Այսօր վաղ առավոտյան Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Սինգապուր՝ մասնակցելու օգոստոսի 14-ին մեկնարկող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերին (Սինգապուրում հանդես են գալու աշխարհի 205 երկրների 14-18 տարեկան շուրջ 3500 մարզիկներ, որոնք մասնակցելու են ծրագրում ընդգրկված 26 մարզաձեւերի 201 մրցաձեւերում): Իսկ երեկ մարզիկներն ու մարզիչները հյուրընկալվել էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանին: Նախարարը հաջող մրցելույթներ մաղթեց 12 մարզաձեւերին մասնակցող մեր 14 մարզիկներին՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերը տուն կվերադառնան մեդալներով: Մարզիկների անունից խոսեց ծանրորդ Սմբատ Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ գիտակցում են առաջին պատանեկան օլիմպիական խաղերի ունենալիք նշանակությունը սպորտի պատմությունում եւ կանեն ամեն բան, որպեսզի պատվով հանձնեն քննությունը: «Մենք հիշում ենք Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանին, մեր մյուս օլիմպիական չեմպիոններին եւ ցանկանում, որպեսզի մեզ նույնպես հետագայում հիշեն արդեն որպես պատանիների առաջին օլիմպիական խաղերի չեմպիոններ»,- ասաց շնորհալի մարզիկը, որի հետ մարզասերներն իսկապես մեծ հույսեր են կապում: Իսկ թիավարության (կանոե) մարզիչ Սամսոն Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, հատկապես Գագիկ Ծառուկյանին եւ նախարարությանը՝ բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների համար նախապատրաստության ողջ ընթացքում մարզումային լավագույն պայմաններ ապահովելու համար, ասաց, որ մարզիչներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի իրենց սաները լավագույն մարզավիճակով մեկնեն մրցավայր եւ Սինգապուրում բարձր պահեն Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
ՀԱՕԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Խաղերի բացման շքերթին Հայաստանի դրոշը տանելու պատիվը տրվել է նետաձիգ Վասիլ Շահնազարյանին:
Հայաստանի մարզական պատվիրակությունը Սինգապուրում կներկայանա «Լոտտո» ֆիրմայի արտադրության մարզահագուստով:
Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների օրերը:
Օգոստոսի 15
Սմբատ Մարգարյան (56 կգ, ծանրամարտ):
Անահիտ Բարսեղյան (թիկնալող, 50 եւ 100 մետր):
Սերգեյ Պովնեեւ (ազատ լողաոճ, 50 եւ 100 մետր):
Վարոս Պետրոսյան (85 կգ, հունահռոմեական ըմբշամարտ):
Օգոստոսի 16
Վահան Վարդանյան (մարմնամարզիկ):
Օգոստոսի 17
Արտակ Հովհաննիսյան (46 կգ, ազատ ոճի ըմբշամարտ):
Դիանա Խուբեսերյան (աթլետիկա, 100 մետր վազք):
Օգոստոսի 18
Վասիլ Շահնազարյան (նետաձգություն):
Օգոստոսի 19
Գոռ Մինասյան, (+85 կգ, ծանրամարտ):
Օգոստոսի 21
Դավիթ Ղազարյան (66 կգ, ձյուդո):
Հրայր Մաթեւոսյան (60 կգ, բռնցքամարտ):
Էդգար Բաբայան (թիավարություն, կանոե, սպրինտ, սլալոմ):
Օգոստոսի 22
Գեւորգ Պապոյան (ջրացատկ, 3 մետր ոստնակ):
Օգոստոսի 24
Ռոմիկ Վարդումյան (հրաձգություն, 10 մ օդամղիչ ատրճանակ):
Հայաստանի պատվիրակության հանձնակատար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը հանդիպման ավարտին մեզ տված հարցազրույցում ասաց. «Այս տարիքային խմբի մարզիկների հետ կապված գուշակություններ անելը դժվար է, քանի որ արդյունքների փոփոխություններ հաճախակի են լինում: Բայց մեր թիմում կան տղաներ, որոնք 2009 եւ 2010 թվականներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հասել են լուրջ հաջողությունների, ինչը հույս է ներշնչում, որ նրանք Սինգապուրում կարող են հավասար պայքար մղել ուժեղագույնների հետ: Մենք հույսեր ենք կապում հատկապես ծանրորդների, բռնցքամարտիկի, ըմբիշների հետ: Սրանք հենց այնպես ասվող խոսքեր չեն: Մարզիչները, ֆեդերացիաները ուսումնասիրել են Սինգապուրում իրենց սաների ապագա մրցակիցներին եւ լավ գիտեն մեր տղաների հնարավորությունները: Բայց, այնուամենայնիվ, եկեք սպասենք: Թեեւ ինքս վստահ եմ, որ մեդալներ լինելու են»: