Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաստագրեր ուսուցիչներին եւ կրթական հոգսեր

Օգոստոս 10,2010 00:00

Հուլիսի 12-ից օգոստոսի 10-ը 18 երկրների 81 սփյուռքահայ ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման ծրագրի: Երեկ, եզրափակելով ծրագիրը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրանց հանձնեց համապատասխան հավաստագրեր: Ծրագրին չեն մասնակցել Վրաստանի ուսուցիչները: Նախորդ տարի էլ Ջավախքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը չիրականացվեց: ԿԳ նախարարն ասաց, որ այս տարի Վրաստան կատարած իր այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի ԿԳ նախարարի հետ, որպեսզի Ջավախքի ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպվի Ջավախքում: Ինչ վերաբերում է Վրաստանի դպրոցներում ուսումնական ծրագրերի փոփոխությանը եւ Ջավախքի ուսումնական հաստատություններում հայագիտական ուղղությամբ ուսուցիչների՝ աշխատանքից հեռացմանը, նախարար Աշոտյանն արձագանքեց. «Ջավախքի հետ կապված ինֆորմացիան հայկական մամուլում խայտաբղետ է, իրարամերժ, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Այս ուսումնական տարում Վրաստանը չի փոխելու իր ուսումնական ծրագիրը, սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին նախատեսվում է Վրաստանի ԿԳ նախարարի այցը Հայաստան, եւ այդ հարցը լինելու է այցի օրակարգում»:
«Առավոտը» զրուցեց ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ՝ իմանալու, թե ինչ խնդիրներ կան Սփյուռքի հայկական գաղթօջախներում: Քաթյա Ահարոնյանը Հայաստան էր ժամանել Բրազիլիայից, որտեղ շուրջ 30 հազար հայ կա, մեծամասնությունը Սան-Պաուլո քաղաքում են ապրում եւ հենց այդ քաղաքում էլ գործում է միակ հայկական դպրոցը՝ 110 աշակերտով: Քաթյան այդտեղ հայոց լեզու եւ կրոն է դասավանդում: Ըստ մեր զրուցակցի, հայկական դպրոց հաճախողների թիվը Բրազիլիայում տարեցտարի նվազում է եւ հայեցիությունը պահելն էլ ավելի դժվար է դառնում:
Բաղդադի Ազգային վարժարանի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արամ Քեթենջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իրաքում այսօր միայն մայրաքաղաք Բաղդադում կա հայկական դպրոց՝ այն էլ 9-ամյա կրթությամբ եւ 140 աշակերտով, մնացած դպրոցները փակվել են:
Արմեն Յուրնեշլյանը դասավանդում է Բեյրութի Հայ ավետարանական քոլեջում եւ Հայկազյան համալսարանում. «Բեյրութում 40 հայկական դպրոց կա, հիմնական հարցը աշակերտների թվի նվազումն է, որովհետեւ գաղութն արդեն տկարացել է, յուրաքանչյուր դպրոց քիչ թվով աշակերտներով է պահպանվում»:
Մարգարիտ Մեղրոյանը ապրում է Գլենդելում, բայց արեւմտահայերեն է դասավանդում Շերմոն Օքսի Մերդինյան հայ ավետարանական վարժարանում: Տեղի հայկական համայնքի մասին ասում է. «Ամերիկայում հայերը ակտիվ են: Միայն Կալիֆոռնիա նահանգում 26 հայկական դպրոց կա: Վերջերս էլ Վեն Նայս քաղաքում բացվեց հայկական «չարտերային» դպրոց, որն անվճար է: Այնտեղի հայ երեխաների համար ասես դյուցազներգություն լինի Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել