Հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենից սպանվեցին նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Հայրապետյանը, ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Հովսեփյանը ու Արտեմ Մանասյանը: Զինծառայող Կարո Այվազյանն ըստ նախնական վարկածի, սպանելով նրանց, ինքնասպան է եղել:
29-ամյա Վարդգես Հայրապետյանին արդեն հուղարկավորել են: Նրա աճյունն ամփոփվել է Ջրվեժի գերեզմանատանը: Հուղարկավորությունը կազմակերպել է Խորհրդային տարածքի թաղապետարանը, զինկոմիսարիատը, որտեղից Վարդգեսը զորակոչվել էր: Վարդգեսը սովորել եւ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: Մինչ ԼՂՀ Մարտունի տեղափոխվելը՝ մարտական մկրտություն էր ստացել «Եղնիկներում»:
Վարդգես Հայրապետյանն ամուսնացած էր եւ ժամանակավոր բնակվում էր Մարտունիի ծառայողական բնակարանում: Նրա 5-ամյա տղան, 3-ամյա եւ 11 ամսական դուստրերը 23-ամյա կնոջ հետ Մարտունիից բերվել են տղայի պապի տուն, ուր ապրում էին հայրը, մայրը:
5-ամյա Արարատը չգիտի, որ իր հայրը մահացել է: Նա ասում է, որ իր հայրիկը Արարատ լեռան «պոստերում» է. «Գնացել է չաստ, որպեսզի պաշտպանի մեզ»: Վարդգեսի հայրը՝ «Հատուկ գնդին» զինվորագրված, հաշմանդամ, նախկին ազատամարտիկ Արարատ Հայրապետյանն ասում է, որ դիահերձարանից որդու դիակը փակ բերվեց: Հոր կարծիքով, այդպես ճիշտ էր, քանի որ թե իրենց, թե հարազատների, թե երեխաների համար Վարդգեսի կերպարը կմնա այնպես վառ, ինչպես որ եղել է, կար: «Ես կորցրել եմ երեխայիս եւ մեծ հոգս է մնացել ինձ. երեք մանկահասակ երեխաների հոգսը»,- ասում է ազատամարտիկ հայրը:
Մեր զրույցի ժամանակ որդեկորույս մայրը՝ տիկին Անահիտն ասաց, որ դեպքի օրը առավոտյան Վարդգեսի հետ հեռախոսով խոսել է: Տրամադրությունը լավ էր: Տիկին Անահիտն ասում է, որ տղան միշտ էլ գոհ է եղել, նա որեւէ խնդիր չի ունեցել իր ծառայության ընթացքում: Ավելին, երբեք խնդիրներ չի ստեղծել ու չի բարձրաձայնել այդ մասին: Ինչ վերաբերում էր դեպքի հետ կապված լուրերին, սպանված սպայի հայրն ասում է. «Դրանք իրարամերժ տեղեկություններ են: Նախաքննությունը կավարտվի՝ կիմանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի «սպանություն» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: