«Լրագիր մենք շատ ունենք, նույնիսկ ավելորդ, իսկ պետք է վերադաստիարակիչ հրապարակախոսություն։ Հրապարակախոսություն, որ անսխալ կերպով ախտանշի մեր ցեղի հոգսերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնահատումի ենթարկի մեր անցյալը եւ նոր ճշմարտություններ որոնի, որ լուսաբանի մեր ժողովրդի կնճիռները, ի հայտ բերի նրա թաքուն առաքինությունները, որ կռահի իր ժողովրդին սպառնացող վտանգը եւ դառնա նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ իմ մասնագիտությունը ժուռնալիստիկան է. սրանց գումարումը հավասար է՝ ես ազգային գաղափարախոսության տարածողն ու ջատագովն եմ: Ուստի թեմային անդրառնալն ինձ համար ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նախ՝ կարեւորում եմ լրագրողի ազգային գաղափարական ճիշտ գիտելիքներն ու մոտեցումները, ապա՝ վերջիններս հանրությանը օբյեկտիվորեն մատուցելը։ Կարծում եմ, որ մենք՝ լրագրողներս, ազգային գաղափարներից հեռանալու բարոյական իրավունք չունենք, որքան էլ ժամանակը փորձում է իր պահանջները եւ խաղի նոր կանոնները պարտադրել։
Երրորդ հանրապետության ձեւավորումը պայմանավորված էր ոչ միայն աշխարհաքաղաքական գործընթացներով, այլեւ ավելի շատ՝ ազգի շահերը, ազգային իղձերը իրագործելու՝ դարերով կուտակված մի պոռթկումով։ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը մի լայն լուսամուտ բացեց դեպի այն աշխարհը, որը ցանկացել է իսկապես հայ մարդը։ Նկատի էր առնվում, որ քաղաքական ու ռազմական հաղթանակից հետո Հայաստանը շատ արագ կզարգանա ոչ միայն այն պատճառով, որ ազգն աշխատասեր է ու դարերի ընթացքում կարողացել է պահպանել արարելու, ստեղծագործելու իր բնատուր ձիրքը, այլ նաեւ՝ որ կստեղծվի տեսական քաղաքական այն հիմքը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն դրսեւորվելու։ Բացի այդ, մեր տարածաշրջանը պարտավորեցնում է Հայաստանը զարգացնել շատ արագ, քան հարեւան երկրները, քանի որ նախորդ դարերի ընթացքում արտագաղթի պատճառով Հայաստանը փաստացի հայաթափվել էր։ Այժմ արդեն հնարավորություն էր ստեղծվում տեղում պահելու ոչ միայն առկա բնակչությանը, այլեւ, տնտեսական ու իրավական խթանիչներ գործադրելով, կազմակերպել մեծ ներգաղթ՝ հատկապես երիտասարդ սերնդի։ Հայաստանը պետք է լուծեր ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական շատ լուրջ խնդիրներ։
1990-ականների զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը տեւական ժամանակով չի կարող դուրս գալ ճգնաժամից։ Դրա պատճառը պետք է փնտրել ոչ այնքան շրջափակման, ռազմական իրադարձություններում, այլ գաղափարական ասպարեզում։ Հայաստանը չկարողացավ ստեղծել այն տեսական հենքը, որի վրա կխաչասերվեին մեր երկրի Սահմանադրությունը, դրանից բխող օրենքները եւ կառավարման համակարգը։ Փոխարենը՝ մենք օգտագործեցինք արեւմտյան երկրների օրենսդրությունը, փոխ առանք նրանց կառավարման համակարգը, որը խորթ էր եւ Հայաստանին, եւ ժողովրդի հոգեբանությանը։ Այդ ամբողջ ընթացքում չստեղծվեց գաղափարական այն հենքը, որը կդառնար ազգային ազատագրական շարժման տրամաբանական շարունակությունը։ Դա է պատճառը, որ Հայաստանը, ներառվելով համաշխարհային տնտեսաքաղաքական համակարգի մեջ, չկարողացավ այն օգտագրծել ի նպաստ երկրի հզորացման։ Փոխարենը պետական բավականին մեծ պարտք կուտակվեց, որը մարելու են մեր թոռները։ Բացի այդ՝ երկրի տնտեսությունը ուղղակիորեն կախման մեջ ընկավ օտարներից։ Եվ կրկին պատճառն այն էր, որ պետությունը գործունեությունը ծավալում էր առանց ապագային միտված տեսական ծրագրի, այն է՝ գաղափարախոսության։ Իսկ քանի որ Հայաստանը ազգային տեսակետից միատարր պետություն է, իսկ վերջինիս առաջնային խնդիրը հայի ազգային ինքնությունը պահպանելը պետք է լինի, խոսքն իրականում ազգաին գաղափարախոսության մասին է։
1990-ականները բնորոշվեցին նաեւ մամուլի բուռն զարգացմամբ։ Սկզբնական շրջանում մամուլում առավելապես արծարծվում էին ազգային-պետական խնդիրներ, որոնք պայմանավորված էին հենց երկրի անկախանալով ու պատերազմական իրադարձություններով։ Բայց քանի որ խոսքի ազատությունն ընդունվեց որպես բացարձակ արժեք, եւ արեւմտյան գաղափարախոսությունը դարձավ տիրապետող, իսկ օրենսդրությունը հենց դա էր խրախուսում, հայկական մամուլն աստիճանաբար հեռացավ ազգային հիմքից։
Հաճախ ենք լսում «ազգային հարստություն» ամպագոռգոռ բառերը. մենք ունեցել ենք Չարենց, Սեւակ, Թումանյան, պատմություն, արվեստ, մշակույթ եւ վերջապես, Արարատ եւ այլն, եւ այլն։ Սակայն ներքին մտավախություն կա, որ համապարփակեցումը (գլոբալիզացիան) ակնհայտորեն իր բացասական կնիքն է դնում այս արժեքների վրա։ Չէ՞ որ գլոբալացումն առանց խոչընդոտի թափանցեց Հայաստանի իրականություն եւ այդ նույն մամուլի միջոցով նաեւ խարխլում է ազգային մտածողության հիմքերը։ Եվ սա նույնպես ազգային գաղափարախոսության՝ ազգի առջեւ դրված խնդիրները չտեսնելու հետեւանք է։ Պատճառահետեւանքային այս շղթայում տեսնում ենք սկզբունքային բացեր, մասնավորապես, կրթական համակարգն այնպես է կառուցված, որ ազգային նկարագրով քաղաքացի դժվար է ձեւավորել։ Այս երեւույթը չի կարող ուղղակի ազդեցություն չթողնել լրագրության վրա։ Մեր ԶԼՄ-ները համալրվում են ոչ լիարժեք հայկականություն կրող «մասնագետներով», մինչդեռ լրագրողների դերը ազգային գաղափարախոսության, հոգեբանության, մտածելակերպի անաղարտ պահպանման հարցում անգնահատելի է։ Գլոբալիզացման գործըթացում սա հղի է կործանարար հետեւանքներով, քանի որ Սփյուռքի ուծացումը մենք չենք կարողանում հակակշռել հայկական ազգային բնույթի գործոնով հենց Հայաստանում։
Հիշենք, որ առանց գաղափարական հիմքի ոչ պետություն կարող ենք ստեղծել եւ ոչ էլ պահպանել ազգային կերպարը։ Մանավանդ մենք՝ հայերս, հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու խնդիր ենք դնում մեր առջեւ։ Չկա կյանքի որեւէ ոլորտ, որտեղ անհրաժեշտ չլինի ազգային գաղափարական հիմքը։