Առայժմ՝ միայն ֆինանսական…
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը ամենաձգձգվածն էր՝ չորս հանդիպումները չորս հաջորդական օրերի ընթացքում տեղի ունեցան: Մեկնարկելով «Փյունիկ»-«Միկա» սկզբունքային խաղով՝ տուրն ավարտվեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, որտեղ «Կիլիկիան» ընդունում էր «Շիրակին»: Բախտի քմահաճույքով հենց ետնապահների այս հանդիպման շրջանակներում հրապարակվեց ֆուտբոլային շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը. Գյումրիի «Շիրակը» նոր սեփականատեր ունի:
Ինչպես խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, թիմի նոր սեփականատերը «Սովրանո» ընկերության նախագահ Արման Սահակյանն է: Բիչախչյանի խոսքերով, «Շիրակն» արդեն հաղթահարել է ֆինանսական ճգնաժամը, ֆուտբոլիստներն ստացել են աշխատավարձ, որը կրկնակի բարձրացվել է, ու անցել են կանոնավոր մարզումների: Ավելին, թիմի կազմում նաեւ որոշակի փոփոխություններ են գրանցվել: Այդպես, թիմին են միացել երկու վրացի ֆուտբոլիստներ, հնարավոր է նաեւ համալրում տեղացի կադրերով… Ի դեպ, արդեն «Կիլիկիայի» հետ խաղում վրացի ֆուտբոլիստ Միշա Մուրմանիշվիլին դարձավ «Շիրակի» առաջին լեգեոները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության պատմության ընթացքում:
Բնականաբար, ֆինանսական դրության կայունացումը չէր կարող միանգամից իր հետքը թողնել թիմի ցուցադրած խաղի որակի ու, մանավանդ, արդյունքների վրա: Ուստի՝ 2:1 հաշվով պարտությունը «Կիլիկիայից» դեռ օրինաչափությունների շարքին է դասվում: Հուսանք, որ լուծելով մոտիվացիայի խնդիրը, տեսանելի ապագայում կլուծվեն նաեւ գոլերի ու հաղթանակների խնդիրները: Գյումրեցի երկրպագուն դրանց կարոտ է:
Հաղթանակների ու գոլերի են կարոտ նաեւ «Միկայի» երկրպագուները: «Ուլիսի», «Բանանցի» ու «Փյունիկի» հետ առաջնության վերջին խաղերում միկացիներին այդպես էլ չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել: Անգամ մարզչական փոփոխությունը նոր երանգներ չմտցրեց թիմի ցուցադրած խաղի գունապնակում: Էլ ի՞նչ «վերանորոգման» կարիք է զգում «Միկան» ու ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ նախորդ առաջնության փոխչեմպիոնին փրկելու համար, դեռեւս հստակ չի երեւում: Բայց կոսմետիկ վերանորոգումն արդեն իրեն սպառել է: «Փյունիկից» կրած՝ 2:0 հաշվով պարտությունն էլ հենց դրա հերթական ապացույցն է:
Ի տարբերություն «Շիրակի» ու «Միկայի», գոլային ծարավից չեն տառապում առաջին հորիզոնականում ընթացող «Բանանցն» ու նրան հետապնդող «Ուլիսը»: Կուզմանոսկու սաները այս առաջնության ընթացքում երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին «Իմպուլսի» նկատմամբ՝ առաջին շրջանում ավարտելով հանդիպումը 5:2, իսկ արդեն երրորդում՝ 6:1 հաշվով: Այս հաղթանակը ոչ միայն ամրապնդեց «Բանանցի» դիրքերը, այլեւ գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ 11-րդ անընդմեջ հաղթանակը առաջնության ընթացքում:
Սեւադա Արզումանյանի «Ուլիսն» էլ իր գոլային քաղցը հագեցրեց Կապանում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասարի» դարպասը: Արդեն հաջորդ տուրում «Ուլիսն» ու «Բանանցն» ուժերը կչափեն միմյանց հետ: Ու գուցե հենց այդ հանդիպումն էլ որոշի «Բանանցի» չեմպիոնական հավակնությունների իրական արժեքը: Այս թիմերին ընդամենը վեց միավոր է բաժանում: