Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՔԻՉ ԳԺԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ Է»

Օգոստոս 10,2010 00:00

\"\"Պարույր Հայրիկյանն այդպիսի բան է համարում մեր հակառակորդին զենք մատակարարողին՝ որպես մեր ռազմավարական դաշնակից ընդունելը:

ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ երեւանյան այցի գրեթե նույն օրերին՝ օգոստոսի 18-21-ը, Թուրքիայի նախագահն էլ որոշել է այցելել Բաքու: Մեր զրուցակիցների կարծիքով՝ այս երկու այցերը իրար հետ կապ չեն կարող ունենալ:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ ոչ մի կապ չի տեսնում Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջան եւ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցերի միջեւ, բայց եւ ասաց, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում. «Չմոռանանք, որ Ռուսաստանը եւ Թուրքիան տարածաշրջանային հարցերում փորձում են ընդհանուր դիրքորոշում ձեւակերպել, եւ չի բացառվում, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր, պայմանականորեն ձեւակերպված ասեմ՝ գործընկերոջը, որոշակի մեսիջներ հասցեագրել այդ այցերի ընթացքում: Բնականաբար, թե Գյուլը Բաքվում եւ թե Մեդվեդեւը Երեւանում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց ես չեմ տեսնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է ռուս-թուրքական համաձայնությունների դաշտում: Իհարկե, խնդիրը ֆորմալ առումով լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց, գրեթե համոզված եմ, որ ավելի ակտիվ դիվանագիտական ջանքեր այս ուղղությամբ, նկատի ունեմ՝ հաջող դիվանագիտական ջանքերը, գործադրելու է ԱՄՆ-ը: Կարգավորման գործընթացում որոշակի պաուզան պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին Միացյալ Նահանգներն ունի այլ առաջնահերթություններ աշխարհի տարբեր մասերում»: Իսկ Ռուսաստանն աշխարհի այս մասում եւ այս պահին զբաղված է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական որոշ բաներ տրամադրելով, եւ շարքային քաղաքացիների ամենաառաջին արձագանքը ռուսական այս «առատաձեռնությանը» նույնն է՝ «երկուսին էլ «զինում են», լավ բան չարժե սպասել»: Իսկ քաղաքական գործիչները գրեթե վստահ են, որ ռազմական միջոցների այս բաժանումը ՌԴ-ի համար մեկ նպատակ ունի՝ ուզում է տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը: Ըստ Սուրեն Սուրենյանցի, ՌԴ-ն այդ ճանապարհին օգտագործում է բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները. «ՌԴ քաղաքական էլիտայում շատ իրատես մարդիկ են եւ հստակ հաշվել են, որ տարիներ անց այս տարածաշրջանը դուրս է գտնվելու իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունից եւ հիմա փորձում են լրացուցիչ միջոցներ գործադրել տարածաշրջանը իրենց ազդեցության տիրույթում պահելու համար: Այս փուլում կա կարճաժամկետ ծրագիր: Չեմ կարծում, թե դա երկար ժամանակի համար արդյունավետ կլինի, որովհետեւ, ի վերջո, ժամանակակից աշխարհում տարածաշրջանային վերահսկողությունը իրականացվում է ոչ թե ազդեցության գոտի հասկացությամբ, այլ՝ կրեատիվ գաղափարներով, ռեսուրսներով, քաղաքական եւ հումանիտար ազդեցությամբ: ՌԴ-ն այսօր այդ ռեսուրսները չունի»: Սուրեն Սուրենյանցը վստահ է, որ Դմիտրի Մեդվեդեւի այցը մեզ համար «շատ կարեւոր չէ», դա Ռուսաստանի համար է կարեւոր, որովհետեւ, ՌԴ-ն այս կարգի այցերի միջոցով փորձում է ամրագրել իր կարեւորությունը, նաեւ փորձում է ընթացիկ խնդիրներ լուծել. «Ես կարծում եմ այս այցի կարեւոր խնդիրներից մեկը լինելու է ռազմաբազաների ժամկետների երկարացման մասին համաձայնագիրը: Սա էլ այն լծակներից է, որով ՌԴ-ն փորձելու է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում: Իսկ մեր քաղաքական ուժերի խնդիրը համարում եմ՝ բոլոր միջոցներով ընդդիմանալ մեր անկախությանը հարվածող ռուսական հերթական այս նախաձեռնության իրականացմանը: Մեր հասարակությունը պիտի ապացուցի, որ մենք վաղուց անկախ երկիր ենք եւ չենք համակերպվելու Ռուսաստանի վասալի կարգավիճակին»:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւս դեմ է ռուսական ազդեցություններին. «Լինելով արեւմտյան արժեհամակարգի կողմնակից, անկեղծ ասած, որեւէ այլ բան չէի փնտրում մեր ազգի ապագայի համար, ՆԱՏՕ-ից բացի, դեռեւս այն տարիներից, երբ անկախությունը ընդհանրապես չէր նշմարվում: Այսօր այս հավաքական անվտանգության համակարգը չես հասկանում ո՞ւմ դեմ է, ո՞ւմ օգտին է, ինչի՞ համար է ստեղծված, ինքնանպատա՞կ է, թե իսկապես ինչ-որ բարձր նպատակներ է հետապնդում: Հայերս էլ, չնայած մեր արժեհամակարգով ձգտում ենք դեպի Եվրոպա, բայց ինչ-որ արհեստական բաներ էլ ենք փնտրում, որ պատմականորեն իրեն չի արդարացրել, սկսած Խաչատուր Աբովյանի «Ողբ հայրենասերի» (վեպի երկրորդ անունն է «Վերք Հայաստանի») վեպի ժամանակներից»: Ըստ պարոն Հայրիկյանի՝ բոլոր այն պետությունները, որոնք կարողացան պոկվել Ռուսաստանից, կարողացան առաջ գնալ եւ զարգանալ, իսկ ովքեր մնացին Ռուսաստանին կպած՝ դեռ խարխափում են: Պարոյր Հայրիկյանը որեւէ ընդհանուր բան չի տեսնում նրանում, որ Թուրքիայի նախագահը գրեթե նույն օրերին այցելելու է Ադրբեջան, իսկ ՌԴ նախագահը գալու է Հայաստան. «Ես երջանիկ-դժբախտներ եմ համարում նրանց, ովքեր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կոչում են ռազմավարական դաշնակցի հարաբերություններ, որովհետեւ իրեն մեզ հակառակորդ հայտարարած պետությանը զենք վաճառող, զենք մատակարարող պետությանը դաշնակից համարելը մի քիչ գժական պատկերացում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել