Երկուշաբթի օրը ԱՄՆ-ում սկսվել է ամերիկյան Գուանտանամո բանտի ամենաերիտասարդ կալանավորի դատաքննությունը: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», ամբաստանյալը կանգնելու է ռազմական հանձնաժողովի առաջ, եւ դա նախագահ Բարաք Օբամայի նախագահության օրոք առաջին նմանօրինակ դատական պրոցեսն է լինելու:
Lenta.ru-ի մատուցմամբ, Կանադայի 23-ամյա քաղաքացի Օմար Խադրը կալանավորվել էր 2002թ.-ին Աֆղանստանում, երբ 15 տարեկան էր: Խադրը մեղադրվում է ամերիկացի զինծառայողի սպանության մեջ. նա նռնակ էր նետել սերժանտ Քրիստոֆեր Սպիրի վրա: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Խադրին սպառնում է ցմահ ազատազրկում:
Օգոստոսի 9-ին նշանակված էին Օմար Խադրի գործով նախնական լսումներ, իսկ դատավարությունը կկայանա օգոստոսի 10-ին: 23-ամյա կանադացուն դատելու է 15 ատենակալների կոլեգիան: Խադրի նկատմամբ դատաքննությունը ԱՄՆ պատմության մեջ դեռահաս-գրոհայինի նկատմամբ ընթացող առաջին դատավարությունն է լինելու:
Ավելի վաղ Խադրն արդեն հայտնվել էր դատարանում, բայց նրա նկատմամբ դատական պրոցեսը դադարեցվել էր մեղադրող կողմի միջնորդությամբ՝ Բարաք Օբամայի խնդրանքով: Վերջինս իր երդմնակալության արարողությունից հետո հորդորել էր դադարեցնել Գուանտանամոյի կալանավորների նկատմամբ գործերի քննությունը: Իր նախընտրական արշավի ժամանակ Օբաման նաեւ խոստացել էր փակել Գուանտանամոյի բանտը: