Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը խելամիտ է՝ հաշվի առնելով առաջիկայում մեր տարածաշրջանում սպասվելիք մարտահրավերները:
– Պարոն Մելիքյան, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակահրթիռային C-300 համակարգերի վաճառքի առիթով անցած օրերի ընթացքում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հնչեցին ծայրահեղ եւ հակասական գնահատականներ: Փորձագետներից ոմանք Ռուսաստանի այդ քայլը գնահատեցին իբրեւ դավաճանություն, մինչդեռ իշխանական շրջանակները հայտարարեցին, թե մեզ համար էական տարբերություն չկա՝ ում է Ռուսաստանը զենք վաճառում՝ Ադրբեջանի՞ն, թե Հարավային Կորեային: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:
– Այդ երկու մոտեցումներն էլ ծայրահեղություններ են: Մենք չպետք է շահագրգռված կամ անտարբեր լինենք այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը զինվում է, եւ որ Ադրբեջանին զինում է Ռուսաստանը: Մենք պետք է մեր վերաբերմունքը չափավորենք՝ փաստի իրական վտանգներին համահունչ: Ըստ մասնագետների, խոսքը գնում է հակաօդային պաշտպանական զինատեսակի մասին: Բայց այսօր Հայաստանն այնպիսի օդուժ չունի, որ այդ զինատեսակը որոշիչ դեր ունենա, եթե հանկարծ պատերազմական գործողություներ սկսվեն ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Բացի այդ, դրանք հեռահար օգտագործման հրթիռներ են, իսկ մենք Ադրբեջանից այդքան հեռու չենք:
– Այդ դեպքում ինչո՞ւ է հենց այս պահին Ադրբեջանը 600 միլիոն դոլար վճարում գնելու համար մի զինատեսակ, որն, ըստ Ձեզ, չի օգտագործելու Հայաստանի դեմ:
– Գիտեք Ադրբեջանն իր գործողություններում միշտ չէ, որ առաջնորդվում է տրամաբանությամբ կամ փաստերի իրական վերլուծությամբ: Շատ բան արվում է զուտ քարոզչական նպատակներով: Սակայն հարցը պետք է դիտարկել տարբեր կողմերից. այսօր Ադրբեջանի տարածքով անցնում են նավթամուղեր, գազամուղ, եւ, Աստված գիտե, թե ո՞ր պետությունը երբ կարող է օդային հարձակում գործել Ադրբեջանի կոմունիկացիաների վրա: Եվ այս տեսանկյունից այդ հակահրթիռային համակարգերի առկայությունն Ադրբեջանում կարող է նաեւ ինչ- որ առումով մեզ համար անվտանգության պայմաններ ստեղծել, եթե մեր տարածաշրջանից դուրս գտնվող որեւէ պետություն ցանկանա օդային հարվածներ հասցնել:
– Այսինքն, Ձեր գնահատմամբ, այդ գործարքը ուղղված չէ՞ հատկապես մեր պետության անվտանգության եւ շահերի դեմ:
– Ես գտնում եմ, որ դա մեր շահերից չի բխում: Սակայն մենք պետք է կարողանանք իրական վտանգները ստույգ չափագրել:
Կարելի է ենթադրել, որ ռուսները, Ադրբեջանին նման զինատեսակ վաճառելով, նաեւ որոշակի բարոյական ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ Ղարաբաղի հարցում զիջումներին ավելի պատրաստակամ դարձնելու նպատակով: Թեեւ, որքան ես հասկանում եմ, ՀՀ իշխանությունները տարածքներ զիջելու հարցում առանց այդ էլ պատրաստակամ են, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարբաղի ինքնորոշումը: Եվ այն, որ ՀՀ իշխանությունները չեն փորձել դիմադրել, կանխարգելել այս գործարքը, ինձ համար ավելի մեծ վտանգ է, քան բուն գործարքի բովանդակությունն՝ իր հետեւանքներով հանդերձ:
– Սակայն այս հարցում զգալի դիմադրություն չնկատվեց նաեւ իշխանական շրջանակներից դուրս՝ ընդդիմադիր դաշտում: Ինչու՞:
– Ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ- ի, Ղարաբաղի հարցում նույնքան բարեհաճ է Մադրիդյան սկզբունքների հանդեպ, որքան իշխանությունը: Եվ այս դեպքում ՀԱԿ-ը չի ընդվզելու, որովհետեւ կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը ՀՀՇ համագումարում հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրի լուծման բանալիները Ռուսաստանի ձեռքում են: Այսինքն, Ռուսաստանի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն կամ արտահայտություն, ըստ էության, այլեւս ՀԱԿ-ի պաշտոնական քաղաքականության մեջ չէ:
– Պարոն Մելիքյան, որքանո՞վ եք կիսում այն տեսակետը, թե Ադրբեջանին հակահրթիռային համակարգերի վաճառքը պայմանավորված էր այդ երկիրն Իրանի հնարավոր հարձակումից ապահովագրելու անհրաժեշտությամբ:
– Դա ավելի շատ քարոզչություն է՝ միտված իրանական խնդրի բորբոքմանը, Իրան-Ադրբեջան հարբերությունների սրմանը եւ այլն: Դա գուցե կարող է ազդել շարքային մարդկանց վրա, սակայն մասնագետների համար այդօրինակ պնդումները չեն կարող լուրջ լինել: Քանզի եթե ԱՄՆ-ը ուզենա հարձակվել Իրանի վրա, դա կարող է անել Իրաքից կամ Աֆղանստանից, ինչպես նաեւ ծովից: Բացի այդ ԱՄՆ-ը գերադասում է հեռահար հարվածներ հասցնել:
– Տեսակետ կա, որ «ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» ՀՀ եւ ՌԴ միջեւ երկկողմ համաձայնագրում կատարվելիք փոփոխություններով Ռուսաստանը փորձում է հավասարակշռել իրավիճակը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը՝ կապված ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման հետ:
– Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ներկայությունն, ըստ էության, զսպող գործոն է Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի համար:
– Իսկ Հայաստանի համա՞ր:
– Հայաստանի համար դա կաշկանդող գործոն է: Ցանկացած երկրի տարածքում օտար պետության ռազմակայանի ներկայությունը որոշակիորեն ոտնահարում է տվալ պետության ինքնիշխանությունը, բայց մենք չենք կարող ասել, որ Ճապոնիան պակաս ինքնիշխան է այն պատճառով, որ այնտեղ ամերիկյան ռազմակայան կա: Այլ բան է, որ գործող իշխանությունը պետք է կարողանա ապահովել համապատասխան հավասարակշռություն՝ արտաքին մարտահրավերների դիմագրավման եւ մեր ինքնիշխանության ու ազատության պահպանման տեսանկյունից: Եվ դա պետք է արտահայտվի նաեւ Ռուսաստանի հետ կնքված երկկողմ ռազմական պայմանագրում:
– Ի դեպ, երկկողմ ռազմական համաձայնագրի փոփոխությունների հետ կապված մտահոգություններ կան, որ, մասնավորապես. «ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազան գտնվելու ընթացքում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը» պարբերությամբ Ռուսաստանին հնարավորություն է տրվում ցանկացած պահի «քիթը մտցնելու» Հայաստանի ներքին գործրի մեջ:
– Ռուսաստանն այն չափով իր «քիթը կմտցնի» Հայաստանի գործերի մեջ, որքանով Հայաստանը կհանդուրժի: Ռուսաստանը շատ հիմնավոր կերպով է հաստատված Հայաստանում՝ թե տնտեսական, թե ռազմական եւ թե այլ առումներով: Եվ այստեղ ռազմական գործոնը մեզ համար, թերեւս, ամենաօգտավետն է: Ընդ որում, մենք այն պետք է դիտարկենք ոչ միայն Ղարաբաղի հարցի տեսանկյունից: Պետք չէ մոռանալ, որ շուտով ԱՄՆ-ն իր զինված ուժերը դուրս է բերում Իրաքից: Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում կարող ենք սպասել բռնության եւ պատերազմի՝ քրդական խնդիր, Իրաքում շիա-սունի մահմեդականների հարաբերությունների սրում, Իրանում խժդժությունների ծագում եւ այլն: Այսինքն, առաջիկայում Հայաստանը շրջապատված է լինելու բավական երկարաժամկետ եւ լայն կոնֆլիկտային գոտով: Եվ այս տեսանկյունից, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների երկարաձգումը կարող է խելամիտ լինել: Վերջին հաշվով, եթե ռուսները չուզենան մեզ պաշտպանել, չեն պաշտպանի՝ անկախ բոլոր տեսակ պայմանագրերից: Եվ եթե մենք ուզենանք, որ ռուսական ռազմակայանները դադարեցնեն իրենց գործունեությունը մեր երկրում, մենք այդ որոշումը կկայացնենք եւ կիրագործենք: