս տարածաշրջանում: Եվ այդ երկիրը չի պարտավորվել վերցնել ձեզ իր խնամքի տակ եւ ձեր փոխարեն բոլոր խնդիրները լուծել:
– Անշուշտ, ՌԴ-ն չպետք է լուծի մեր բոլոր խնդիրները, սակայն, համաձայնեք, որ բազմաթիվ դեպքերում Ռուսաստանը տնտեսական առավել շահավետ պայմաններ է առաջարկել իրեն ոչ դաշնակից երկրների, քան Հայաստանին: Օրինակ՝ հարեւան Թուրքիային Ռուսաստանը ցորենը վաճառում էր տոննան 205, Ադրբեջանին՝ 210 դոլարով, այն դեպքում, երբ իր ռազմավարական դաշնակցից նույն այդ ցորենի մեկ տոննայի համար պահանջում էր 250 դոլար: Նույն վերաբերմունքն էր նաեւ գազի սակագնի հարցում, ինչպես նաեւ Հայաստանում ատոմակայանի կառուցման՝ Ռուսաստանի առաջադրած պահանջների հետ կապված: Բա ուր մնացին մեր դաշնակցային հարաբերությունները:
– Ձեր օլիգարխներին հարցրեք, որովհետեւ օլիգարխներն են գնում ցորենը, եւ ոչ թե պետությունը: որովհետեւ ձեր պետությունը չունի անգամ բյուջե, որ պետական գնումներ կատարի: Այնպես որ, խնդիրները եկեք ձեր մեջ փնտրեք: Սա ձեր իշխանությունների որդեգրած սխալ քաղաքականության արդյունք է:
– Այդ իշխանությունները նաեւ Ձեր իշխանություններն են:
– Իմը՝ չէ:
– Ինչո՞ւ: Կոնկրետ ես երբեք իշխանության մեջ չեմ եղել, բայց ՀՀ իշխանությունները նաեւ իմն են, որովհետեւ ես ՀՀ քաղաքացի եմ: Իսկ ահա Դուք եղել եք նաեւ այդ իշխանության մեջ՝ աշխատելով որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական:
– Այո, բայց ընդամենը 1 տարով: Եվ դա կապված էր ԼՂՀ հետ: Բայց հենց տնտեսական եւ այլ հարցերում նրա հետ անհամաձայնության պատճառով ես հրաժարական եմ տվել:
– Իսկ ինչ կասեք ատոմակայանի կառուցման՝ Ռուսաստանի առաջադրած պայմանների հետ կապված: Փաստորեն, Ռուսաստանը համաձայն է կառուցել ատոմակայանը՝ պայմանով, որ իր կատարած ներդրումներին համարժեք չափով դառնա սեփականատեր: Մինչդեռ Թուրքիայի դեպքում Ռուսաստանը սեփականատիրական նկրտումներ չուներ եւ համաձայնեց կատարված հսկայական ներդրումները հետ ստանալ ատոմակայանի վաճառած էլեկտրաէներգիայի հաշվին:
– Գիտեք, ատոմակայանի հետ կապված, շատ կարեւոր է ոչ միայն դրա կառուցումը, այլեւ հետագայում անվտանգության պահպանությունը: Այնպես որ, այստեղ էլ Ռուսաստանի կարիքը կա:
– Բայց, չէ որ մեր երկրում տեղակայված են Ռուսաստանի ռազմակայանները, որոնցից մեր պետությունը ոչ միայն որեւէ վճար չի պահանջում, այլեւ ինքն է հոգում դրանց հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը՝ ի հաշիվ շարքային հայաստանցիներիս վճարած հարկերի: Եվ այդ ռազմակայաններն արդեն իսկ փոփոխվելիք պայմանագրով պարտավորվում են Ռուսաստանի շահերի պաշտպանությունից զատ, ապահովել նաեւ Հայաստանի անվտանգությունը: Ինչ է, եթե ատոմակայանը Ռուսաստանի սեփականությունը չդառնա, նրանք չպետք է ապահովեն դրա անվտանգությունը:
– Ինձ հետաքրքրում է, Դուք այդ հարցը տվել եք ՀՀ նախագահին:
– Ցավոք, ես նման հնարավորություն չեմ ունեցել:
– Եկեք հարցնենք, բայց հաշվի առնենք, որ, եթե ուզում ենք մի բան ստանալ, պետք է դիմացը ինչ- որ բան զիջենք: Սա է կյանքի օրենքը:
– Իսկ մեր ստացածն ու զիջածը, տվյալ դեպքում, ըստ ձեզ, համարժեք են:
– Մեծ հաշվով՝ իհարկե ոչ, ավելին զիջում ենք: Սակայն եթե վերցնում ենք այսօրվա ստեղծված իրավիճակը, որին բերեցին հասցրեցին իշխանությունները, ապա՝ այո, դրանք համարժեք են:
– Իսկ ինչպես եք գնահատում մեր դաշնակցի կողմից Հայաստանի հակառակորդ երկրին հակաօդային պաշտպանության C- 300 համակարգի վաճառքի փաստը:
– Շատ վտանգավոր: Եթե մինչ օրս Ադրբեջանը մտավախություն ուներ, որ իր հակաօդային պաշտպանությունը չի կարող կազմակերպել, ուստի Հայաստանի հետ պատերազմ սկսելուց առաջ հարյուր անգամ կմտածեր, ապա այդ զինատեսակի ձեռք բերումից հետո, Ադրբեջանն արդեն իրեն այդ առումով ապահովագրված կհամարի, ինչն էլ կհանգեցնի պատերազմի վերսկսման հավանականության մեծացմանը: Այսինքն, իր այս քայլով Ռուսաստանը որոշակիորեն հրահրում է Ադրբեջանին՝ սկսել ռազմական գործողություններ Ղարաբաղի դեմ:
– Կրկին հանգեցինք հայ- ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը կասկածի տակ դնելուն:
– Ոչ, քանի որ, ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, Ադրբեջանը, ցանկության դեպքում, այդ զինատեսակը կարող էր գնել նաեւ այլ երկրներից՝ Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից: Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանն այդ զինատեսակը գներ, ասենք, Թուրքայից, քան Ռուսաստանից: Կարծում եմ՝ ոչ: Այս դեպքում ավելի ճիշտ է, որ նրա գլխին վերահսկիչ լինի մեր դաշնակիցը, քան մեկ այլ՝ մեր նկատմամբ անհամեմատ ավելի թշնամաբար տրամադրված երկիր: Սակայն ես ուզում եմ նշել, որ անգամ այս պարագայում, Հայաստանը պահպանում է Ադրբեջանին անհաղթահարելի հակահարված տալու բոլոր հնարավորությունները: Եվ իրենք դա շատ լավ գիտեն: