Պարզվում է, մրգի ու բանջարեղենի գները բարձր են ոչ միայն Հայաստանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատությամբ շոշափելիորեն բարձրացել են: Եթե անցած տարի, օրինակ՝ մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում էր 100-150 դրամով, իսկ վարունգը՝ մինչեւ 100 դրամ, ապա այս տարի լոլիկի գները սկսվում են 250 դրամից՝ հասնելով 400-ի, իսկ վարունգի գինը չի իջել 150 դրամից: Ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի շուկաներում սա առաջացնում է ե՛ւ գնորդների, ե՛ւ վաճառողների դժգոհությունը: ԼՂ-ի գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը բարձր գների պատճառներից է համարում ղարաբաղցու ծուլությունն ու ալարկոտությունը: «Այսօր մենք ունենք մոտավորապես 120 հազար հեկտար վարելահող, որի ուղիղ 50 տոկոսն ենք մշակում տարվա ընթացքում: Մնացած 50 տոկոսը մնում է անմշակ: Այստեղ բնակչության, հողօգտագործողի անտարբերությունն է: Մարդիկ չեն ուզում աշխատել: Մարդկանց ծուլությունն է: Մենք մեր հողերը եթե լրիվությամբ մշակենք, ոչ միայն մեկ Ղարաբաղի, այլ հինգ Ղարաբաղի բնակչություն կարող ենք պահել»,- ասել է նախարարը, որի հետ համաձայն են նաեւ շարքային ղարաբաղցիները: Օրինակ՝ գյուղատնտես Վահան Բադասյանն առաջարկել է. «Փորձեք կանգնել Լաչինի ճանապարհի վրա. տասնյակ տոննաներով բանջարեղեն է մտնում Ղարաբաղ: Այնինչ, մեր պայմանները ավելի բարենպաստ են, քան այնտեղ, որտեղից բերում են, ասենք՝ Արարատյան դաշտավայրում: Մարդկանց մոտ ե՛ւ ավանդույթն է խախտվել, ե՛ւ աշխատելու ցանկությունը: Ֆերմերների համար պրոբլեմ է, որ նույնիսկ օրական 5 հազար, 7 հազար դրամով աշխատուժ չկա»: