Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

Օգոստոս 10,2010 00:00

Այս հանգստյան գոտին շատ մոտ է, սակայն գներով՝ շատերի համար անհասանելի

Դեռ մի քանի տարի առաջ Սեւանում հանգստանալը հասու էր միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, սակայն վերջին տարիներին այնտեղի հանգստյան տների մեկօրյա վարձն այնքան է թանկացել, որ գոնե 2 օր Սեւանում մնալու համար պետք է ծախսեն իրենց ամբողջ ամսվա աշխատավարձը։ Այն ընտանիքները, որոնք արդեն քանի տարի է՝ իրենց հանգիստը կազմակերպում են հարեւան Վրաստանում, եկել են այն համոզման, որ Սեւանում հարուստներն են հանգստանում։ Սեւանում 3 օր հանգստանալու համար ծախսած գումարը Քոբուլեթիում, Ուռեկիում կամ Բաթումում բավականացնում է 7-10 օրվա համար։ Այսպես, մեկօրյա հանգիստը, առանց գիշերակացի, Սեւանում անցկացնելու համար ամենաքիչն արժե 5 հազար դրամ։ Եվ դա միայն ափից օտվելու համար։ Այնտեղ հասնելու ճանապարհածախսն ու սնվելը ձեր գրպանից կխլի առնվազն 10 հազար դրամ։ Իսկ եթե որոշել եք գիշերել Սեւանի ափին տեղակայված հանգստյան տներում, ապա եւս 10-15 հազար դրամ կպահանջվի մեկ անձի համար։ Ժամանցն ավելի գեղեցկացնելու համար օգտվելով մոտորանավակից, նավակից կամ այլ նման ծառայություններից, պետք է նախապատրաստես եւս 15-30 հազար դրամ։
«Արեւիկ» լողափում միայն մեկ հանգստյան տուն է գործում, որի սենյակների օրվարձը 10-15 հազար դրամ է, առանց սննդի։ Սա, իհարկե, 2 տեղանոց սենյակների գինն է, ինչքան ավելանում է գիշերողների թիվը, այնքան ավելանում են նաեւ գները։ Հանգստյան տունն ավելի շատ հանրակացարան է հիշեցնում բավարար պայմաններով, սակայն այստեղ այցելուները բավական շատ են լինում, քանի որ լողափը լավն է։ «Արեւիկի» հանգստացողների ներկայացմամբ, եթե նախընտրում ես այս հանգստյան տունը, ափից եւ այնտեղ տեղադրված տաղավարներից օգտվելն անվճար է, սակայն եթե ցանկանում ես միայն ափից օգտվել, պետք է գոնե 5 հազար դրամ վճարես։ Այդպես էլ որեւէ մեկը չկարողացավ պատասխանել մեր այն հարցերին, թե այդ գումարներն ուր են գնում, արդյո՞ք հսկիչ կա եւ ինչո՞ւ այդ վճարումների դիմաց կտրոն չի տրվում հանգստացողներին։
«Էդեմ» լողափում էլ փոքրիկ հանգստյան տնակներ են։ Այստեղի մեկ քոթեջում գիշերելու համար էլ է պահանջվում 15-20 հազար դրամ։ Այստեղ լճում տեղադրված փոքրիկ փչովի նավակներից օգտվելը նույնպես գումար արժե։
Մեր թվարկած հանգստյան տներից ոչ մեկում սնունդը ներառված չէ պարտադիր ծառայությունների ցանկում։ Ընդհանրապես Սեւանի հանգստյան տներից գրեթե ոչ մեկում սնունդ չի մատակարարվում, միայն հատուկենտ հյուրանոցային համալիրներում, որտեղ մեկօրյա վարձը սկսում է 18-30 հազար դրամից՝ «Կապուտակ Սեւան», «3+2»։ Առանց սննդի հանգստյան տներում սնունդ պատվիրելու դեպքում 3500-5000 դրամ պետք է լրացուցիչ վճարել։
Աեւանի Շորժա գյուղի ափից օգտվելն, օրինակ, անվճար է, քանի որ այնտեղ քեֆ անողների համար անգամ սեղան-նստարան չկա, այդ պատճառով «ափ» նայողները ռիսկ չեն անում հանգստացողներից գումար գանձել։ Սեւանի այս ափին հանգստյան տների ու քոթեջների օրավարձերը մի փոքր ավելի էժան են՝ 10-12 հազար դրամ։ Այնտեղ նաեւ ջուրն է համեմատաբար մաքուր, քանի որ այցելուները քիչ են։ Բացի հանգստյան տներից, այս կողմի ափերում կան նաեւ վարձով տրվող տնակներ, որոնց գներն ավելի մատչելի են՝ օրական 4-5 հազար դրամ։ Սակայն այս ափի խանութներում նորմալ սնունդ չես գտնի, ոչ էլ շուկա կա։ Ջրամատակարարումն էլ իրականացվում է անկանոն։ Ուստի այս կողմերում հանգստանալու համար պետք է բեռնավորված ճանապարհ ընկնել։
Էկոնոմ հարմարություններով «Շանթ» հանգստյան տան քոթեջների գներն էլ են համեմատաբար ցածր՝ 4-5 հազար դրամ, կան նաեւ 25 հազար դրամանոց տնակներ, որտեղի պայմաններն ավելի հարմար են՝ սանհանգույց, լոգարան տաք ջրով, ինչպես նաեւ հեռուստացույց։ Այս ամենից պարզ է դառնում, որ Սեւանում մեկօրյա սովորական հանգիստը, որի մեջ մտնում են նվազագույն պահանջները՝ սնունդ ու հիգիենա, 1 հոգու գրպանից կխլի առնվազն 20 հազար դրամ։ Չհաշված՝ այնտեղ հասնելու ծախսը։ Երեւանի կենտրոնից տաքսիով Սեւան հասնելու համար առնվազն 5000 դրամ կպահանջվի, սեփական մեքենայով մի քանի հազարով պակաս, իսկ երթուղային տաքսիով՝ 1500 դրամ։ Գնացքի տոմսն էլ սկսում Է 500-ից մինչեւ 750 դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել