Լեհաստանում ընթացող մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում առաջին հաղթանակը տարավ մեր հանրապետության ներկայացուցիչ Անի Խանամիրյանը: Երրորդ տուրում հայ աղջնակը սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի կանանց միջազգային վարպետ Մարիա Բուտուկին եւ 1,5 միավորով մրցաշարային աղյուսակում 81 մասնակիցների մեջ բարձրացավ 34-րդ հորիզոնական: Երեկ՝ չորրորդ տուրում Անին սպիտակներով խաղում էր Դինարա Սադուակասովայի (Ղազախստան) հետ:
Ցավոք, երրորդ տուրն անհաջող ավարտվեց մեր տղաների համար: Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց հնդիկ միջազգային վարպետ Դաս Դեբիշիսին, Հրայր Սիմոնյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքսանդր Կասյանին (Ուզբեկստան) եւ միայն Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը բաժանեց միջազգային վարպետ Սունիլ Դհոպադ Սվոպնիլի (Հնդկաստան) հետ: Երեք տուրից հետո մեր գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հերթականությամբ:
35. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2,0 միավոր
68. Սամվել Տեր-Սահակյան՝ 1,5
95. Հրայր Սիմոնյան՝ 1,0
Հիշեցնենք, որ տղաների պայքարին մասնակցում է 122 շախմատիստ: