Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՔԱՂԱՔԸ

Օգոստոս 10,2010 00:00

\"\"Սյունիքի մարզի միֆ հիշեցնող Դաստակերտ բնակավայրի ապագան անորոշ է

Հայաստանի ամենափոքր քաղաքում՝ պաշտոնական տվյալներով 317 բնակիչ ունեցող Դաստակերտում այսօր լինելու համար պետք է առնվազն էնտուզիաստ լինել: Այսպես կմտածի յուրաքանչյուր մեկը, ով կհամարձակվի Սիսիանից Դաստակերտ ընդամենը 20 կիլոմետր ճանապարհն անցնել միակ տրանսպորտային միջոցով՝ միկրոավտոբուսով: Ճանապարհն իրականում միայն քարտեզի վրա կա: Դաստակերտցիները Սիսիան կարող են հասնել միայն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ այդ միկրոավտոբուսով, իսկ տաքսիները ճանապարհ չլինելու պատճառով հրաժարվում են ուղեւոր փոխադրել: Դաստակերտցիները ապրում են հույսով, որ մի օր քաղաքից քաղաք հասնելու համար գոնե մասամբ հարթ, գոնե հողե ճանապարհով կերթեւեկեն: Խորհրդային տարիներին այստեղ գործող երբեմնի պղնձամոլիբդենային հռչակավոր գործարանի մասին այսօր լոկ ավերակներն են հիշեցնում: Երբեմնի կոլորիտային բնակելի շենքերը, որոնք հիմնականում 4 հարկանի են եւ որտեղ ժամանակին բնակվել են հազարավոր բնակիչներ, կենդանիների ապաստանի էր վերածված: Միակ շենքը «Բելի դոմն» է, որին բնակիչներն այդպես են անվանում վերանորոգված տանիք ունենալու համար: Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատելու տարիներին Դաստակերտում 5000-ից ավելի բնակիչ է եղել: Աշխատելու են եկել ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլեւ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից ու այլ երկրներից: Քաղաքի կործանումը սկսել է 70-ականներից, երբ Դաստակերտի պնձամոլիբդենայինը դարձել է Քաջարանի կոմբինատի մասնաճյուղ, հետո իբր դարձել ոչ շահութաբեր ու փակվել: Սեփականաշնորհումից հետո էլ տերերը ամեն ինչ ծախել են ու հեռացել: 1976 թվականին այստեղ նաեւ բժշկական սարքավորումների գործարան է եղել, բայց դա այլեւս չի փրկել կործանման եզրին գտնվող քաղաքը:
Իրենց պատգամավորին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին դաստակերտցիները մեկ անգամ են տեսել՝ նախընտրական քարոզչության ժամանակ, կրկին տեսնելու սին հույսեր նրանք այլեւս չունեն: «Հիմա մեր ֆանտազիան է սկսել լավ աշխատել, լավ ապրելը ֆանտազիա է: Մեզ միայն Աստծո լույսն է պահում, թեկուզ մի մատուռ էլ քաղաքում չկա: Ստատուսով քաղաք ենք, բայց… մեզ մի քիչ լավ ենք զգում, որ քաղաքաբնակներ ենք կոչվում, մի կողմից էլ տխրում ենք՝ Դաստակերտում մարդ չի մնացել»,- ասում է Դաստակերտի նախադպրոցական տարիքի 15 երեխաներին դաստիարակող Մելանյա Առաքելյանը: Դպրոցի մեկ սենյակ զբաղեցնող մանկապարտեզը այս գարնանն է սկսել գործել: Դաստակերտի դպրոցը ժամանակին 3 հերթով է աշխատել՝ 600 աշակերտով, այսօր միայն 45 աշակերտ ունի: Տիկին Մելանյան 13 տարի գրադարանավար է աշխատում Դաստակերտի քաղաքային գրադարանում, բայց իր աշխատած տարիներին գոնե մեկ գիրք չի ստացել, իսկ հնից մնացածները խոնավության ու ցրտի պատճառով փչանում են՝ շենքը վթարային է: Մնացած գրքերը կարդալու համար էլ հերթ է լինում: Շուրջ 10 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Նաիրի Ֆիլոսյանը խոստացել է գրադարանի շենքը վերանորոգելու համար միջոցներ ձեռնարկել:
Այսօր Դաստակերտում ապրում են հիմնականում Ադրբեջանից եկած փախստականներ: Բնակիչների պատմելով՝ նախկինում ամեն շաբաթ Դաստակերտում գոնե մեկ ճոխ հարսանիք էր լինում, վերջին 3 տարում քաղաքում հարսանիք չի եղել: Դաստակերտում մնացած բնակիչները,  քաղաքապետարանում ու դպրոցում աշխատելուց բացի, ապրուստի ոչ մի միջոց չունեն, հող էլ չկա: Անասնապահությամբ զբաղվում են քչերը՝ մի պարզ պատճառով՝ օգուտ չկա, դժգոհում են՝ կաթը ջրից էժան գնով են գալիս-տանում: Քաղաքապետը ու մի քանի դաստակերտցիներ մեղվապահությամբ են զբաղվում: 80-ամյա Նատալյա Հարությունյանը իր փեթակներից ստացած մեղրն է վարունգի հետ հյուրասիրում: Ասում է՝ եթե մեղվի փեթակը ոսկուց էլ սարքեն, մեղուն իրենը հատուցում է: Նատալյա տատիկն ու նրա ամուսին Միքայել Բերչունցն այժմ բնակվում են Սիսիանում ու միայն ամռանն են գալիս Դաստակերտ: Միքայել Բերչունցը կամ, ինչպես դաստակերտցիներն են ասում՝ Մուխանը, որ ժամանակին ապրել է ադրբեջանցիների հետ կողք կողքի, կարոտով է հիշում նախկին Դաստակերտը. «Ամբողջ Երեւանը, Զանգեզուրը թափված է եղել Դաստակերտ: Միայն 1000 մարդ ճանապարհաշինարարության վրա էր աշխատում»:
Ժամանակին Դաստակերտում ակտիվ մշակութային կյանք է եղել՝ ակումբ, կինոդահլիճ, որտեղ եթե ոչ ամեն օր, գոնե շաբաթը մեկ ներկայացումներ, կինոդիտումներ էին: Այժմ միայն Մարտի 8, Նոր տարի են նշում՝ քաղաքապետարանի ոչ պակաս քարուքանդ շենքում: Ծնունդով տաթեւցի 82-ամյա Նիկոլայ Ստեփանյանը 1957 թվականից ապրում է Դաստակերտի ամենահին ու երբեւիցե չվերանորոգված շենքում: Տուն հիշեցնող վայրում մի քանի րոպե մնալն անգամ դժվար էր՝ փայտյա տանիքից ձմռանը կաթկթում է, ու տան իրական բնակիչների կողքին նաեւ տարատեսակ կենդանիներ են ապրում: «Արդյունաբերությունը վերացավ, մենք էլ պիտի քոչեինք, բայց մնացինք 30 հազար թոշակի հույսին: Մի մարդ, որ 20 տարի կոլխոզում աշխատի, 50 տարի էլ՝ ադյունաբերությունում ու հլա իմ հալը՝ ի՞նչ ա, ո՛չ չոբան եմ, ո՛չ մարդ եմ, մի ջուխտ կոշիկ էլ չունեմ: Մի երկու կոպեկ էլ բանկում փող ունեմ, էդ էլ չեն տալի, ասում են՝ հերթը Հայրենական պատերազմի մասնակիցներինն է: Պիտի տարիքային սիստեմը հաշվի առնեն, որ էս մարդու արդեն մեռնելի ժամանակն ա, ոչ թե իրանց «ջիփերը» նստեն, աջուձախ անեն, մեզ էլ թողեն սոված՝ կոտորվինք: Մարզպետը էկավ-նստավ, հարցնում ա,  քանի՞ հոգի կա քաղաքում, քաղաքապետն ասում ա՝ 220, բայց 50-ն էլ չկա: Սուտ տվյալներ են, Երեւանից գրանցված 30-40 մարդ կա, որ ստեղի բնակիչ ա համարվում, բայց Հայաստանում չի վաղուց: Էն ժամանակ, որ մարզպետը իր նազիր-վեզիրներով կյալիս ա, խոսում, թե պահելուվինք ձեզ, նրանից հետո էլ չենք տեսել: Դրանց պիտի գյուլլեն, որ էս ձեւի ժողովուրդ են պահում…»,- ասաց Նիկոլայ պապը: Նա Դաստակերտը չափազանց սիրելով հանդերձ՝ գտնում է, որ քաղաքի կարգավիճակը պետք է վերացնել. «Ի՞նչ քաղաք, ո՞վ ա թողել քանդված փոսերին քաղաքի կոչում տան, սաղ շենքերը դատարկ են…»:
ՀՀԿ-ական քաղաքապետը, ում մոտ մարզպետի անունը տալիս՝ աչքերը ուրախությունից փայլում են, Դաստակերտի քաղաք լինելու մասին ասում է. «Որ մտնում ես Դաստակերտ, բնակչությունը մի քիչ քաղաքատիպ ա: Շրջելով տարածաշրջանի գյուղերում, համոզվում ես՝ Դաստակերտն իսկապես քաղաք է, ժողովրդի գիտակցությունը, շարժը լրիվ ուրիշ է»:
Քաղաքապետը կարծում է, որ Դաստակերտը Գինեսի ռեկորդների գրքում անմահանալու արժանի քաղաք է. «50-ականներից Դաստակերտում երբեւիցե վերանորոգում չի եղել: Մենք էլ ենք աղետի գոտու կարգավիճակում: Այդ խնդրով դիմել եմ շատ կազմակերպությունների, բայց օգնող մինչ այժմ չի գտնվել»: Հետաքրքրվեցինք, թե առաջիկայում ի՞նչ նոր պլաններ կան: Նաիրի Ֆիլոսյանը պատասխանեց, թե որոշել են լուսավորություն անցկացնել ու զոհված ազատամարտիկների հուշարձանը ցանկապատել: Դաստակերտում մեկ՝ «Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ» պաստառով խանութ կար, որտեղից փորձեցինք լիցքավորման քարտ գնել, բայց՝ ապարդյուն: Խանութ կոչվածում միայն առաջին անհրաժեշտության, փոշով ծածկված մի քանի ապրանքներ էին: Խանութպան տիկին Գալյան պարտքի՝ տարիներով կուտակված ցուցակներով է «հպարտանում»: Տեղեկատվական տեխնոլոգիաները եւս կիլոմետրերով հեռու են քաղաքից: Չնայած կապի 3 օպերատորների՝ ինտերնետի լայնաշերտ ծածկույթի մասին ամպագոռգոռ հայտարարություններին, այստեղ ինտերնետը հասանելի չէր, իսկ հեռախոսից օգտվել միայն առանձին վայրերում էր հնարավոր: Քաղաքապետի հետ զրույցից էլ պարզվեց, որ նա կայքն ու էլեկտրոնային փոստն իրարից չի տարբերում: «Դպրոցում 2 համակարգիչ կա, մեկը դրամաշնորհից է մնացել, մյուսը կառավարությունն է տվել….որպես քաղաք»,- ասաց Ն. Ֆիլոսյանը: Ըստ նրա՝ դաստակերտցիների հույսն այն է, որ օգտակար հանածոներով հարուստ սարերում պաշարներ գտնվեն. «Եթե լինի, «Մոլիբդենի աշխարհ» կազմակերպության տնօրինությունը կբացի կոմբինատ եւ նախկինի պես ոչ միայն Դաստակերտը, այլեւ Սիսիանի շրջանը կունենա աշխատանք: Եթե Դաստակերտում հանքավայր չլինի, ապագա չեմ տեսնում, ո՛չ վարելահող կա, ո՛չ խոտհարք, մեզ մոտ լրիվ սարեր են…»:
Այժմ արաբական «Terra Drill Intl.» ընկերությունը հետազոտական աշխատանքներ է իրականացնում, 3600 քմ տարածքի համար շուրջ 400 հազար դոլար են տրամադրել: Ընկերության երիտասարդ տնօրեն Հուսեին Ալ Մուհամադը բնակվում է Դաստակերտում ու հոյակապ հայերեն է խոսում, հիացած է մեր երկրի տեսարժան վայրերով, բայց կարծում է՝ «հայերը թամբալ են»: Հուսեին Ալ Մուհամադը կարծում է, որ Դաստակերտը աշխարհի կենտրոնն է, սիրուն տեղ է. «առաջին 2 օրը ստանոկ խոդ չեմ տա, մինչեւ 2-3 ոչխար չմորթիմ, բաժանիմ: Լավ բան է, արաբի խասիաթն է: Ձեր ջուրը շատ համով է, սարերից հոսող մաքուր ջուրն ենք խմում»: Արաբ տնօրենի համոզմամբ՝ իրենք Դաստակերտում պղինձ ու մոլիբդեն են փնտրում: Իսկ բնակիչների շրջանում տարածված էին շշուկներ, որ հետազոտողների մտքում իրականում ուրանն է: Բնակիչներից ոմանք պատմում էին, որ մի քանի տարի առաջ, երբ նույն տարածքում մեկ այլ կազմակերպություն էր երկրաբանական հետազոտություններ կատարում, մեղուները սկսել էին անկանոն վարք դրսեւորել, կորցրել էին հիշողությունը ու դրանից մեծ կորուստներ էին եղել Բռնակոթում, Ախլաթյանում եւ հարեւան մի քանի գյուղերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել