Լրահոս
Օրվա լրահոսը

Ենգիբարյանի ճամպրուկով դեպի մեծ արվեստ

Օգոստոս 10,2010 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպեց մնջախաղի միջազգային թատերական փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը, ով հայտնեց, որ մնջախաղի փառատոնը սկիզբ կառնի այսօր եւ կտեւի մինչ օգոստոսի 15-ը:  Այն կանցկացվի Ծաղկաձորում:  Փառատոնը նվիրված է հանրահայտ մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին:

Փառատոնի ընթացքում ժանրի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու 15 ներկայացում ու մանրապատում: Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ Ծաղկաձորի քաղաքային հրապարակում:

Ժ. Դադասյանը հայտնեց նաեւ, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը, որին կմասնակցեն թատրոններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Հայաստանից: Երեւան են ժամանել նաեւ անհատ մասնակիցներ: Փառատոնի օրերին կկազմակերպվեն վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը, Ժ. Դադասյանի խոսքով, հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի եւ թատերախմբերի միջեւ:

«Առավոտի» հարցին, ի՞նչը այդուհանդերձ չհաջողվեց իրագործել այս տարի, Ժ. Դադասյանը այսպես պատասխանեց. «Շատ բան… Բազմաթիվ բաներ ես չկարողացա անել, որովհետեւ մեզ հատկացված գումարը շատ քիչ էր: Մենք, իհարկե, հովանավորներ ունենք, բայց դա էլ բավական չէ իմ  մտահղացումները իրականացնելու համար: Օրինակ, ուզում էի փառատոնը տարածվեր Հայաստանի այլ շրջաններում էլ: Ցանկություն կար նաեւ թերթ տպել, այն կլիներ յուրատեսակ փառատոնի օրագիրը, բայց…»:

Փիթեր Փոփեր

Լրագրողներին իրենց տպավորությունները հայտնեցին նաեւ ներկա դերասաններ Իման Լիզարազուն եւ Ռիչմոնդ Շեփարդը (ԱՄՆ), Լեոնիդ Ենգիբարյանի թոռը՝ Փիթեր Փոփերը (Չեխիա): Փառատոնի օրերին վերջինս հանդիսականի դատին կներկայացնի Լ. Ենգիբարյանի «Հովանոց» նովելի հիման վրա ստեղծված պիեսը: Բեմադրության ռեժիսորը Ժ. Դադասյանն է:

«Երբ իմացա, որ Լեոնիդ Ենգիբարյանի թոռն եմ, իսկ դա եղավ 14 տարեկան հասակում՝ մայրս նվիրեց Լեոնիդ Ենգիբարյանի ճամպրուկը»,- պատմում է Փիթերը եւ հավելում, որ այդ օրվանից հետաքրքրություն առաջացավ իր մեջ  հնարավորինս խորը ծանոթանալ իր արմատներին:

Հանրաճանաչ պապի մասին տեղեկություններ ստանալ նրան օգնել են Լ. Ենգիբարյանի ողջ գործընկերներ-միմոսները: Հենց նրանք էլ առաջարկել են Փիթերին շարունակել պապի գործունեությունը:

Նա լրագրողներին ասաց նաեւ, որ շատ բան իր պապի մասին պատմել են նրա նովելները: Նովելների միջոցով ավելի լավ է սկսել ճանաչել հարազատ պապին: Ավելին, նովելների մեջ ինքն իրեն է գտել: Նրանք շատ հոգեհարազատ են եղել Փիթերին: 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031