Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԷ

Օգոստոս 11,2010 00:00

\"\"Իսկ դիվիդենտներ շահելու համար ջանքեր գործադրում են թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը

Հուլիսի 30-ին Associated Press-ը լուր տարածեց, թե ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները առաջին անգամ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ երկրի երկու խոշոր բանկերի՝ Կենտրոնական բանկի եւ Գյուղատնտեսական բանկի: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում՝ 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ եւ շարժական գույքի, նաեւ բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։ ՀՀ լրատվական ու քաղաքական, նաեւ փորձագիտական շրջանակներն անմիջապես արձագանքեցին այս տեղեկությանը: Որոշ բլոգներում եղան նաեւ այսպիսի դիտարկումներ՝ «Դատական այս գործընթացը խուճապ է առաջացրել Թուրքիայում» կամ՝ «Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա»:
Երեկ «Առավոտը» զրուցեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ՝ փորձելով ճշտել՝ թուրքական իշխանությունների եւ հասարակության շրջանում այդ հարցի առնչությամբ խուճապ կա՞, եւ ինչպե՞ս են այդ երկրում արձագանքում ամերիկահայերի դատական հայցերին: Թերթի խմբագիրը մեր հարցադրմանն ի պատասխան նկատեց. «Սկզբնական շրջանում արձագանքներ եղան. բնականաբար, հետեւում են, ուշադրություն կա, բայց այնպես չի, որ խուճապ կա, որովհետեւ թուրքական հասարակական կարծիքն այն համոզմանն է, որ իրավական իմաստով Թուրքիայի համար սպասվող ինչ-որ բացասական հետեւանքներ չկան: Փորձագետներն էլ հաստատում են այդ համոզումը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրներից չէր, եւ այդ պայմանագիրը ստորագրելուց հետո Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ մի լրացուցիչ փաստաթուղթ՝ համաձայնագիր ստորագրվեց, որը վերաբերում էր հայերի փոխհատուցումներին, որոնք 10 տարվա ժամկետի մեջ, Թուրքիան այն ժամանակ արդեն պետականորեն մարել էր: Հետեւաբար՝ թուրքական հասարակական կարծիքը, ԶԼՄ-ները առավել չափով դատական այդ պրոցեսը ԱՄՆ-ում հայկական թեմայի շուրջ քարոզարշավի մաս են համարում»:
Այս օրերին Հայաստանում լայնորեն քննարկվում է նաեւ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին հայաստանցիների եւ սփյուռքահայերի, հավատացյալների ու նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ, 1915 թվականից ի վեր, Սուրբ Խաչ եկեղեցում երբեք պատարագ չի մատուցվել: Այս համատեքստում ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նաեւ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովներից մեկը հայությանը կոչ արեցին չմասնակցել պատարագի արարողությանը՝ համարելով, որ դա Թուրքիայի կողմից իմիտացիոն շոու է: Թե որքանո՞վ են վերոհիշյալ կոչերն ու հայտարարությունները տեղավորվում ողջախոհության շրջանակներում՝ ճաշակի եւ աշխարհայացքի հարց է, բայց Ա. Գոչունյանը այս առնչությամբ նկատեց. «Ես, բնականաբար, այդպիսի կոչերի հեղինակներին դատելու կամ նրանց դիրքորոշումը բնորոշելու իրավունք չունեմ: Մենք յուրաքանչյուր մոտեցում՝ դրական, թե բացասական հայտարարություն կամ կոչ, հարգանքով ենք ընկալում, եւ որպես Թուրքիայի Հանրապետության ծագումով հայ քաղաքացիներ, եթե դրանք անգամ լրիվ կամ մասամբ չկիսենք, ի վերջո, չենք էլ կարող հայությանն առնչվող խնդիրների վերաբերյալ անտեսել Հայաստանում ձեւավորված ընդհանուր տրամադրությունը: Ես դրանք այդ շրջանակներում եմ ընկալում, եւ, բնականաբար, կոչի արդյունքներն արժեւորելը կմնա ժամանակի ընթացքում ստեղծվելիք իրադրությանը»: Նա միաժամանակ նկատեց, թե նման կոչերն ու հայտարարությունները, թերեւս, պայմանավորված են հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցված լինելու հանգամանքով: «Այդ է պատճառը, թերեւս, որ Երեւանից նման վերապահ մոտեցում է հնչում: Բայց մյուս կողմից էլ, Աղթամարում կայանալիք իրադարձությունը միայն քաղաքական բնույթ չէ, որ ունի: Ես ընդունում եմ, որ քաղաքականը գլխավոր առանցքն է այս պրոցեսում, բայց միակը չէ»,- շեշտեց Ա. Գոչունյանը՝ հավելելով, թե կան նաեւ հարցի այլ կողմեր եւս՝ պատմական, կրոնական, մշակութային, ու եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու համար խոչընդոտներ կան, ապա դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել նաեւ այլ ուղղություններով ստացվելիք անուղղակի օգուտներից: «Որքանո՞վ դա նպատակահարմար կլինի կամ չի լինի՝ կարելի է երկար քննարկել: Փաստը մնում է այն, որ այսօր նման կոչ եւ վերաբերմունք կա, եւ դրա փոխարեն էլ Թուրքիայի կողմից այսպիսի նախաձեռնություն»,- կարծիք հայտնեց թերթի խմբագիրը: Ինչ վերաբերում է թուրքական կողմի «իմիտացիոն շոուներին», ապա, Ա. Գոչունյանի համոզմամբ, երրորդ կողմ հանդիսացող երկրների հասարակական կարծիքը իրենց նկատմամբ նպաստավոր ձեւավորելու, դիվիդենտներ քաղելու ջանքերը երկու կողմերից էլ միշտ էլ կային: «Թուրքիան այդ նպատակին ծառայեցնող նախաձեռնություններն իրականացնում է նաեւ իր սահմանների ներսում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ որդեգրվող միջոցառումներով կամ իր քաղաքացին հանդիսացող թուրքահայերի նկատմամբ որոշակի վերաբերմունքով: Ինձ թվում է, այստեղ որեւէ անսպասելի կամ արտառոց բան չկա»,- նկատեց մեր գործընկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել