Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՐԵՆԴԸ»

Օգոստոս 10,2010 00:00

\"\"Վենետիկի միջազգային Բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը հավաստիացնում է, որ այս տարի Հայաստանը հավուր պատշաճի կներկայացվի:

1895թ. հիմնադրված Վենետիկի միջազգային Բիենալեին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: Մինչեւ հիմա Բիենալեում հայկական ժամանակակից արվեստը ներկայացվել է ՆՓԱԿ-ի կուրատորների կողմից կազմված ծրագրերով։ Արդեն 54-րդ Բիենալեին Հայաստանը նորովի է պատրաստվում: Ազգային տաղավարի նոր կոմիսարն էլ, ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանն է: «Առավոտի» հետ հարցազրույցում պարոն Մնացականյանը հայտնեց, որ հայկական տաղավարի դեմքը ձեւավորվելու է ոչ թե կամայականորեն, այլ փորձագետների, ժամանակակից արվեստում մեր եւ «դրսի» լավագույն ուժերի ջանքերով, այնպես որ, Հայաստանը հետաքրքիր ներկայանա աշխարհին ու մեր կոնցեպտուալ միտքը կարողանա մրցունակ լինել «դրսում»: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ դրա համար միայն լուրջ գումարները բավարար չեն, աջակցելու է ԱԺ-ն, Երեւանի քաղաքապետը, մշակույթի նախարարը, ընդհանրապես՝ Հայաստանի մշակութային վարկանիշով մտահոգ մարդիկ: Առաջին անգամ կլինի գեղարվեստական խորհուրդ, կուրատորական հզոր թիմ, համապատասխան հիմնադրամ, հաշվի կառնվեն դաշտում գործող բոլոր արվեստագետների, արվեստաբանների առաջարկները:
Քանի որ Բիենալեին Հայաստանի մասնակցությունն ու հայկական տաղավարի կազմակերպումը լուրջ գումարներ է ենթադրում, հետաքրքրվեցինք չափի մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ դա 200 հազար դոլարի սահմաններում է, բանակցություններ են տարվում հեղինակավոր տարածքում՝ Ջարդինիիում (Giardini) կամ Արսենալում (Arsenale) տեղ գրավելու կամ նրանց հնարավորինս մոտ լինելու համար: Բիենալեին այցելում է 20 միլիոնից ավելի մարդ, եւ եթե դրա կեսն էլ լինի հայկական տաղավարում, ապա, ինչպես Մնացականյանն է ասում, լրջագույն մշակութային ամսագրերում ու հանդեսներում երեւա Հայաստանի անունն ու դեմքը, շահեկան վիճակում կհայտնվի մեր երկիրը: Օգոստոսի կեսերին պարզ կլինի հայկական տաղավարի կուրատորի անունը, կուրատորական խումբը կազմավորված կլինի, ուրվագծված՝ հայաստանյան տաղավարի դեմքը: Ի դեպ, վերջինս նաեւ Հայաստանում կներկայացվի:
«Առավոտի» դիտարկմանը, թե ինքն ավելի շատ քաղաքական, իշխանական գործիչ է ընկալվում, քան որպես մշակույթի կազմակերպիչ, Վ. Մնացականյանը պատասխանեց, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան, հեռու չէ մշակույթից, ուսանող ժամանակվանից մտահոգ է եղել, որ արվեստի ոլորտի փաստաբաններ, հեղինակային իրավունքով զբաղվող լուրջ կառույցներ Հայաստանում չկան: «Մեծագույն պատասխանատվություն ունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ վստահեցին, եւ այն արվեստագետների ու արվեստաբանների հանդեպ, ում պիտի ներկայացնեմ: Հաճելի է, որ վերջիններս նորմալ ընդունեցին իմ նշանակումը: Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չեմ…»,- հավելեց Վ. Մնացականյանը: Նա փաստում է, որ վերջին շրջանում մշակութային կյանքն ակտիվացել է, ԱԺ-ն էլ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում բազմաթիվ մշակութային միջոցառումներ է կազմակերպում եւ այդ օրերին իր դարպասներից ներս ընդունում մարդկանց, նաեւ ԱԺ շենքում են ցուցահանդեսներ կազմակերպվում, անվանի արվեստագետների ընդունելություններ կայանում: Վ. Մնացականյանն ասում է նաեւ, թե նկատելի է այն միտումը, որ մշակութային քաղաքականությունը իր ձեւակերպմամբ՝ ձեւական մասից անցել է գործնականի ու ամեն ձեռնարկի հետեւում «90 տոկոսի դեպքում պետական փող է»:
Դառնալով Բիենալեի կազմակերպմանը, Վ. Մնացականյանը նկատում է, որ եթե կա պետական աջակցություն, դա գործարարներին էլ վստահություն է ներշնչում. «Ու միայն դրա համար պետությանը կարելի է շնորհակալություն հայտնել»:
Ի դեպ, ԱԺ նախագահի խորհրդականը երկար տարիներ ապրել է Դեմիրճյան փողոցում, միշտ իրեն եւ իրենց բակի երեխաներին հետաքրքրել է, թե ինչ կա ԱԺ ճաղավանդակներից ներս: Պատահական չէ, որ երբ մշակութային միջոցառումներ են կայանում խորհրդարանի այգում, առաջին այցելուները հենց Բաղրամյան, Դեմիրճյան փողոցների բնակիչներն են լինում: «Երբ նշանակվեցի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար ու գլխավոր խորհրդական, հասկացա, թե ինչքան կարեւոր է ԱԺ այգին ավելի հանրային դարձնելը, ինչը նաեւ Հովիկ Աբրահամյանի բարի կամքի դրսեւորումն էր»,- նշում է նա:
Մեր զրուցակիցը անդրադարձավ մասնավորապես ժամանակակից արվեստին ու Հայաստանում դրա զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին՝ մեր երկրում ժամանակակից արվեստի ներկայացուցիչները չունեն հարթակ՝ ինքնադրսեւորվելու համար: «Ժամանակին երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը բացել է Ժամանակակից արվեստի թանգարան, ինչը հայկական մշակույթի դրսեւորման հետաքրքիր «հոտառության» արտահայտություն էր: Այսօր մեր Ժամանակակից արվեստի թանգարանը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կլասիկ առումով այն կարելի է համարել ընդամենը Հենրիկ Իգիթյանի հավաքածու, բացի հավաքածուից՝ թանգարանում ոչինչ նորմալ չէ»,-փաստում է նա:
Ըստ Վ. Մնացականյանի, պիտի սկիզբ դնել նաեւ պետության կողմից նկար գնելու կուլտուրային, ԽՍՀՄ-ի ժամանակ նման մշակույթ ունեցել են հավաքորդները, օրինակ՝ Գայանե Խաչատրյանի ամենաթանկ նկարը ԽՍՀՄ-ի ժամանակ հենց Հենրիկ Իգիթյանն է գնել: Երբ վերջինս հիմնում էր Ժամանակակից արվեստի թանգարանը, ինստալյացիաներ, պերֆորմենսներ չկային, մինչդեռ այսօր, անկախ մեր նախասիրություններից, հենց նման հենքի վրա է կանգնած ժամանակակից արվեստը: Պարոն Մնացականյանը փաստում է, որ, օրինակ, Շվեդիայի նման զարգացած երկիրը չունի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ քաղաքագետներից եւ իրավաբաններից պատրաստվում են միջազգային հարաբերությունների մասնագետներ, մինչդեռ Հայաստանում 27-ից ավելի միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ կան, որոնց նման ծավալի «արտադրանքը» չի ծառայում նպատակին: Փոխարենը չունենք արթմենեջերներ, թանգարաններում էլ էքսկուրսավարները հիմնականում հսկիչի դեր են կատարում: «Ժամանակակից արվեստի թանգարանը տարբերվում է մյուսներից նրանով, որ կարիք չունի հատուկ կահավորանքի, վերանորոգման, պատերի գույնի եւ այլն, այն կարող է ստեղծվել գործարաններում, պահեստներում, ամբարներում, ինչպես Վենետիկի Արսենալը, Մոսկվայի «ԹՌվջՈՉՏՊ»-ը… Վիեննայի հիմնական մշակութային թաղամասերը նախկինում ձիանոցներ են եղել, մենք էլ պիտի գտնենք այդպիսի վայր: Ցավում եմ, որ մեր Ժամանակակից արվեստի թանգարանի դիմաց ուրիշ բաներ են կառուցվել, մինչդեռ դրանց տեղում լավ կլիներ քանդակներ լինեին, օրինակ՝ Արա Ալեքյանի քանդակները քաղաքը չունի… Ցավոք, Երեւանի կենտրոնում չկա մեծ շենք, չկան այնպիսի սեփականատերեր, որոնք այնքան գնահատեն արվեստը, որ դա ուզենան նվիրել պետությանը կամ հենց իրենք հավաքեն ժամանակակից արվեստի գործեր: Մենք երբեք չենք գնահատում մեր ունեցածը, Կասկադի Գաֆեսճյանի նման կենտրոն ես չեմ տեսել ողջ աշխարհում, նման օջախները ժամանակակից արվեստի լավ հավաքածուների կենտրոնի վարկանիշ են բերում Հայաստանին: Մեր երկիրը ունի հարուստ պատմություն, ժամանակակից արվեստի հզոր պոտենցիալ, եւ եթե այդ ամենը ճիշտ ներկայացվի, կարող է զբոսաշրջության զարգացման խթան հանդիսանալ»: Իսկ այս պահին ունենք այն, ինչ ունենք… ՆՓԱԿ, որը, կոմիսարի խոսքով, մեծ դեր է ունեցել երիտասարդ արվեստագետների կայացման գործում, մի քանի ցուցասրահ, մեկը՝ նկուղում, մյուսներն էլ ոչ այնքան հաջողված ու ամենակարեւորը՝ արթտուրիզմի զարգացման ոչ մի հնարավորություն: «Աշխարհում այսօր ամենահեղինակավոր բրենդը մշակույթն է, ոչ թե զենքն ու սպորտը»,- համոզված է Վ. Մնացականյանը: Նա բերում է Արթո Թունչբոյաջյանի օրինակը. «Արթոն ոչ միայն հայ ազգի զավակ է, այլեւ ճանաչված բրենդ: Նրա գաղափարն էր կազմակերպել տարածաշրջանային ավանգարդ ֆոլք փառատոն: Մարոկկոյի նմանօրինակ փառատոներից մեկի ժամանակ 20 000 բնակիչ ունեցող քաղաքը 300 000 մարդ է այցելում այդ օրերին: Պատկերացրեք՝ նույնը իրականացնենք Երեւանում՝ մեր մայրաքաղաքի բնակչության թվի ու ենթակառուցվածքների պարագայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել