Խաղերից մեկում իր մասին գրում է Սայաթ-Նովան
Երբեմն-երբեմն վրացական եւ ադրբեջանական մամուլում «գիտական» հոդվածներ են հայտնվում, որոնցում կասկածի տակ է դրվում ուշ միջնադարի հանճարեղ բանաստեղծ Սայաթ-Նովայի ազգային պատկանելության հարցը։
Սայաթ-Նովան ստեղծագործել է Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, վրացերեն եւ թուրքերեն (ոչ ադրբեջաներեն, որոնք այդ թվերին չէին էլ կասկածում, որ հետագայում իրենք այդպես էին կոչվելու)։ Բարեբախտաբար, պահպանվել է Սայաթ-Նովայի խաղերի ինքնագիրը՝ «Դավթարը», որում առկա է մոտ 117 թուրքերեն խաղ, որոնց մի մասը հայատառ է, մյուսը՝ վրացատառ եւ 47-ը՝ հայերեն խաղ, բոլորն էլ վրացատառ (բացի մեկից, որի տառերի մի մասը հայերեն է, մյուսը՝ վրացերեն)։
Վրացերեն խաղեր «Դավթարում» չկան։ Դրանք աղճատված վիճակով մեզ են հասել Սայաթ-Նովայի որդու՝ Օհանի՝ Սանկտ-Պետերբուրգում վրաց արքայազն Թեյմուրազի պատվերով գրած մի ժողովածուից։ Հաճախ մերոնք Սայաթ-Նովայի ազգությունը հաստատելու համար փաստեր են բերում այն մասին, որ նրա անունը Հարություն (Արութիւն) է եղել, որ նա բազում հայերեն բանաստեղծություններ ունի գրած, որ նրա հոր անունը Կարապետ է եղել, մոր անունը՝ Սառա, որ նրա կին Մարմարը թաղված է Թիֆլիսի ս. Գեւորգ վանքի արեւելյան դռան մոտ, որ նա որպես քահանա եւ այնուհետեւ վարդապետ պաշտոնավարել է Վրաստանի, Հայաստանի եւ Պարսկաստանի հայկական վանքերում։ Սրանք բոլորն էլ հզոր, բայցեւայնպես կողմնակի փաստարկներ են։
Որեւէ մեկի ազգային պատկանելության մասին չի կարող լինել ավելի հզոր կռվան, քան հենց իր կողմից արված վկայությունը։ Սիրով ընթերցողի դատին եմ հանձնում Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարի» 62-րդ էջում գտնվող վրացատառ թուրքերեն խաղի բնագրի լուսատիպը եւ դրա՝ իմ կատարած գեղարվեստական թարգմանությունը, որը տպագրվում է առաջին անգամ։ Այդ խաղում Սայաթ-Նովան ինքը միարժեքորեն հաստատում է իր ազգանունը։ Խաղի գեղարվեստական թարգմանության համար որոշակի թարգմանչական ուղղումներից հետո հիմք եմ ընդունել հանգուցյալ արեւելագետ Նիկոլայ Գեւորգյանի կատարած տողային թարգմանությունը։
ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
***
Իմաստունաց ընտիր խոսքին
մարգարեայ մատն է դիպել.
ասես լինեն ճախարակից
քաղած ոսկե, արծաթ թել։
Առանց Հավատ այս աշխարհում
արյուն արցունք կվաստակես.
ջաղաց կըլնեն մարմնիդ համար
ատամներդ քո բերանում։
Մեն-միայնակ ողբ եմ ասում,
հալալ-զուլալ ընկեր փնտրում,
լավ ընկերը մարդու կյանքում
վշտին աղոթք՝ սպեղանի է։
Գող-ավազակ, գռփող մարդը
բազում պատրաստ միջնորդ ունի.
արդար կյանքով ապրած մարդը
երկնքի վարք-խոստումն ունի։
Ծագող լույսին ով խեթ նայե.
աչքն արյուն-արցունք վայե,
Սայաթ-Նովեն Քրիստոսին
չի ուրանա՝ քանզի Հայ է։