«Ներխուժել են գրասենյակ, տարել փաստաթղթերը…»
Հունիսի 8-ին ՀՀ վարչական դատարանը դռնբաց դատական նիստով քննության առավ եւ ավարտեց «Այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միություն» ոչ առեւտրային կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի:
Հայցվոր այգեգործները դժգոհ են վարչական դատարանի որոշումից եւ այն բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատին:
Ըստ հայցվոր կողմի, արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն իր աշխատակիցների հետ անցյալ տարվա մայիսին ներխուժել է այգեգործների գրասենյակ, սպառնալիքի միջոցով առգրավել եւ տարել է այգեգործներին պատկանող գործավարական փաստաթղթերը՝ արխիվը: Այգեգործները պահանջել են արխիվի տնօրենից՝ վերադարձնել իրենց կազմակերպության սեփականություն հանդիսացող արխիվը, սակայն նա չի վերադարձրել: Այգեգործները նույն հարցով դիմել են նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին, որը խոստացել է փաստաթղթերի վերադարձման հարցը լուծել, սակայն չի լուծել: Այգեգործների միության ներկայիս նախագահ Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, որ իր նախորդը իրեն հանձնել է ձեռագիր մի թերթիկ՝ «Փաստաթղթերի ընդունման-հանձնման ակտ», բայց ոչ ամբողջական գործերը, որոնց մասին նշվում է: Մասնավորապես, մոտ 40 այգեգործական տեղական կազմակերպությունների 818 գործերը: Ըստ էության կազմալուծվել են իրենց աշխատանքները: «Նշված վեճը կարգավորվում է «Արխիվային գործի մասին» գործող օրենքի 9-րդ հոդվածի 1, 2, 3, 4 կետերով, որտեղ օրենսդիրը պահանջում է իրավաբանական անձի համաձայնությունը, այդ փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու եւ պայմանագիր կնքելու համար, որոնք ազգային արխիվի կողմից չի արվել» դատական նիստի ժամանակ ասաց Հ. Հովհաննիսյանը:
Գործավարական արխիվի վերադարձման հետ կապված «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանը թիվ 1-7/196 պաշտոնական գրությամբ հայտնել էր. «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ, օրինական կարգով մայիսի 31-ին այգեգործների սպառողական կոոպերատիվների հանրապետական միությունից ցրոն/չկարգավորված/ վիճակում ստացվել է եւ Հայաստանի ազգային արխիվ է տեղափոխվել ՀՀ տարբեր շրջաններում գործող այգեգործական ընկերությունների գործունեության վերաբերյալ փաստաթղթերը՝ թվով 818 թղթապանակ»: Նույն այդ պաշտոնական գրության համաձայն. «Փաստաթղթերի մուտքի հաշվառման մատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո, այգեգործական ընկերությունների գործունեության վերաբերյալ փաստաթղթերը համարվում են պետության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որոնց տնօրինման, տիրապետման եւ օգտագործման բացառիկ իրավունքները վերապահված են Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Հայաստանի ազգային արխիվի, եւ օտարման, վերադարձման ենթակա չեն, համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի»: ՀՀ վարչական դատարանում հայցվոր-այգեգործականները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ իրենց միության նախագահի արտահերթ ընտրությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 7-ին, ներկայացուցիչների ընդհանուր ժողովում, այսինքն, միությանը պատկանող փաստաթղթերը արխիվ «գործուղելուց» հետո: Ըստ էության, այգեգործների կանոնադրության համաձայն, փաստաթղթերը կարող են «դուրս հանվել» տարածքից միայն միության ներկայացուցիչների ժողովի որոշմամբ: Ի դեպ, այգեգործների նախկին նախագահ Ա. Մինասյանն ասել է, որ իր վրա պետական այրերը ճնշում են գործադրել, ինչի արդյունքում փաստաթղթերը հանձնել է նրանց: Այգեգործների 2002թ. դեկտեմբերի 24-ի կանոնադրության 11 կետի համաձայն, գրավոր տեղեկատվությունը հանդիսանում է միության սեփականությունը եւ այն կարող է բռնագրավվել միայն դատական կարգով կամ՝ օրենքով նախատեսված դեպքերում: Ըստ էության, այգեգործների արխիվի տնօրինման հետ կապված չկան կառավարության կամ դատական որոշումներ:
Իմիջիայլոց նկատենք, որ կար ժամանակ, երբ այգեգործի գրքույկը հանդիսանում էր սեփականաշնորհման մասնակի փաստաթուղթ, տրվում էր անվճար (Դատարանում հնչել է մեղադրանք, որ արխիվը սեփականության իրավունքի գրանցման ժամանակ տրվող տեղեկանքը վաճառում է 7000 դրամով): Չի բացառվում, որ սեփականաշնորհման գործընթացների հետ կապված է պետական մարմինը դարձել ոչ առեւտրային հասարակական կազմակերպության փաստաթղթերի միանձնյա տերը:
Պատասխանող-արխիվի ներկայացուցիչն էլ գտել էր, որ ակնհայտ անհիմն է այգեգործների պահանջը: Վարչական դատարանում պատասխանողը չհամաձայնեց այգեգործների կողմից իրենց մեղսագրված «ներխուժել են», «սպառնալիքների միջոցով առգրավել են» բառակապակցությունների հետ. «Եթե նման քրեորեն հետապնդելի արարք ենք գործել, ապա միության ղեկավարությունը ինչո՞ւ չի դիմել իրավապահներին»:
Նրանք տեղեկացրին, որ իրենց գործողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության, ՀՀ փոխվարչապետ Ա.Գեւորգյանի հետ: Դատարանը մերժել է հայցվորի պահանջը՝ արխիվին պարտավորեցնել այգեգործների սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը վերադարձնել այգեգործական միությանը: