Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատոմսեր՝ բանաստեղծից

Օգոստոս 10,2010 00:00

Հովհաննես Թումանյանի բժշկական հետաքրքրությունները

Թումանյան բանաստեղծը միշտ էլ եղել է գրականագետների, գրասերների եւ առհասարակ հայ մարդու ուշադրության կենտրոնում: Նա գնահատվել եւ իր արժանի տեղն է գրավել եւ՛ գրական, եւ՛ հասարակական գործունեության բնագավառում: Սակայն այս ամենը Թումանյան մարդու հետաքրքրությունների միայն մի մասն է կազմում: Հաճախ զարմանք է պատում մեզ՝ ծանոթանալով եւ հասկանալով նրա հետաքրքրությունների ահռելի ծավալը եւ բազմազանությունը՝ աստվածաբանություն, բնագիտություն, բուսաբանություն, կենդանաբանություն, արեւելյան եւ արեւմտյան փիլիսոփայություն, բժշկություն, կովկասագիտություն, բանահյուսություն եւ այսպես կարելի է դեռ երկար շարունակել: Իսկ դրա լավագույն ապացույցն այն վիթխարի գրականությունն է (8000-ից ավելի), որ գտնվում է նրա անձնական գրադարանում (ռուսերեն, հայերեն եւ այլ լեզուներով)՝ բաժանված տարբեր խմբերի: Ի դեպ, խմբավորումը կատարել է բանաստեղծը՝ տեղադրելով դրանք 12 պահարաններում: Առանձին խումբ են կազմում բժշկական ավելի քան 100 անուն գրքերը՝ մեծ մասը ռուսերեն, ինչպես նաեւ բժշկական պարբերականներ, ինչպես, օրինակ՝ «Առողջապահական» միամսյա հանդես, «Առողջապահիկ» թերթ, «Բժիշկ առողջապահական» ամսաթերթ եւ այլն: Բանաստեղծի այս հետաքրքրության մասին տեղեկություններ ենք հավաքել հեղինակի դստեր՝ Ն. Թումանյանի «Հուշեր եւ զրույցներ» գրքից, բանաստեղծի՝ մտերիմներին հղած նամակներից, նաեւ արխիվային նյութերում նրա իսկ ձեռքով գրի առնված տարբեր բույսերից պատրաստվելիք դեղատոմսերից: Բազմաքանակ գրականության մեջ Թումանյանին հարազատ է եղել բժշկագիտական երկու հիմնական ուղղություն՝ ջրաբուժությունը, հատկապես Կնեյպի սիստեմը, եւ բուսաբուժությունը:
Բուսաբուժության նկատմամբ նրա մեծ հավատքը լավագույնս բացահայտում է Ն. Թումանյանի հուշերից մեկը. «Հայրիկը բույսերի, ծաղիկների բուժիչ հատկությանը շատ էր հավատում: Դեղ ասած բանը չէր սիրում, դժգոհությամբ եւ դժկամությամբ էր ընդունում, բայց երբ իմանում էր, որ այս կամ այն դեղն իրեն ծանոթ բույսից կամ ծաղկից էր պատրաստված, ընդունում էր մեծ հավատով, եւ սկսում էր խոսել բույսերի, ծաղիկների հատկությունների մասին»: Ավելի վաղ շրջանում, հեռու գտնվելով գյուղում ամառը անցկացնող երեխաներից՝ նա նամակներով խորհուրդներ էր տալիս բնությունից օգտվելու մասին. լինել մշտապես բնության գրկում, ազատ ու մաքուր օդում: Նա լավ գիտեր հայրենի լեռների բույսերի՝ ուրցի, դաղձի, մասուրի բուժիչ հատկությունների մասին: Թումանյանն ուներ իր սեղանի բժշկական գիրքը՝ Մ. Պլատենի եռհատորյակը, որը բացառիկ է ոչ միայն իր բովանդակային տեսանկյունից, այլեւ գրքին կցված մարդու սեռային տարբերակմամբ թղթային մանրակերտներով, որոնք հնարավորություն են տալիս անզեն աչքով տեսնել մարդկային մարմնի ամենաբարակ եւ ամենախորը նյարդային թելիկներն անգամ: Թումանյանը կենցաղում մեծ տեղ էր տալիս մարզանքին՝ առավոտյան վաղ պատշգամբում կամ բնության մեջ: Բանաստեղծի գրադարանում առկա բժշկական գրականության մեջ հաճախ հանդիպում ենք նրա ձեռքով կատարված նշումների: Ըստ այդ նշումների էլ կարելի է եզրակացնել այն հիվանդությունների շրջանակը (խոլերա, բկացավ, ճիճու, մաշկային հիվանդություններ), որ ավելի է հետաքրքրել բանաստեղծին: Մյուս կողմից էլ նա ընդգծում է այն բույսերը, որոնք իրեն հայտնի են. օրինակ՝ Ա. Օ. Յաշվիլիի «ծՈՐՏՊվՈÿ ՎպՊՌՓՌվՈ» գրքում, որտեղ հիմնականում բուժում էր առաջարկվում բույսերի տարբեր մասերով՝ տերեւներ, արմատ, ծաղիկ, եւ բանաստեղծն էլ մատիտանշաններ է արել իրեն հայտնի բույսերով դեղատոմսերի կողքին՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար: Ավելին՝ ձեռագրային արխիվում (ԳԱԹ ԹՖ,1180) կա երկու էջանոց նշում, որտեղ նա ինչ-որ գրքից (ինչը չհաջողվեց պարզել) դուրս է գրել առօրյայում օգտագործելու համար. օրինակ՝ «կոտեմի սերմը ծեծի, քացախով շաղախի, օրը մի փոքր տուր. երկու-երեք օր հետո կկտրի հազը, մեջքի ցավը, մազաթափությունը, աչքի լույսը, ճիճուն», կամ «փայծաղի ցավի դեպքում բողկի սերմը ծեծիր ջրով, տուր խմի կամ թուզը թրջած դիր մի կողմ եւ ժամը 5 հատ կեր» եւ այսպես շարունակ: Թումանյանը հաճախ չէր բավարարվում զրույցի ժամանակ բանավոր խորհուրդներով եւ որոշ մտքեր խոշոր տառերով գրում էր քարտերի վրա եւ փակցնում սեղանատան նկարների տակ, որպեսզի երեխաները կարդան եւ հիշեն: Օրինակ՝ «Մաքրությունը առողջության հիմքն է», «Խնդրում եմ չծխել», «Առողջ մարմնի մեջ՝ առողջ հոգի»:

ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել