Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ, ԱՆՀԵԹԵԹ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ

Օգոստոս 10,2010 00:00

\"\"ԳԱՏԱՀ հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի փաստերը

ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը «Առավոտի» էջերում բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, գիտության ոլորտի «փուչիկների» մասին փաստարկված հայտարարություններով: Մեր խնդրանքով նա անդրադարձավ նաեւ Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) բյուջեին։
«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի հիմնական գործառույթը պետբյուջեի տեղադրումն է կամ, ավելի պարզ՝ բաշխումը, որն իր հերթին բացահայտում է «խորիմաստ» ռազմավարությունների ու կարգերի իսկական էությունը։ Մեր հնարավորությունները, ցավոք, սահմանափակ են՝ ԳՊԿ-ի կայքում տվյալների բացակայության պատճառով։ Չնայած նույնիսկ առկա տվյալները բազմաթիվ հարցեր են առաջացնում, որոնց պատճառների հեղինակը նաեւ ՀՀ կառավարությունն է, քանի որ դիտարկվող փաստաթղթերը՝ պետբյուջեի գիտության մասի բաշխումը, ըստ պատշաճի, հաստատված են վերջինիս կողմից։ Փորձենք անդրադառնալ առավել խնդրահարույցներին։ Առաջին երեք հարցերը «գիտելիքահենք տնտեսության» ջատագով ՀՀ կառավարությանը, որի ջանքերի շնորհիվ իբր 2010թ. գիտության բնագավառին պետբյուջեով հատկացվել է 8,3 մլրդ դրամ՝ այսինքն՝ մոտ 23 մլն ԱՄՆ դոլար։ ա) Ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ հարկատուների միջոցներից գոյացած ՀՀ պետբյուջեից ֆինանսական հատկացումներ են արվում մասնավոր սեկտորին, պետական կառավարման մարմիններին եւ հ/կ-ներին։ Այսօր գիտության բյուջեից սնվում են բազմաթիվ ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ եւ հ/կ կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, ինչպես նաեւ պետական կառավարման մարմին հանդիսացող ՀՀ ԿԱ «Ջրպետկոմը»։ Ինչպե՞ս հասկանալ ԳՊԿ-ի դե յուրե նախագահի բազմիցս արտահայտած այն միտքը, թե գիտության բնագավառի աղետալի ֆինանսական վիճակը կարող էր ավելի բարվոք լինել, եթե տնտեսության մասնավոր սեկտորը ֆինանսապես աջակցեր։ «Ջրպետկոմի» ո՞ր ծախսերն են հոգում գիտության միջոցների հաշվին՝ վարչատնտեսակա՞նը, թե՞ ԳՊԿ-ի օգտագործած ջրի վարձն է փակվում։ բ) Ինչո՞ւ է առողջապահական, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության բնագավառների, ինչպես նաեւ քաղաքապետարանի, դատախազության եւ այլ գերատեսչությունների ծախսերը իրականացվում գիտության բնագավառի պետբյուջեի հաշվին։ Նկատի ունեմ այն հսկայական հատկացումները, որոնք իրականացվում են գիտության բյուջեի, այսպես կոչված, «ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման բազային» եւ «օբյեկտների» ծրագրերով։ Հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս գումարների մեջ նկատի չունեմ հետազոտական թեմաների գումարները։ գ) Ինչո՞ւ է հարկատուների միջոցներից գոյացած ՀՀ պետբյուջեից ֆինանսական հատկացումներ արվում օտարերկրյա սեփականություն հանդիսացող կառույցներին։ Առաջին հերթին նկատի ունեմ «Նյութաբանության ԳԱՁ» ՓԲԸ-ն, որը բոլորիս լավ հայտնի «գույք-պարտքի դիմաց» դարի գործարքով հանդիսանում է ռուսական սեփականություն։ Խնդրահարույց է նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանին, ինչպես նաեւ հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին եւ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին տրամադրված ֆինանսական միջոցների հարցը։
Գրեթե համոզված եմ, որ այս հատկացումները հաշվի չեն առնվում համապատասխան միջպետական համաձայնագրերում։ Այսպիսով, փաստելով, որ գիտության բնագավառի համար նախատեսված ՀՀ պետբյուջեի 8,3 մլրդ դրամը, այսինքն՝ մոտ 23 մլն ԱՄՆ դոլարը ընդամենը «հերթական փուչիկն է» Հայաստանի գիտական համակարգի համար, շարունակենք հարցերն արդեն ուղղակի ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ին։ Բայց նախքան բուն հարցերին անցնելը, հիշենք ԳՊԿ-ի դե յուրե ղեկավարի հայտարարություններից մեկը՝ Հայաստանում ստեղծվել է «անկախ փորձագիտական» համակարգ՝ իր բյուջեով, որի գործունեության արդյունքներով է պայմանավորված պետբյուջեի տեղադրումը։ Պարզ է, որ հայտարարությունը պարզապես չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք, որ սուտ է՝ դեմագոգիա։ Այդպիսի համակարգի գործունեության արդյունքում (ինչքան էլ որ այն վատը եւ սուբյեկտիվ լիներ), եթե այն իսկապես կա եւ հաշվի է առնվում անշահախնդիր չինովնիկների կողմից, մենք կունենայինք շատ ավելի տրամաբանական եւ հարաբերականորեն արդարացի պատկեր…»,- նշում է Հ. Կարապետյանը։
Նա անդրադարձավ այն հարցերին, որոնք առաջանում են ԳՊԿ-ի կայքում առկա տեղեկատվությունից՝ հնարավորինս խմբավորելով ըստ ֆինանսավորման ծրագրերի. «Սկսենք հետազոտական բաղադրիչի տեսակետից ամենահասկանալի ծրագրից՝ «պայմանագրային/թեմատիկ բազային ֆինանսավորումից», որի բացվածքը, ինչպես նշվել է արդեն, փակ է, եթե ոչ գաղտնի, եւ հարցը հիմնված է զուտ ԳՊԿ-ի դե յուրե ղեկավարի շատ ընդհանուր բնույթի հայտարարության վրա, այն է՝ ֆինանսավորվել են մոտ 700 փոքրիկ թեմաներ, որոնք, ինչպես պարզվել է, կրկնում են «ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման բազայիններին» եւ որոնց մեջ ներգրավված են, միջինում, 3-4 գիտաշխատողներ։ Չնայած այս հայտարարությունը իրերի ճիշտ հակառակ պատկերն է ներկայացնում բովանդակային առումով՝ թե որը որին է կրկնում (այնպես, ինչպես՝ պատն է քարերից կառուցված, թե հակառակը), բայց եւ այնպես հիմք է տալիս ենթադրել, որ 7 եւ ավելի կատարողներով թեմաները խիստ արտառոց են եւ, ըստ երեւույթին, նաեւ գիտական մեծ նշանակության։ Այդ իսկ պատճառով խիստ հետաքրքիր էր իմանալ, թե որո՞նք են այդ՝ գիտական տեսակետից խիստ կարեւոր թեմաներն ըստ ԳՊԿ-ի «անկախ փորձագիտական համակարգի» գնահատականի, հատկապես ովքե՞ր են դրանց ղեկավարները, եթե, իհարկե, ստեղծված փորձագիտական համակարգն իսկապես անկախ է։ Հատկապես շատ հետաքրքիր է իմանալ «քաղաքաշինության եւ ճարտարապետության» բնագավառի թեմաների գիտական ձեռքբերումները, քանի որ այս բնագավառում է արձանագրվել, ի հակադրություն բնական եւ ճշգրիտ գիտությունների բնագավառների, հետազոտական թեմաների թվի կտրուկ աճ ԳՊԿ-ի գործունեության արդյունքում, այսինքն՝ 2008թ.-ից սկսած։
Մյուս երկու՝ «պետական նպատակային» եւ «ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների» բազային ծրագրերով, հատկացումների արդյունավետությունը վերլուծելու համար տեղեկատվությունը բավարար չէ, անկասկած։ Սակայն ակնհայտ է, որ ԵՊՀ-ին 10 մլն դրամ հատկացումը «օբյեկտի» ծրագրով ծիծաղելի է, իսկ Մատենադարանին եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հատկացված հսկայական՝ համապատասխանաբար 164.4 մլն եւ 67.2մլն դրամ հատկացումները գիտության խնդիրը չեն, հատկապես որ, այդ նույն կազմակերպություններին, նորից գիտության բյուջեի արդեն «ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման բազային» ծրագրով, հատկացվել են նաեւ 21.2 մլն եւ 6.1 մլն դրամ համապատասխանաբար՝ հաշվի չառած հնարավոր միջոցները «պայմանագրային/թեմատիկ բազային» ծրագրով, որը, ինչպես նշել ենք, գաղտնիք է, փաստորեն։ Ըստ ամենայնի, այս երկու կազմակերպությունները փողի խնդիր չունեն, եթե նույնիսկ պետբյուջեի մշակույթի մասով փող չեն ստանում, որը շատ զարմանալի կլիներ։ Այս կառույցներից մնում է սպասել համապատասխան միջազգային չափորոշիչներով գիտական արդյունքների, որը, ցավոք, չի արձանագրվում գոնե Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դեպքում՝ ըստ ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվության։ Մյուս կողմից, «պետական նպատակային» բազային ծրագրով 25 մլն դրամ է հատկացված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին «Հայոց պատմություն» բազմահատորյակի համար։ Բայց չէ՞ որ «Հայոց պատմություն» քառահատորյակի համար նախկինում հատկացվել էր արդեն, կարծեմ, մոտ 100 մլն դրամ։ Արդյո՞ք հրատարակվել է քառահատորյակը, որ լրացուցիչ 25 մլն դրամ նպատակային գումար է հատկացվում եւ նրբորեն վերնագիրը վերաձեւակերպվում որպես «բազմահատորյակ»… Այստեղ հարցը միայն ֆինանսականը չէ, եթե քառահատորյակը չի հրատարակվել, այն էլ խիստ որոշակիություն պահանջող պետական նպատակային ծրագրով, ապա լրացուցիչ գումարների տրամադրումն առնվազն տգիտություն է, եթե ոչ հանցագործություն։ Հիմա դիտարկենք «ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման» ծրագրով ֆինանսական հատկացումները, որոնց ծավալը կազմում է մոտ 5 մլրդ դրամ (մոտ 13 մլն ԱՄՆ դոլար) եւ բաղկացած են 141 հատկացումներից, որից մենք կանենք ընդհանուր բնույթի հարցերի ծաղկաքաղ, ընդամենը։ Չեմ կարծում, որ կգտնվի մեկը, հատկապես իրեն մեծ ֆիզիկոս երեւակայողը, իհարկե, որը կկարողանա հիմնավորել, թե ինչո՞ւ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին այս ծրագրով հատկացվել է ընդամենը 49 մլն դրամ, իսկ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին՝ 143 մլն դրամ, կամ թե՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտին հատկացվել է մոտ 71 մլն դրամ, իսկ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին՝ 144 մլն դրամ։ Ակնհայտ է, որ այս ծրագրի շրջանակում հատկացումների զգալի մասը ավելի շուտ ուղղված է որոշակի հետազոտական թեմայի ֆինանսավորմանը եւ ոչ թե ենթակառուցվածքի պահպանմանը եւ զարգացմանը, ինչո՞ւ։ Օրինակի համար կարող ենք նշել ցանկի հենց առաջին այդպիսի դեպքը՝ ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտինը (որտեղ բազայինի հետ կապ չունեցող թեման ֆինանսավորվում է նաեւ բազայինի տեսքով), չնայած որ այդպիսի հատկացումները հիմնականում իրականացված են ԵՊՀ–ում։
Ինչո՞վ են պայմանավորված ԵՃՇՊՀ-ին հատկացված հսկայական գումարներն ու դրանց աբսուրդի հասնող նպատակները։ Այս իմաստով, հատկապես, հարկ եմ համարում առանձնացնել երկու շատ զարմանալի, եթե չասենք՝ զավեշտի հասնող հատկացումներ. ցանկի թ.129 «գիտական ոլորտում տեղեկատվական ցանցերի պահպանում եւ զարգացում» (31.5 մլն դրամ) եւ թ.130 «ավարտող ասպիրանտների աշխատանքի տեղավորման ծրագիր» (նշումը պաշտոնական ցանկում խրթին է, բայց կարծես թե մոտ 100 (80,96+19,503) մլն դրամ): Առաջին հատկացման մասին զարմանքս ու կարծիքս մանրամասն ու հանգամանալից կհայտնեմ առանձին որպես «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի գործող նախագահ։ Բայց եւ հարկ եմ համարում նշել, որ ԵՃՇՊՀ–ն, որը կարծես թե սերտաճել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի հետ (նկատի ունեմ Ջերմուկի հայտնի կոնֆերանսը նաեւ, բացի հսկայական հատկացումներից), բացարձակապես կապ չունի այդ շատ կարեւոր գործի հետ՝ ոչ ներդրումով եւ ոչ էլ մասնագիտորեն, իսկ գումարները, որոնք բազմիցս ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից մերժվել են ԱՐԵՆԱ հիմնադրամին, առնվազն երկու անգամ ուռճացված են։ Իսկ երկրորդ հատկացման համար հարցում եմ արել անկախ սեռից ու տարիքից մոտ 30 գիտաշխատողների եւ ստացել նույն պատասխանը՝ ի՞նչ է, աշխատանքի տեղավորման համար կաշա՞ռքն են օրինականացնում։ Իսկ ակադեմիական համակարգի ռեսպոնդենտները նաեւ հարցնում են՝ այդ դեպքում ակադեմիական համակարգի՞ն ինչու չեն տալիս»,- փաստում է Հարություն Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել