Շուրջ 1 ամիս է՝ լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են Ռուսաստանը Հայաստանին կապող «Հյուսիս-Հարավ» գազամուղի վաճառքին: Երեկ էլ թուրքական լրատվամիջոցներից մեկը՝ «Hurriyet»-ն էր գրել, որ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ըստ թուրքական պարբերականի, «Թբիլիսիում փորձագետներն ասում են, որ գազամուղի նոր սեփականատերը 99%-ով լինելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցած ամիս թեմայի առնչությամբ բանակցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Աահակաշվիլիի հետ: Գազամուղի ձեռքբերումն առեւտրային տեսանկյունից ամենեւին էլ շահեկան չէ, սակայն Ալիեւը վճռական է խողովակաշարն իր վերահսկողության տակ վերցնելու հարցում: Այդ կերպ Հայաստանի էներգետիկ փականը կանցնի Բաքվի ձեռքը»: Թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը տնտեսական ճգնաժամի պատճառով որոշեց սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանել ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» գազամուղը: Երեւանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ այդ գազամուղը չհայտնվի ադրբեջանցիների ձեռքում: Իսկ Վրաստանում էլ որոշ ուժեր հայտարարում են, որ եթե գազամուղը գնի «Գազպրոմը», ապա Վրաստանը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ:
Նշենք, որ Մոզդոկ-Թբիլիսի-Երեւան խողովակաշարին հավակնում են ադրբեջանական, ռուսական եւ ղազախական ընկերությունները: Թե այս պահի դրությամբ ինչ նորությունների է տիրապետում Հայաստանը գազատարի վաճառքի առնչությամբ, փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԱԳՆ-ից, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: ԱԳՆ-ն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Իսկ էներգետիկայի նախարարության լրատվական բաժնից փոխանցեցին, որ մի քանի շաբաթ առաջ նախարարը այս թեմայով խոսել է. «Որքան որ ես գիտեմ, վրացական կողմը դեռ վաճառքի չի հանել գազամուղը»:
Նշենք, որ երբ հաստատվի, թե գազատարի պաշտոնական գնորդն ով է, Վրաստանը պետք է պաշտոնապես հայտարարի այդ մասին, ինչը, ըստ գերատեսչությունների, առայժմ չի արվել: