Երեկ պաշտպանության նախարարությունում քննարկվեց երկու կարեւոր փաստաթուղթ
Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվեց երկու փաստաթուղթ՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ու ՀՀ ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագրերը: Երկու փաստաթուղթն էլ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնութագրմամբ, շատ կարեւոր են, իսկ դրանց իրականացումը կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում որակապես կբարելավի զինված ուժերի այսօրվա մակարդակը:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ քննարկման դրված պետական երկու ծրագրերն էլ իրատեսական են եւ համապատասխանում են ՀՀ տնտեսության հնարավորություններին. «Հայաստանի Հանրապետության շուրջ ազգային անվտանգության սպառնալիքները մեզ պարտավորեցնում են ունենալ հզոր, ժամանակակից, բայց ե՛ւ ճկուն, ե՛ւ կենսունակ ռազմաարդյունաբերական համալիր»,- ասաց ԱԱԽ քարտուղարը: Վերջինիս կարծիքով՝ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը հնարավոր է հասցնել իր տրամաբանական ավարտին, եթե հաջողությամբ եւ ժամանակին լուծվեն ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հետ կապված հիմնախնդիրները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների խնդրանքով, անդրադառնալով ռուսական S-300 PMU- 2 «Ֆավորիտ» տեսակի երկու զենիթահրթիռային համակարգերի՝ Ադրբեջան մտնելու խնդրին, ասաց. «Գտնում եմ, որ ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում ուժերի հավասարակշռության վրա համապատասխան նաեւ ազդեցություն կունենա, բայց հիշեցնում եմ, որ S-300 համակարգերը պաշտպանական համակարգեր են, եւ միեւնույն ժամանակ էլ նրանց հնարավոր ձեռքբերումների մասին մենք չենք կարող ասել՝ տեղեկություններ ունենք, թե չէ, առավել եւս, որ դա հերքվել է»: Վերջին շրջանում պարբերաբար տեղեկատվություն է հնչում այն մասին, որ Ադրբեջանը զարգացնում է իր ռազմաարդյունաբերական համալիրը, արդյո՞ք վերոհիշյալ փաստաթղթերի քննարկման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ կա որոշակի մտահոգություն: Այս հարցին ի պատասխան պաշտպանության նախարարն ասաց. «Մենք այդ աշխատանքի արդյունքում ենք եկել այն եզրակացության, որ ռազմավարական պլանավորման հիմք պետք է կազմեն նաեւ նշված ծրագրերը: Դրանց շրջանակներում տեղում արտադրություն կազմակերպելը տարեցտարի մեր անկախ տեսակետի եւ անկախ հնարավորությունների ընդլայնման ամենակարեւոր ուղղություններն են»:
Մասնագիտական լեզվով ասած՝ երեկ քննարկված ծրագրերը ներառում են գերժամանակակից սպառազինության ձեռքբերում, նրանց որոշ մասի՝ տեղական արտադրության մեջ ներառելը, ինչպես նաեւ՝ արտադրությունը: Հիմնական ուղղությունները՝ հեռահար կրակային խոցման հնարավորությունների, կարողությունների ընդլայնումն է, ինչպես նաեւ գերճշգրիտ համակարգերի ներդրումը, որն, ի դեպ, նաեւ հնարավորություն կտա, որպեսզի հակամարտությունների ժամանակ հնարավորինս նվազեցվի անգամ հակառակ կողմի քաղաքացիական անձնակազմի զոհերի թիվը: Ըստ մասնագետների, այդ սպառազինությունների կիրառումը հնարավորություն կտա, որպեսզի բացառվի հակառակորդի գործողությունների ազատ շարժը՝ ռազմական թատերաբեմի ամբողջ խորությամբ: