Կիրակի օրը, օգոստոսի 8-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն աշխատանքային կարճատեւ այցով ժամանել էր Աբխազիա: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը», որի մատուցմամբ, Աբխազիայի անկախության հռչակումից իր վեր դա Մեդվեդեւի առաջին այցն էր այդ երկիր: Նրա այցի մասին մինչ այդ հայտարարված չի եղել, եւ ԶԼՄ-ների համար Ռուսաստանի նախագահի հայտնվելը Սուխումում անակնկալ է եղել: Մեդվեդեւը հանդիպել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ եւ խոստացել երկու երկրների միջեւ «բարիդրացիական հարաբերությունները» զարգացնել, այդ թվում՝ տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Մեդվեդեւը շեշտել է նաեւ, որ օգոստոսի 8-ին կատարած իր այցը Աբխազիա՝ խորհրդանշանակ է: Հիշեցնենք, որ հենց այդ օրն են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան նշում Վրաստանի հետ 2008թ. ռազմական հակամարտության տարելիցը: Խոսելով Աբխազիայի կողմից անկախության ձեռքբերման եւ այն Ռուսաստանի կողմից ճանաչվելու մասին՝ ՌԴ նախագահը նշել է, թե այդ քայլն անելը հեշտ չի եղել, բայց «ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր»: