Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ՔԱՂԱՔԸ՝ ՄԵԾ ՀՈԳՍԵՐՈՎ

Օգոստոս 10,2010 00:00

\"\"Հայաստանի հարավային սահմանին գտնվող Մեղրու քաղաքապետը նախընտրում է խոսել առկա խնդիրներից, քան արդեն կատարված աշխատանքներից:

Հայաստանի հնագույն քաղաքներից է Մեղրին, որտեղ այսօր 5000-ից ավելի բնակիչ է ապրում: Արաքսի վտակ Մեղրի գետի աջ ափին փռված այս փոքր քաղաքը 400 կմ է հեռու մայրաքաղաք Երեւանից: Հանրապետության հեռավոր այս բնակավայրի հոգսերն ու խնդիրները բազմաթիվ են եւ հրատապ լուծման կարիք ունեն: Մեղրեցիների համար առաջնային է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի փոխանցմամբ, 5100 բնակչից աշխատանքով ապահովված է ընդամենր 890-ը: Քաղաքում 18-63 տարեկան 1800 աշխատանք փնտրող եւ 900 կենսաթոշակառու կա: «Աշխատատեղերի ստեղծման ռեալ խնդիր ունենք: Հարցն ավելի մտահոգիչ է դառնում, երբ մայրաքաղաքում ուսում ստացած եւ Մեղրի վերադարձած ուսանողների շատ չնչին տոկոսին հազիվ ենք կարողանում աշխատանքի տեղավորել: Դրանցից բխող հետեւանքները խիստ անցանկալի են»,- նշում է քաղաքապետը:
Հաջորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնեց պարոն Հայրապետյանը՝ գյուղատնտեսությանն է առնչվում: Հանրապետության շատ բնակավայրերի պես Մեղրին նույնպես վերջին տարիներին տուժում է բնության քմահաճույքներից, անբարենպաստ եղանակի պատճառով այս տարի մեղրեցին կզրկվի մի քանի մրգատեսակների բերքից: Հատկապես մեծ է գարնանային առատ տեղումների հասցրած վնասը, այդ ամիսներին ողողվեցին Մեղրի գետի ափամերձ այգիները, եղան բազմաթիվ փլուզումներ ու սողքեր: Քաղաքապետի խոսքով, ափապաշտպան միջոցառումների իրականացման խիստ անհրաժեշտություն կա, որը տեղական սուղ բյուջեի միջոցներով հնարավոր չէ անել՝ Մեղրու համայնքային բյուջեն ընդամենը 85 միլիոն դրամ է կազմում, որից 30 միլիոնը սեփական եկամուտներն են: Համայնքապետարանում նախկին տարիներից չվճարված աշխատավարձերից պարտքեր կան գոյացած, որոնց մի մասն է մարվել: Մնացած մասը, ըստ համայնքապետի, տեղական միջոցներով այս տարի մարել հնարավոր չէ: «Պետության կողմից տրվող դոտացիան ամբողջությամբ, ինչպես նաեւ սեփական եկամուտներից 5 միլիոն դրամ տրամադրել ենք ընթացիկ տարվա աշխատավարձի եւ նախկին տարիներից կուտակված աշխատավարձերի պարտքերի մարմանը: 2009 թվականին քաղաքապետարանի եւ ենթակա ձեռնարկությունների հաշվարկվող աշխատավարձը 1 ամսվա համար 2008 թվականի 7,5 միլիոն դրամից կրճատել-հասցրել ենք 5 միլիոն դրամի: Այդ խնայողության շնորհիվ հնարավոր դարձավ շարունակել համայնքային մանկապարտեզի գործունեությունը, որի ծախսերը մինչեւ 2008 թվականի հունիս հոգացել էր Մեղրու տարածաշրջանում գործող Ոսկու կորզման ֆաբրիկան: Համայնքի խնդիրների, ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ընթացիկ եւ քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար հնարավորություն ունենք օգտագործելու ընդամենը 25 միլիոն դրամ, որը չի բավականացնում լուծելու նույնիսկ անհրաժեշտ խնդիրները: Մեղրու քաղաքապետարանում ու ենթակա 6 հիմնարկ-ձեռնարկություններում ընդամենը 118 աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 31 հազար դրամ»,- ասաց Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
Մեղրին դեռ շատ խնդիրներ ունի: Բնակարանային շինարարություն այստեղ քսան տարուց ավելի չի իրականացվել, երկու հարյուր ընտանիք բնակարանով ապահովելու խնդիր ունի: Իսկ քաղաքի բազմաբնակարան շատ շենքերի տանիքներն ու մուտքերը վերանորոգման անհրաժեշտություն ունեն: Համայնքի միակ մշակույթի պալատի տանիքը վերակառուցման կարոտ է: Չի նորոգվում, արդյունքում՝ շինությունը վթարային կարգավիճակ է ձեռք բերել, ինչի հետեւանքով անհնարին է դառնում շենքում տեղակայված արվեստի մանկական դպրոցի, գրադարանային համակարգի եւ մշակույթի կենտրոնի գործունեությունը: Մեղրու քաղաքապետի համար մտահոգիչ է նաեւ քաղաքի մեծ ու փոքր թաղերը միացնող կամուրջը: Անմխիթար վիճակում է Մեղրու Փոքր թաղի գերեզմանատան ավտոճանապարհը: «Հայաստանի ամենահեռավոր ու արեւշատ այս բնակավայրում ապրող մեղրեցի երեխաների մեծ մասը զրկված է ամառային հանգիստը զով պայմաններում անցկացնելու հնարավորությունից: Տարիներ առաջ Մեղրիում ճամբարներ էին գործում, որտեղ երեխաները կազմակերպում էին ամառային հանգիստը, սակայն այսօր նրանք դրանից զրկված են»,- հավելում է Սերգեյ Հայրապետյանը:
Փոքր քաղաքի խնդիրները այսքանով չեն ավարտվում, դեռ շատ հոգսեր կան չբարձրաձայնված, որոնց լուծման համար նույնպես մեղրեցուն աջակցություն է անհրաժեշտ: Չնայած առկա խնդիրներին՝ Մեղրիում դրական զարգացումներ էլ կան: Սակայն քաղաքապետը չցանկացավ խոսել կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ դրա կարիքն այնքան էլ չկա, կարեւորը ներկայիս խնդիրները բարձրաձայնելն ու դրանց լուծման ուղիները գտնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել