Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՔԱՅԼ

Օգոստոս 10,2010 00:00

\"\"Բանակային զորամասերում տեղի ունեցածին պաշտպանության նախարարության արձագանքը գնահատում են փորձագետները:

Օգոստոսի 6-ին, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի արտահերթ նիստում քննարկվեցին հուլիսի 27-ին եւ 28-ին բանակային երկու տարբեր զորամասերում արձանագրված արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Նաեւ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված այդ նիստում պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ՝ զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբների, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր, ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: 14 սպաների հայտարարվեց խիստ նկատողություն, 6-ին՝ նկատողություն: 10 սպաներ նախազգուշացվեցին ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին: Ստորաբաժանումների 10 հրամանատարներ եւ ծառայությունների պետեր ազատվեցին զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվեցին ավելի ցածր պաշտոնների եւ այլն: Ընդսմին, հասարակությանը հայտնի չդարձավ նախարարի հրամանագրի «զոհ» դարձած սպաների ինքնությունը՝ անուն-ազգանունով, եւ պարզ չէր, թե նրանցից քանի՞սն էին հատկապես, որ առնչվում էին վերջին երկու ողբերգական միջադեպերին, եւ ովքե՞ր պարզապես քավության նոխազներ դարձան՝ այդ միջադեպերի իսկական մեղավորների փոխարեն:
Բանակի նախկին պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների մի ստվար հատված երեկ հրաժարվեց «Առավոտի» հարցադրմանն ի պատասխան մեկնաբանություններ անել բանակում տեղի ունեցած միջադեպերի ու նաեւ այն առնչությամբ, թե արդյոք նախարարի հրամանները համարժե՞ք արձագանք էին այդ միջադեպերին: Հատկապես նրանք, ովքեր երբեւէ ԶՈՒ-ում բարձր պաշտոններ էին զբաղեցրել, հավատարիմ էին՝ բանակի մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ կարգախոսին: Բանակում նախկինում բարձր պաշտոն զբաղեցրածներից միայն մեկը արձագանքեց մեր հարցադրմանը՝ հրաժարվելով անունով ներկայանալուց: Նա համոզմունք հայտնեց, թե ՊՆ-ում կոլեգիայի նիստը ցուցադրական էր, նախարարի հրամաններն էլ ամենեւին համարժեք չէին տեղի ունեցած միջադեպերին: Ըստ մեր զրուցակցի, դրանք ինչ-որ տեղ համարժեք կարելի էր համարել, եթե իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեին ոչ թե երկրորդ կամ երրորդ էշելոնի զինվորականներ, այլ՝ այն կորպուսների հրամանատարները, որոնց ենթակայության տակ են եղել ողբերգական միջադեպերի թատերաբեմ դարձած զորամասերը, եթե, մահվան դեպքերը կոծկելու փորձեր անելու եւ վարկածներ առաջ քաշելու փոխարեն, ՊՆ-ում դրանց առնչությամբ իրական հետաքննություն անցկացվի: «Առավոտի» հարցին ի պատասխան բանակային միջադեպերը մեկնաբանելուց հրաժարվեց նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ բանակի կազմավորման ակունքներում եղած գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը: Նա մեր միայն մեկ հարցին պատասխանեց՝ ասելով, թե ՊՆ-ում կոլեգիայի արտահերթ նիստ հրավիրելն ու նախարարի հրամաններն այդ միջադեպերին համարժեք պատասխան էին:
Կան նաեւ այլ կարծիքներ: Մասնավորապես ընդդիմության ներկայացուցչ, ՀՀ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե՝ չի կարող ասել, որ այդ միջոցառումները (նախարարի հրամանները) տեղին չէին կամ վատ էին, բայցեւ հավելեց, թե հարցը դրանով չի լուծվի. «Խնդրի լուծման իրական ճանապարհը բանակի կադրային խնդիրներով լրջագույնս զբաղվելն է՝ բանակը թեւածող տգիտությունից զերծ պահելը: Նախ՝ պետք է բանակում արմատախիլ անել գողականը, եւ դա պետք է անել հետեւողականորեն»: Գ. Եղիազարյանի ասելով, այն զինծառայողներն ու սպաները, որոնք պաշտոնանկ են արվել, նկատողություն ստացել, կամ որոնց կոչումներն իջեցվել են, բանակում այն օղակի ներկայացուցիչներն են, որոնց գլխին այդ ամենը պետք է ջարդվեր. «Իսկ ո՞վ էր խանգարում, որ նախարարը դրանով ամեն օր զբաղվեր, ի՞նչ է, նա չգիտի, թե ի՞նչ այլանդակ մթնոլորտ է տիրում բանակում»: Անդրադառնալով հակադարձումներին, թե՝ բանակում տեղի ունեցած երկու միջադեպերը չի կարելի ընդհանրացնել եւ դրանով ցեխ նետել ողջ բանակի վրա, Գ. Եղիազարյանն ասաց. «Երբ բանակը 1 կամ 10 տարեկան էր, գուցե, այդ ամենը հնարավոր էր բացատրել բանակի երիտասարդ լինելով: Բայց հիմա արդեն ոչ ոք բարոյական իրավունք չունի խոսելու դրա մասին: Ավելի քան երկար ժամանակ է անցել բանակում տիրող բարքերն արմատախիլ անելու համար: Դա հնարավոր էր անել, եթե մարդիկ իրենց տեղում լինեին եւ զբաղվեին բանակով: Կամ հրամանատարները պետք է զբաղվեն վարուցանքով, սեփական պլանտացիաներով եւ ստրկական աշխատանքի շահագործմամբ, կամ՝ բանակով եւ նրա առօրյա խնդիրներով՝ բանակի կառուցմամբ եւ ամրապնդմամբ: Դրանք համատեղել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է նախկինին, ապա այն ժամանակ պատերազմ էր, կային գրված եւ չգրված օրենքներ, հետպատերազմական շրջան է եղել, որը եւս ունեցել է իր գրված եւ չգրված օրենքները: Դրանից հետո 10 տարի ժամանակ կար, որպեսզի հետպատերազմական շրջանի ցանկացած այլանդակ դրսեւորում բանակում այլեւս չլիներ, բայց, ցավոք, դրանք կան եւ խորանում են»: Նա հայտարարեց, թե բանակն այսօր կրծքով «պաշտպանում» են մարդիկ, ովքեր ժամանակին պատասխանատու էին բանակի կադրային քաղաքականության համար. «Այ, եթե այդ մարդիկ ժամանակին զբաղվեին իրենց բուն գործով եւ իրենց տեղում լինեին, գուցե, բանակում այսպիսի այլասերվածություն չլիներ»: Գ. Եղիազարյանի համոզմամբ, բոլոր իմաստներով ճիշտ էր այդ միջադեպերի շուրջ աղմուկ բարձրացնելը. «Եթե հասարակությունը սրա մասին չիմանար, եթե մամուլը դրա մասին չգրեր՝ չէր լինի նաեւ նախարարի արձագանքը»:
«Առավոտը» զրուցեց նաեւ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: «Շատ եմ ցավում, որ պաշտպանության նախարարությունն այսպիսի միջոցառում ձեռնարկեց վերջին դեպքերի հետ կապված հասարակական աննախադեպ արձագանքի հետեւանքով: Դա հասարակության համար բավականին բաց էր եւ խիստ տոնայնություն ուներ: Ինչու եմ ասում՝ ցավոք, որովհետեւ, կարծում եմ, որ նման արձագանք պետք է լիներ դեռ 1997-ին, երբ առաջին անգամ նման հարցեր բարձրացվեցին: ՊՆ-ն այն ժամանակ պետք է նման միջոցառումներ ձեռնարկեր: Դրանից հետո բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, հարցեր են բարձրացվել, ասուլիսներ են եղել, զոհվածների ծնողներն են միջոցառումներ կազմակերպել, պահանջներ են առաջադրել, եւ տպավորությունը միշտ այնպիսին է եղել, եւ այդպես էլ կար, որ ՊՆ-ն այդ ամենն անարձագանք է թողել: Մի առիթով ես ասել էի, որ այդպիսի ամեն մի դեպքի առնչությամբ, նույնիսկ մի կողմ թողնելով դատավարական ընթացակարգերը, պետք է բավականին թափանցիկ քննություն ընթանա, որպեսզի հասարակությունը հավատա, վստահի, որ դեպքն, իսկապես, քննվում է: ՊՆ-ն ամեն մի այդպիսի դեպքի հետ կապված պետք է առնվազն ներողություն խնդրի զոհվածի ընտանիքից, պետք է պատժվեն ոչ միայն անմիջական հրամանատարները, այլեւ այդ զորամասերի հրամանատարները: Այդպիսի արձագանքը կունենար կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա: Արդյոք ՊՆ-ի օգոստոսի 6-ի արձագանքը հետագայի համար կանխարգելի՞չ կլինի: «Սա առաջին քայլն էր: Սա կլինի «ցուցադրակա՞ն», թե՞ հետեւողական քայլ՝ ցույց կտա շատ մոտ ապագան: Դա կախված է նրանից, թե առաջիկա ամիսների, տարվա ընթացքում, եթե, Աստված չանի, բանակում որեւէ զոհ, կամ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում որեւէ զինվորի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք լինի, ՊՆ-ն համապատասխան արձագանք կտա՞՝ առանց իրավապաշտպանների հայտարարության կամ հասարակության բողոքի, թե՞ ոչ: Եթե՝ այո, այդ դեպքում նոր կարելի է ասել, որ իսկապես բանակում հետեւողական աշխատանք է տարվում: Առայժմ սա կարելի է ընդունել, որպես կայացած փաստ, հուսալով, որ դա ցուցադրական չի լինի»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել